Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է հոկտեմբերի 4-ի անկարգությունների 44 կազմակերպչի ու մասնակցի

Ոստիկանությունը ձերբակալել է ևս ութ անձի, որոնք կապված են Թբիլիսիում հոկտեմբերի 4-ի իրադարձությունների հետ, երբ քաղաքացիների բազմությունը փորձել էր գրոհել նախագահական նստավայրի վրա: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։

«Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 4-ի իրադարձությունների հետ կապված ձերբակալվել է 44 մարդ, ևս չորսը հետախուզման մեջ են», – ասել է Դարախվելիձեն։

Նա նշել է, որ «ագրեսիվորեն տրամադրված քաղաքացիների» ձերբակալությունների համար հիմք են դարձել հեռուստաալիքների տեսագրություններն ու տեսառեպորտաժները:

Հոկտեմբերի 4-ին տեղական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները վնասել են Թբիլիսիում նախագահական նստավայրի ցանկապատերը և փորձել են ներս մտնել։

Ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործել է ջրցան մեքենա և արցունքաբեր գազ։

Տեսանյութեր

Լրահոս