Արարատ Միրզոյանը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահին ներկայացրել է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, Ժնևի ՄԱԿ գրասենյակում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասին։

Այս մասին հայտնում են ԱԳ լրատվական ծառայությունից: Արարատ Միրզոյանը կարևորել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) նախագահի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Չորրորդ գլոբալ ֆորումին մասնակցությունը՝ բարձր գնահատելով վերջինիս ներդրումը մարդու իրավունքերի պաշտպանության գործում:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես ցեղասպանության արհավիրքը վերապրած ժողովուրդ ներկայացնող պետություն, ամենաակտիվ կերպով ներգրավված է ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են վերջին երեք տարիներին Հայաստանի՝ ՄԻԽ-ում ծավալած գործունեությանը, ինչպես նաև գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա սերտ համագործակցությունը, այդ թվում նաև մարդու իրավունքների ոլորտում։

Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի բնականոն գործունեության խափանմանն ուղղված քայլերի արդյունքում ստեղծված իրավիճակը և դրանից բխող վտանգները:

Նախարար Միրզոյանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանն ուղղված մոտեցումները տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը խաթարող հիմնական գործոններն են:

Տեսանյութեր

Լրահոս