Եվրոկոմիսարներից մեկը ուղղակի ասել է, որ իրենց շուկան հագեցած է և այլ շուկաների ապրանքներ դժվար իրացնեն. Վազգեն Սաֆարյան
Հայ արտադրողները շարունակում են կրել ռուսական շուկա դուրս գալու սահմանափակումների բացասական հետևանքները։
Վերջին 3 ամիսների ընթացքում ծաղիկ, պտուղ-բանջարեղեն, ձկնամթերք արտադրողներն ահազանգել են, որ միլիոնների վնասներ են կրում, վարկերի ու պարտքերի տակ են մնացել, քանի որ Ռուսաստանը սահմանափակել է հայկական ապրանքների մուտքն իր շուկա, որի հետևանքով էլ հայկական ապրանքները մնում են տեղում, չեն վաճառվում ու այլ շուկաներ դուրս չեն գալիս, կամ աննշան քանակությամբ եվրոպական մի քանի երկիր։
Դեռևս ընտրություններից առաջ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «որևէ խնդիր չկա, ընտրություններից հետո Մոսկվա կգնա ու հարցերը կլուծի»։ Իհարկե, ընտրություններից հետո Մոսկվա գնաց, սակայն խնդիրը չլուծվեց, դրանից հետո Ռուսաստանը սահմանափակեց նաև հայկական կաթնամթերքի ներմուծումը ռուսական շուկա։
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի խոսքով՝ ակնհայտ է, որ հայ արտադրողն այսօր կանգնել է բարդ խնդրի առաջ։
«Պետք է գոնե այս իրավիճակում փորձեն այլընտրանքային շուկաներ փնտրել, բայց մեր նախկին շուկաները եղել են արդեն տարիներով ձևավորված, և արտահանողները խնդիրներ չեն ունեցել։ Նրանք նախկին կապերով կարողացել են իրենց ապրանքն իրացնել։ Դրա համար ստեղծված իրավիճակը նոր մոտեցումներ է պահանջում, որ նոր շուկա փնտրեն։ Այդքան հեշտ չի լինելու եվրոպական շուկայում մեր ապրանքի, որը նրանց կողմից չի ճանաչվում՝ հեշտությամբ իրացումը։ Այս ամենի համար երկար ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ճանաչվի, գնահատվի, հաշվի առնեն որակական հատկանիշները, և այլն։
Մենք տարեկան 2,5 մլրդ դոլարի գյուղմթերք ենք իրացրել ռուսական շուկայում, հիմա այս սահմանափակումները, բնականաբար, լուրջ դժվարությունների առաջ են կանգնեցրել մեր արտադրողին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սաֆարյանը։
Ըստ մեր զրուցակցի, եթե պետությունն ուզում է այլընտրանքային շուկաներ փնտրել ու գտնել, պետք է առաջին հերթին մեծ ուշադրություն դարձնի իր ապրանքների որակի վրա, այդ թվում՝ տարաներին, փաթեթավորմանը, որովհետև եվրոպական շուկայում շատ մեծ ուշադրություն են դարձնում այդ ամենի վրա, թե ինչպես է փաթեթավորված, ինչ տարայով է առաքվել այլ երկրից, և այլն։
«Չեմ բացառում, որ ռուսական շուկայում որոշ ժամանակ անցնելուց հետո հայկական ապրանքներ գնան։ Ինչքանով ես եմ տեղեկացված, «Ռոսսելխոզնադզորը» եկել ու որոշ հիմնարկներում ստուգումներ է իրականացրել, բավականին դրական գնահատականներ եղել են։ Տեսնենք, թե դեպքերն ինչպես կզարգանան՝ և՛ քաղաքական ղեկավարությունը պետք է կարողանա հարթել այս խնդիրները, որոնք առաջացել են, և՛ ֆիտոսանիտարական ու որակական հատկանիշներն ու հատկությունները պետք է համապատասխանեցնեն ստանդարտներին։
Գուցե այս խնդիրները նախկինում էլ են ունեցել մեր ապրանքները, բայց դրանց վրա ռուսական կողմում աչք են փակել կամ դրանք չեն արժևորել, և առևտրաշրջանառությունը տեղի է ունեցել։ Հիմա ՌԴ-ն հստակ ասում է՝ «եթե գնում եք ԵՄ, ձեր խնդիրներն այսպիսին են», Ռուսաստանն ասում է՝ կամ այստեղ, կամ այնտեղ։ Հիմա մեր Կառավարությունը պետք է կարողանա գտնել այն ճանապարհը, որը տանում է դեպի մեր տնտեսության շահը։ Քաղաքականությունը՝ քաղականություն, բայց այս դեպքում մենք ավելի շատ պետք է ելնենք մեր տնտեսական խնդիրներից»,- հավելեց Վազգեն Սաֆարյանը։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի տնտեսությունը պետք է թելադրի երկրի արտաքին քաղաքական ուղղվածությունը։ Եթե պետք է գնան Եվրոպա և հայտնի չլինի, թե ինչ ապրանք, ինչ քանակությամբ կարող են այնտեղ իրացնել՝ ճիշտ որոշում չի լինելու։
Հիշեցնելով Վրաստանի վարչապետի հայտարարությունը՝ ուղղված Միացյալ Նահանգներին, Վազգեն Սաֆարյանն ասաց, որ Վրաստանի վարչապետն ասել է, որ իր առևտրային գործընկերների տեղը լավ գիտի, նրանք էլ Վրաստանի տեղը լավ գիտեն, իսկ Միացյալ Նահանգներն իրենց տեղը չգիտեն։
«Առանց հայկական ապրանքների էլ՝ եվրոպական շուկան ինքնաբավ է, Հունաստանը, Իսպանիան և այլ երկրներ իրենց գյումթերքով ողողել էին եվրոպական շուկան։ Այսօր Եվրոպան էլ խնդիր ունի պաշտպանելու իր շուկան, չէ՞ որ նրանք առաջին հերթին իրենց շուկան պետք է պաշտպանեն, այնուհետև այլ երկրների ապրանքներն իրացնեն։
Դժվար է ասել, որ գրկաբաց կարող են ընդունել մեզ, որովհետև իրենց արտադրողների շահերն են առաջին հերթին իրացնում։ Եվրոկոմիսարներից մեկը, ով առևտրով է զբաղվում, ուղղակի ասել է, որ իրենց շուկան հագեցած է և այլ շուկաների ապրանքներ դժվար իրացնեն»,- ընդգծեց Վազգեն Սաֆարյանը։

