Իրավիճակով պայմանավորված՝ Արցախում մի շարք լայն սպառման ապրանքատեսակների մշտադիտարկումներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով. ոլորտի պատասխանատու
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը իր գործառույթներ ի շրջանակներում ամենշաբաթյա կտրվածքով իրականացնում է մի շարք լայն սպառման ապրանքատեսակների գների մշտադիտարկումներ, և ներկայումս՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հանձնաժողովի կողմից այդ դիտարկումները իրականացվում են ամենօրյա ռեժիմով:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանը՝ հավելելով, որ իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով:
«Առևտրային օբյեկտներում ապրանքների իրացման գնի յուրաքանչյուր փոփոխություն գտնվում է Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում և համապատասխան քայլեր կձեռնարկվեն փոփոխությունների դեպքում պատճառները պարզելու նպատակով:
Հանձնաժողովի կողմից իրականացվող դիտարկումների արդյունքներով՝ ներկայում Ստեփանակերտում գնաճ չի արձանագրվել, նկատելի է տնտեսավարող սուբյեկտների բարձր պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի պարագայում: Շուկայում այժմ խնդիրը ոչ թե գնաճն է, այլ սպառողների վարքագիծը»,-հավելեց մեր զրուցակիցը՝ մանրամասնելով, որ դեկտեմբերի 13-ի դրությամբ իրականացված դիտարկումների արդյունքում հիմնական ապրանքների դեֆիցիտ չի նկատվել, սակայն առկա է որոշակի ներմուծվող ապրանքների դեֆիցիտ, որոնց ներմուծումը հաճախակի է իրականացվում, օրինակ՝ կաթնամթերք, ինչը պայմանավորված է հայտնի պատճառներով:
«Այսօրվա՝ դեկտեմբերի 14-ի տեղեկություններով նկատվում է, որ հանրության վարքագծի արդյունքում նկատելի է որոշ առևտրային օբյեկտներում մի շարք ապրանքատեսակների պակաս, որը պայմանավորված է ներմուծմամբ»,-ասաց Հրաչ Ավթանդիլյանը:
Նշենք, որ Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից դեկտեմբերի 13-ին Ստեփանակերտում գործող 17 առևտրային օբյեկտներում 55 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում էլ, նախորդ դիտանցման (12.12.2022թ.) համեմատ, արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 4 գնաճ և 7 գնանկում:
Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնանկում արձանագրվել է բենզին «ռեգուլյար» 1 լիտրը՝ 10 դրամ (2,2 տոկոս) և դիզվառելիք 1 լիտրը՝ 10 դրամ (2,0%) ապրանքային շուկաներում:
Դեկտեմբերի 14-ին էլ Ստեփանակերտի 17 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 5 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 1 գնաճ և 4 գնանկում:
Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է ադամաթուզ 1 կգ՝ 50 դրամ (7,1%) ապրանքատեսակի համար:
Միջին գնանկում արձանագրվել է ձեթի «Զոլոտայա սեմեչկա» 1 լիտրը՝ 17 դրամ ( 1,5 տոկոս), սուրճ «Ռոյալ Արմենիա» 100գր՝ 5 դրամ (1 %), ծխախոտի՝ 1 տուփ՝ 8 դրամ (1,0%) և թեյի 100գր՝ 6 դրամ (0,6%) որոշ ապրանքատեսակների համար:
Հանձնաժողովի ծանուցմամբ՝ իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով: