Արցախը՝ անհատական պատվի ու ինստիտուցիոնալ անպատվության ճիրաններում
Ժամանակակից հաջողակ պետություններն ու հասարակությունները զգալիորեն հիմնված են կայացած ինստիտուտների վրա, որոնցում անհատների դերը, թեև կարևոր, բայց որոշիչ չէ։ Տասնյակ տեսություններ ու հարյուրավոր աշխատություններ կան, որոնք ապացուցում են ինստիտուտների արդյունավետության ու պետության որակի միջև ուղիղ կախվածությունը։ Բայց կան նաև արժանահավատ վկայություններ, որ ինստիտուցիոնալ կայացածությունը՝ որպես հաջողության գրավական, գործում է հարաբերականորեն ստանդարտ, համեմատաբար հանգիստ պայմաններում։ Այլ է պատկերը ֆորսմաժորների, ճգնաժամային իրավիճակների պարագայում, երբ համակարգերի ու ինստիտուտների ողջ կարևորությամբ հանդերձ, անհատի, անհատների անձնական որակներն ու դերը կարող են վճռորոշ, նաև բեկումնային լինել։
Հենց այդպիսի իրավիճակ է ներկայումս Արցախում, որն ապրելով շրջափակման արդեն 47-րդ օրը՝ միևնույն ժամանակ ցույց է տալիս բացառիկ կամք, պայքարելու վճռականություն ու հաստատակամություն։ Իհարկե, այդ որակներն առավելապես Արցախի բնակիչների արժանիքներին պետք է դասել։ Այդուհանդերձ, քաղաքացիական հատկությունների այսպիսի հավաքական դրսևորումը տվյալ իրավիճակում մեծապես պայմանավորված է նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի անձով, նրա անհատական որակներով, հեղինակությամբ և կապերով։
Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուբեն Վարդանյանն այնքան հարցազրույցներ ու մեկնաբանություններ է տվել միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներին, որքան Արցախի բոլոր պաշտոնյաները միասին վերցրած հնարավորություն չեն ունեցել գուցե մեկ կամ երկու տասնամյակների ընթացքում։
Հասկանալի է, որ դա զգալիորեն նաև Ռուբեն Վարդանյանի անձով պայմանավորված հետաքրքրություն է միջազգային լրատվամիջոցների կողմից։ Բայց խնդիրը միայն հեղինակավոր օտարերկրյա մամուլի էջերում ու եթերներում երևալը չէ։ Շատ ավելի կարևոր են այն ուղերձները, որոնք Ռուբեն Վարդանյանը հղում է աշխարհին, բայց նաև Հայաստանին։ Ընդ որում, պակաս կարևոր չէ նաև ուղերձների պարզությունը, էվրիստիկան, որով Ռուբեն Վարդանյանը ներկայացնում է Արցախի ու արցախահայերի խնդիրը։ Իսկ դա հանգում է պարզ, մարդկային, բայց իր պարզությամբ ու մարդկայնությամբ՝ առանցքային կարևորության խնդրի՝ Արցախը չի պատրաստվում հանձնվել, Արցախը պայքարում և պայքարելու է, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Վստահաբար այս ուղերձները Վարդանյանը կարող էր փոխանցել նաև ամենաբարդ ձևակերպումներով, քչերին հասկանալի բանաձևերով ու հղումներով։ Բայց նա խոսում է պարզ, խոսում է ուղիղ ու խոսում է վճռական։ Որքան էլ այսօրվա աշխարհը դեգրադացված ու անարժեք, այդուհանդերձ, շատ ավելի է արժևորելու Ռուբեն Վարդանյանի ու, ի դեմս նրա՝ Արցախի այս կեցվածքը, քան նվնվոցը, միջազգային հանրությանն ուղղված մեղադրանքներն ու հանդիմանությունը, օգնություն մուրալու փորձերը, որոնք այդքան շատ են Հայաստանի պաշտոնյաների բառապաշարում ու հայտարարություններում։
Ավանդական ժողովուրդներից մեկի իմաստնությունն ասում է՝ ի տարբերություն անհատների, ինստիտուտները պատվի զգացում չունեն, և եթե պետք է ընտրություն կատարել անհատի ու քաղծառայողի խոստման միջև, առանց երկմտելու ընտրիր անհատինը։ Այս հակադրությունը շատ պարզորոշ կերպով երևում է Արցախի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի ու Արցախի դիրքորոշումների համեմատության մեջ։
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ինստիտուցիոնալ կամ ինստիտուցիոնալացված անպատվությունը, Ռուբեն Վարդանյանը հանդես է գալիս անհատական պատիվ ու արժանապատվություն կրողի դիրքերից։
Նաև այդ պատճառով է Իլհամ Ալիևն այդքան հաճույքով հանդիպում Նիկոլ Փաշինյանին ու մերժում Ռուբեն Վարդանյանի հետ ցանկացած երկխոսություն։
Հարություն Ավետիսյան