Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակումը առողջապահական լուրջ վտանգ է ստեղծել Արցախի համար. ՀՀ առողջապահության փոխնախարար

Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակը լուրջ առողջապահական և հումանիտար վտանգի առջև է կանգնեցրել Արցախի Հանրապետությանը: Դեկտեմբերի 14-ի դրությամբ Արցախում կա 5 ծանր հիվանդ, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ հավելելով, որ մշտական կապի մեջ են Արցախի գործընկերների հետ անհրաժեշտ բուժօգնության և տեղափոխման հարցերի վերաբերյալ:

«Ինչպես նաև իրականացնում ենք գյուղերին համապատասխան դեղորայքով ապահովելու գործընթացը: Տեղեկացնեմ նաև, որ Առողջապահության նախարարությունը նաև դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) և ներկայացրել է իրավիճակը: Մենք այս քայլը բնութագրում ենք որպես առողջության իրավունքի խախտում, քանի որ մարդիկ չեն կարողանում իրենց առողջապահական իրավունքը իրացնել ստեղծված իրավիճակի հետևանքով:

Նախարարի տեղակալը լիահույս է, որ ԱՀԿ-ն կարձագանքի և որոշակի քայլեր կձեռնարկի:

Տեսանյութեր

Լրահոս