Պետբյուջեից 31 մլն դրամ հատկացրեցին, վերանորոգեցին, որ վարձակալության հանձնեն յուրային ընկերությանը
ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական կայքի աճուրդների բաժնում հրապարակված հայտարարության համաձայն` վարձակալության է տրամադրվում ք. Երևան, Բաղրամյան 19 հասցեում գտնվող ՀՀ Ազգային ժողովի շենքի 1-ին և տեխնիկական հարկերից 529.1 ք.մ մակերեսով տարածքը:
Խոսքը ՀՀ ԱԺ բուֆետ-ճաշարանիի մասին է, որի վերանորոգման համար վերջերս Կառավարության որոշմամբ՝ 31 մլն դրամ հատկացվեց պետական բյուջեից: Հարցն, ի դեպ, կրկին չզեկուցվող որոշումների թվում էր։
Դեկտեմբերին այդ բուֆետ-ճաշարանի բացումը ՔՊ-ական իշխանությունների համար այնքան կարևոր իրադարձություն էր, որ դրա բացման համար լուրջ նախապատրաստական աշխատանքներ էին արել` ֆուրշետի սեղանով, հարսանեկան ռիթմերով երաժշտությամբ, որ դրան մասնակցում էր անձամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ նրա ընկերը` ԱԺ աշխատակազմի ղեկավարի Վահան Նարիբեկյանն էլ` բարի ախորժակ էր մաղթում բոլորին և տեղեկացնում, որ բացման կապակվվությամբ հյուրասիրություն է` անվճար է:
Բուֆետում ծառայություններ է մատուցում «Բլիզարդ քեյթրինգ» ընկերությունը, որն, ի դեպ, ընտրվել է առանց մրցույթի։
Բուֆետի վարձակալության գումարը 1 ամսվա համար կազմում է շուրջ 4 միլիոն դրամ, որը, սակայն, բավական բարձր գին է հանրային սննդի սպասարկման ընկերությունների համար, հատկապես, երբ ԱԺ տարածքում դրանից օգտվողները ունեն սահմանափակ շրջանակ:
Հատկանշական է նաև, որ բուֆետի վերաբացումից հետո ամեն բան թանկացել է և վերջինիս ծառայություններից օգտվում են գրեթե միայն պատգամավորները:
Ի՞նչ է ստացվում. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունը 31 մլն դրամ հատկացրեց բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար, բարեկարգեցին, վերազինեցին` ապահովելով ժամանակակից պրոֆեսիոնալ կենցաղային և հասարակական սննդի սարքավորումներով, օդափոխման համակարգով, սրահի համար նախատեսված կահույքով և սպասքով, որպեսզի… վարձակալության տան: Ընդ որում, ինչպես միշտ, գնումն իրականացրել են մեկ անձից՝ «ստեղծված իրավիճակում գնման անհետաձգելի պահանջի և գնման այլ ձևերի կիրառման ժամկետի անհնարինությամբ»` զավեշտալի հիմնավորմամբ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին էլ Ազգային ժողովը պետական միջոցների հաշվին խորհրդարանի ճաշարանի համար 5 միլիոն 15 հազար դրամ արժողությամբ պայմանագրով «Վալենսիա ՀՁ» ՍՊԸ-ից ձեռք էր բերել սառնարաններ: Դարձյալ նույն օրը, նույն ընկերության հետ 8 միլիոն 510 հազար դրամ գնահատված մեկ այլ պայմանագրով՝ ստացել էր սննդի համար էլեկտրական կենցաղային տեխնիկա, այդ թվում՝ սալօջախներ, սթեյքի սարք, վառարան, սպասք լվացող մեքենա, մսաղաց, բանջարեղեն կտրող սարք:
Ազգային ժողովը Ճաշարաններում օգտագործվող սարքեր էր. ձեռք բերել նաև «Եվրոշին» ՍՊԸ-ից. պայմանագրի գինը՝ 4 միլիոն 474 հազար դրամ:
Բուֆետի օդափոխման սարքերի տեղադրման աշխատանքների համար կնքված պայմանագրի գինը մեր պետության վրա արժեցել էր 5 միլիոն 370 հազար դրամ. պայմանագիրն Ազգային ժողովը կնքել էր «Եվրովենտ» ՍՊԸ-ի հետ:
Իսկ նոյեմբերի 3-ին էլ, Ազգային ժողովը Ա/Ձ Մանուկ Գալստյանի հետ պայմանագիր էր կնքել՝ 5 միլիոն դրամ գումարով ձեռք բերելով ԱԺ ճաշարանի ճաշասեղաններ (աթոռներ): Բոլոր պայմանագրերը դարձյալ կնքվել էին ոչ մրցակցային՝ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով:
Վերադառնալով նոր բուֆետ-ճաշարանի տարածքի վարձակալությանը, մնում է հասկանալ, թե արդյո՞ք մեկ անձից արված գնման պարագայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ԱԺ-ն ուզել և ստացել է գնառաջարկ համանման ծառայությություններ մատուցող նվազագույնը երեք ընկերություններից և արդյո՞ք վարձակալության պայմանագիրը կնքվել է ամենացածր գնառաջարկ ներկայացված կազմակերպության հետ: