Բաժիններ՝

«Մամ, կարող է ես չգամ, երազներում ինձ կտեսնես․․․»․ հատված Ներքին Հանդում զոհված 19-ամյա Լավրենտիի նոթատետրի գրառումից

«Երկու տղա ունենք, երկուսն էլ կռվի մասնակից եղան, ցավոք, Լավրենտիս զոհվեց․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց սեպտեմբերի 13-ին Սյունիքի դիրքերը պաշտպանելիս զոհված 19-ամյա Լավրենտի Հակոբի Եպիսկոպոսյանի մայրը՝ Անուշ Մանուկյանը։

Լավրենտի Եպիսկոպոսյանը Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղից էր, պապիկի պատվին էին նրան այդպես անվանակոչել։ Նա ընտանիքի կրտսերն էր, իրենից մեծ 1 եղբայր ունի՝ Արթուրը, որը ծառայել է Արցախում՝ Հադրութում, մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, վիրավորվել, բայց հրաշքով փրկվել է։ Ավագ եղբոր զորացրվելուց շուրջ 8 ամիս անց՝ 2021 թվականի հունիսի 30-ին, Լավրենտին էր մեկնել ծառայության։

«Արդեն 1 տարի 3 ամսվա ծառայող էր։ Սկզբում Էջմիածնի ուսումնական զորամասում է ծառայել, 4 ամսվա ծառայող էր, հիվանդացավ ու մոտ մեկ ամիս հոսպիտալում մնաց։ Դուրս գրվելուց հետո տեղափոխվեց Կապանի զորամաս։

Կարդացեք նաև

Երբ մեծ տղաս՝ Արթուրը, պատերազմի դաշտում կռվում էր, Լավրենտիս շատ անհանգիստ էր։ Անհանգստանում էր ոչ միայն եղբոր, այլև մեզ համար, դե, տեսնում էր, թե ինչ ապրումների մեջ ենք։ Այս դեպքից հետո ընկերներն ասում են՝ տպավորություն էր, որ Լավրենտին զգում էր, որ իր հետ մի բան լինելու է։ Պատմում են, որ Լավրենտիս միշտ ասել է՝ բա, որ հանկարծ ինձ մի բան լինի, տեսել եմ, թե մեծ եղբորս ժամանակ ընտանիքս ինչ ապրումներ է ունեցել, չեմ ուզի, որ դա նորից կրկնվի։ Կապանում էր, որ ծառայության 6 ամիսը լրացավ, արձակուրդ եկավ։ Բանակային կյանքի մասին միայն լավն էր պատմում, շատ էր սիրում ծառայությունը, շատ լավ էր իրեն զգում։ Նույնիսկ ստեղծագործել է, բանաստեղծություններ է գրել, որ արձակուրդ էր եկել, մնացել է այդ նոթատետրը։

Մոր մասին էլ է գրել, իմաստն այն էր, որ գուցե չվերադառնա․ «Մամ, կարող է ես չգամ, երազներում ինձ կտեսնես․․․»։ Բայց այդ տողերում էլ երևում է, որ ինքը հպարտ է, որ Հայաստանի զինվոր է՝ «Հպարտ եմ, դու էլ պետք է հպարտ լինես»։ Սպասում էր, որ հաջորդ արձակուրդը գար, պոստերից պետք է իջներ, գար, բայց․․․»։

Լավրենտին սեպտեմբերի 12-ին ժամը 21։30-ին զանգահարել էր մորը, սակայն զրույցը կիսատ էր մնացել, մոտ 1 ժամ դադարից հետո տիկին Անուշը որդուց հաջորդ զանգն էր ստացել, որը, ցավոք, վերջինը եղավ․

«21։30 զրուցում էինք, խոսալու ընթացքում լսեցի, որ ասաց՝ «արա, էս ո՞վ էր․․․ Լավ, մամ, կզանգեմ», այդքանն ասաց ու անջատեց։ Անհանգստացա, բայց մտածեցի՝ այդ պահին չզանգեմ, տղերք են, զենք կա ձեռները, կարող է՝ կրակեցին միամիտ։ Անհանգիստ վիճակով սպասում էի, 10 րոպե հետո 2 հատ զանգ թողեցի, բայց չպատասխանեց։ Անցավ ևս 10 րոպե, էլի 2 զանգ թողեցի, չպատասխանեց։ 22։13 զանգեց, հարցրեց՝ ի՞նչ է եղել, մամ, ասացի՝ անհանգիստ եմ, դու ասա, ի՞նչ է եղել։ Հանգիստ տոնով ասաց՝ ոչ մի բան, բայց ես ձայնի մեջ դող զգացի, որ ասեմ՝ վախենալու, չէ, բայց ինչ-որ բան փորձում էր թաքցնել։ Մի քանի անգամ, որ պնդեցի, ասաց՝ մամ, կրակել են, մենք էլ ենք կրակել, հիմա հանգիստ է, ոչ մի բան չկա, ասաց՝ դիվերսիա է եղել, բոյ ենք տվել։ Այդքանը լսելուց հետո ասացի՝ անջատի-անջատի, գիշերը ժամը 1-ին կզանգես, ու էլ զանգ չեկավ տղուցս»։

Տիկին Անուշը պատմեց, որ այդ օրը ինքն աշխատանքի էր և առավոտյան միայն պետք է գործն ավարտեր ու տուն գնար։ Սպասել է որդու զանգին, բայց  ժամեր էին անցել,   այդպես էլ զանգ չի ստացել, իսկ բջջայինի համացանցը միացված չի եղել, որ թշնամու հարձակման մասին տեղեկանա։ Սահմանին տեղի ունեցածի մասին միայն տուն գնալու ճանապարհին է իմացել, երբ հարազատները հերթով զանգահարել և Լավրենտիից են հարցուփորձ արել․

«Երեխես, որ ժամը 1-ին չզանգեց, շատ անհանգիստ էի, բայց մտածում էի՝ կարող է աչք է կպցրել, չխանգարեմ։ Առավոտ ժամը 7-ին ոտքով գնում էի տուն, ճանապարհին հորեղբորս աղջիկը զանգահարեց՝ Լավրենտից ի՞նչ կա, մտածեցի՝ ինքը որտեղի՞ց իմացավ, որ գիշերը թեթև կրակոց է եղել, էն էլ ասաց՝ ամբողջ շփման գծով կռիվ է գնում․․․ Դրանից հետո մամաս է զանգել, թե՝ ամուսինդ ու տղադ խառնված քեզ են ման գալիս, չեն կարողանում զանգել։ Ամուսինս ու տղաս Ռուսաստանում էին՝ արտագնա աշխատանքի էին մեկնել․․․ Հասա տուն, զանգեցի իրենց, իսկ Լավրենտիս անհասանելի էր․․․

Քանի որ ամուսինս այստեղ չէր, եղբայրս, բարեկամությունը Երևանից գնացին Կապան, բայց զորամասից ոչ մի հստակ բան չէին ասել՝ «կարող է՝ փախած լինեն, տվյալներ չկան»։ Բայց իրենք լավ էլ գիտեին։ Հետո էլ ասել էին՝ պոստերում են, ուղղակի կապ չկա, փոխարինող չունեն, կիջնեն՝ կզանգեն, բայց իրենք շատ լավ էլ գիտեին, թե ինչ է եղել․․․»։

Լավրենտիի ծնողները ԴՆԹ էին հանձնել, բայց նույնականացում չկար։ Հետո պետք է պարզեին, որ իրենց որդին թշնամու փոխանցած 95 մարմինների մեջ է եղել․

«Դա էլ մի ուրիշ խնդիր էր, սեպտեմբերի 19-ին մարմինները բերել էին, երեխու մարմինը նկարել էին, բայց մեզ սեպտեմբերի 27-ին նոր ասացին․․․»։

Տիկին Անուշը հիշեց որդու հետ ունեցած զրույցները, այդ թվում՝ կռվի, հայրենիքի պաշտպանության մասին։ Ասաց՝ սեպտեմբերի 12-ի առավոտյան էլ, երբ Լավրենտին զանգել էր, այդ թեմայով կարճ քննարկում են ունեցել․

«Կռիվը սարսափելի բան է, չեմ կարող ասել, թե ինչո՞ւ այդպես եղավ։ Միշտ տղուս հետ քննարկել ենք, ասել եմ՝ Լավրենտ, էս մեր կռիվն է, պարտավոր ենք։ Այդ օրը առավոտյան ինին երգով զանգեց, խոսեց, բայց այդ երգը չեմ կարողանում գտնել, բառերը հետևյալն էր՝ «Մամ, սահմանին կանգնած․․․ մայրը սպասում է․․․»։ Ես էլ ասացի՝ հա, պարտավո՛ր ես սահմանին կանգնել։ Ասացի՝ Լավրենտ, էսօր տրամադրությունդ լա՞վ ա, երգով ես սկսում, չլինի՞ թուրքերը «բարևել» են, ասաց՝ հա, մենք էլ իրենց ենք «բարևել»։

2023 թվականի հունվարի 11-ին Լավրենտին կդառնար 20 տարեկան, հունվարի 7-ին էլ մոր 50-ամյակն է։ Տիկին Անուշը պատմեց, որ թեև Լավրենտիի 20-ամյակն էր, բայց նա ավելի մեծ ոգևորությամբ սպասում էր մոր ծննդյան տարեդարձին․

«Անհամբեր սպասում էր, ասում էր՝ մամ ջան, մի բան պետք է անեմ, որ 50-ամյակիդ կարողանամ գամ մասնակցեմ, իր 20-ամյակի մասին նույնիսկ չէր էլ խոսում։ Էն էլ երեխես․․․»։

Լավրենտին շատ նպատակներ ուներ՝ մնացին անկատար։ Տիկին Անուշն ասաց, որ ուզում էր հոր և եղբոր հետ աշխատեր, որպեսզի 2-րդ տունը կառուցեին։ Այլ ցանկություններ էլ ուներ Լավրենտին․

«Ասում էր՝ ինքնաթիռ չեմ նստել, զորացրվեմ, ինքնաթիռով գնամ Ռուսաստան, բայց մինչև գնալս, պետք ամբողջ Հայաստանով ման գամ, բոլոր տեսարժան վայրերում լինեմ․․․»։

Լավրենտի Եպիսկոպոսյանը հուղարկավորվել է Բագրատաշենի գերեզմանատանը։ Զոհված զինծառայողի ծնողները վիրավորված են Պաշտպանական գերատեսչությունից, քանի որ իրենց որդիների կատարած սխրանքի համար մի ցավակցական հեռագիր չեն ստացել․

«Իրենք 6 ընկերներով միասին զոհվել են, միայն 1-ն է ողջ, ինքն էլ վիրավոր է։ Էջմիածնի զորամասում ընդամենը 4 ամիս էր ծառայել, բայց ցավակցական հեռագիր ստացանք, իսկ Կապանի զորամասից, Պաշտպանության նախարարությունից՝ ոչ մի բան, շատ անտարբեր վիճակ։ Ես զարմանում եմ, մի՞թե մեր տղաներն արժանի չէին։

Հիշեցնենք, որ 168.am-ը, ինչպես 44-օրյա պատերազմում, այնպես էլ 2022 թվականի սեպտեմբերին զոհված զինծառայողների մասին շարք է պատրաստել։

 

Տեսանյութեր

Լրահոս