Քրիստոսի խաչելությունն էլ էր «դեմոկրատիայի» վառ դրսևորում, հիմա էլ երկիրն են խաչում «դեմոկրատիկ» ճանապարհով. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Արցախի շրջափակման և Հայաստանին սպառնացող վտանգների, մարտահրավերների մասին Սաթիկ Սեյրանյանը զրուցել է Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ:
Զրույցի ընթացքում նա, մասնավորապես, նշել է.
- Ադրբեջանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներն օգտագործելու է Արցախի բնակչության համար անտանելի վիճակ ստեղծելու համար, բայց ինձ հետաքրքիր չէ, թե ինչ է անում Ադրբեջանը, ինձ հետաքրքիր է՝ ինչ է անում Հայաստանի իշխանությունը. ոչինչ, և սա կասկածի տեղիք է տալիս, որ այս ամենն Ադրբեջանի և ՀՀ իշխանությունների կողմից պայմանավորված գործընթաց է:
- Ինձ համար հասկանալի չէ, թե ինչպես են ցուցարարները կարողանում փակ պահել ճանապարհը: Ապշած եմ, ինչպե՞ս կարող են ցուցարարները 12 օր շարունակ փակ պահել ճանապարհը: Ինչո՞ւ է ճանապարհը փակ միայն հայ բնակչության համար, իսկ ադրբեջանցիների համար այն բաց է:
- Արցախի բնակիչները ՀՀ քաղաքացիներ են, բայց զրկված են Հայաստանի հետ հաղորդակցվելու հնարավորությունից, իշխանություններն անելիք չունե՞ն:
- Սա իշխանությունների հերթական ճամարտակությունն է, որ հետո արդարանալու բան ունենան, թե ինչու Զանգեզուրում կամ այլ տեղ միջանցք տվեցին, որ ասեն՝ փրկեցին ժողովրդին շրջափակումից:
- Այս վիճակը հնարավոր էր տեսնել դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ին: Մեր իշխանություններն ալտերնատիվ ճանապարհն էլ փակեցին ու թողեցին մի բարակ լար:
- Զիջողական, նվաստանալու, ստորանալու գնով խաղաղությունը թվացյալ է լինելու:
- Թուրքի և ադրբեջանցու սողացող ագրեսիան Հայաստանի նկատմամբ շարունակվելու է: Թիզ առ թիզ, ոչխար առ ոչխար վերցնելու են, փոխելու են նաև Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը, և 100 տարի հետո կդառնա երրորդ թուրքական պետությունը՝ հայերին փոքրամասնություն դարձնելու հաշվին. կմնա անունը՝ առանց բովանդակության:
- Հայաստան-սփյուռք գագաթնաժողովի մասնակիցներից, այդ թվում՝ նաև հոգևորականներից, ոչ մեկին չէինք ճանաչում, բացի Կարո Փայլանից:
- Իշխանություններն իրենց համակիրներին հավաքել էին, անունը դրել Հայաստան-սփյուռք գագաթնաժողով, դուք այնտեղ գագաթ տեսա՞ք…
- Եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում, Եկեղեցին որևէ կուսակցության չի սատարում, առավելևս՝ երեկ չէ առաջին օրը ստեղծված կուսակցության, Եկեղեցին իշխանության չի ձգտում:
- Եկեղեցին հայրենիքի, ազգի փրկության հարցում չի կարող դիտորդի դերում լինել, եթե սա է քաղաքականությամբ զբաղվելը, ապա այո՛, զբաղվում ենք:
- Այս ապազգային իշխանություններին սպառնում է լիակատար ձախողում, կամ հասարակությանը կդարձնեն իրենց նման, դա նրանց ցանկությունն է, որ հասարակությունը մտնի իրենց ապազգային նավի մեջ:
- Մեր ժողովուրդը ականջալուր չի լինում եկեղեցու խոսքին ու քարոզին:
- Մեր ժողովուրդը սպրինտեր է, երկարաժամկետ մարաթոնի ունակ չէ, էս ժողովուրդը հոգնել է:
- Ղարաբաղի հարցը երկար մարաթոն է, դրան պետք է դիմանալ, էս իշխանությունը եկավ և ասաց՝ դադարեցնում ենք մարաթոնը:
- Թուրքերը, ադրբեջանցիները հարատևում են իրենց մարաթոնի մեջ, չեն հոգնում, իսկ մենք հոգնում ենք…
- Միակ անելիքն այս իշխանություններին հեռացնելն է, հեռացնողները ժողովուրդը կամ ուժայինները պետք է լինեն, եթե չկա, ի՞նչ պետք է անենք…
- Հայ ժողովրդին սպառնում է նույն ճակատագիրը, ինչ ասորիներին, ղպտիներին՝ լինել փոքրամասնություն սեփական երկրում, և այս իշխանությունները կամ չեն հասկանում, կամ հասկանալով են գնում դրան:
- Մոտենում ենք սպիտակ ու կամավոր ցեղասպանության եզրագծին, որը շատ հեռու չէ:
- Մենք երբեք չենք ունեցել մեր սեփական խաղը, ժողովուրդը և իշխանությունները միշտ սպասել են, որ ուրիշը պետք է իրենց փոխարեն հարցերը լուծի:
- Մենք Հայոց ցեղասպանությունը հաղթաթուղթ չկարողացանք դարձնել: Մենք 100 տարի լացում էինք ու ոչինչ չէինք պահանջում, ոչ մի թիզ հող չստացանք, միայն ճանաչման մասին թուղթ: Սա խոսում է մեր իշխանությունների և կուսակցությունների խայտառակության մասին:
- Մենք ինքնախաբեությամբ ենք զբաղվում. ինչքա՞ն կարելի է հույսը դնել թղթերի վրա:
- Էս իշխանությունը չի ուզում էս իրավիճակից դուրս գալ, միայն փոքրամասնությունն է ուզում:
- Հայաստանում օխլոկրատիա է, դեմոկրատիա չէ:
- Քրիստոսի խաչելությունն էլ «դեմոկրատիայի» վառ դրսևորում էր, հիմա էլ երկիրն են խաչում «դեմոկրատիկ» ճանապարհով:
- Եթե մինչև հիմա Վասակ Սյունի են արդարացնում, Նիկոլ Փաշինյանն ո՞վ է, որ չարդարացնեն:
- Մեզ պետք է ազգային գաղափարախոսություն, նպատակ և իղձ:
- Էս իշխանությունը գնում է Արցախից հայությանը բռնագաղթելու ճանապարհով, ժողովուրդն էլ չի ընդվզում:
- Եթե ժողովրդավարական ձևով ենք ուզում առաջնորդ ընտրել, ժողովուրդը պետք է ընտրի, չի բացառվում, որ վերստին սխալվի՝ ժողովուրդն ընտրեց Լևոնին՝ սխալվեց, ժողովուրդն ընտրեց սրան՝ էլի սխալվեց: