«Արցախի ղեկավարությունը պետք է աշխատի, հույսը չդնի Հայաստանի իշխանության վրա». Սեյրան Օհանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի նկատմամբ սադրանքները, պարտադրանքները շարունակական են, և այդ ամենի վառ ապացույցն այն փաստաթուղթն էր, որն ընդունել էր Ադրբեջանի խորհրդարանը նոյեմբերի 8-ին։
«Այդ փաստաթղթում Ադրբեջանն ասում է, որ ճիշտ է արել պատերազմ սկսելով Արցախի դեմ, այնուհետև՝ Հայաստանի սահմաններին։ Ճիշտ է արել, որ «երկաթե բռունցքն իջեցրել է հակառակորդի գլխին ու ջարդել նրան»։ Ադրբեջանը բացահայտ կերպով նենգափոխում է արցախյան հակամարտության պատմությունը, փորձելով հայ ժողովրդին ներկայացնել՝ որպես ագրեսոր։ Մենք գիտենք, որ ագրեսորն այս իրավիճակում Ադրբեջանն է։
Եթե կարճ բացատրեմ այդ ագրեսիայի մասին, ապա այն գալիս է մինչխորհրդային ժամանակահատվածից, նաև Խորհրդային Միության ժամանակներից։ Արցախյան առաջին ազատամարտը, Արցախի ինքնորոշման ամբողջ գործընթացը սկսվելու սկզբնական պահին մենք արձանագրել ենք հետևյալը, որ Խորհրդային Միության ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից իրականացված կողմնակալ քաղաքականության շնորհիվ Արցախի ներսում բոլոր ենթակառույցները, շրջանները միացնող բոլոր ճանապարհներն անցնում էին ադրբեջանական բնակավայրերով։ Իսկ Արցախյան շարժումը սկսելուց հետո այնտեղ, որտեղ չկային՝ կառուցվեցին և այդ բնակավայրերը վերածվեցին խոշոր ռազմական հենակետերի։ Արցախի ժողովրդի ինքնորոշման առաջին ճնշումներն այդ ռազմական հենակետերից են եղել, այդ միջշրջանային ճանապարհներից են եղել, այնուհետև այն վեր է ածվել լայնածավալ պատերազմի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 3-ին և 4-ին ադրբեջանական կողմից Արցախում հրահրած սադրանքներին: Մի դեպքում նրանք Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն էին փակել, մեկ այլ դեպքում՝ հարձակվել էին հայ երիտասարդների վրա։
Ըստ Սեյրան Օհանյանի, այն բոլոր հանցագործությունները, որոնք կատարել են ադրբեջանցիները, այսօր փորձում են դրանք նենգափոխել ու վերագրել հայ ժողովրդին։ Ավելին՝ ադրբեջանական կողմը շարունակում է ճնշումներ բանեցնել, ասելով, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների ձևավորման համար ներկայացրել են 5 կետ, որոնք պետք է Հայաստանը կատարի, հակառակ դեպքում գնալու են մինչև վերջ, իրենց բնորոշմամբ՝ ընդհուպ մինչև «Զանգեզուրի միջանցք»։
«Նման սադրանքներ լինելու են նաև հետագայում՝ Արցախում, Արցախի շուրջ։ Եթե հիշում եք, որոշ ժամանակ առաջ ադրբեջանցիներն ասում էին, իբր Բերձորով զենք-զինամթերք է տեղափոխվում։ Մեր գործընկերներից մեկն այդ ժամանակ ասաց, որ ադրբեջանցիները հիմք են ստեղծում այդ միջանցքի նկատմամբ լայն վերահսկողություն սահմանելու համար։
ՀՀ իշխանությունն ասում է՝ մենք Հայաստանն Արցախի համար չպետք է գրավ դնենք, ինչը մեզ համար անընդունելի է։ Այնպես որ, կարծում եմ՝ Արցախի ղեկավարությունը պետք է այդ ուղղությամբ աշխատանքներ տանի, հույս չդնի ՀՀ իշխանության վրա»,- շեշտեց Սեյրան Օհանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում