ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելուն. Բորել
Եվրոպական Միությունը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելուն: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել ենք տարածաշրջանում խաղաղության կառուցման և հակամարտությունների կայուն կարգավորման ուղիները: Եվրոպական Միությունը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելուն»,- գրել է Բորելը:
ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։
ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ, մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի ընդլայնման շուրջ:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանի և Ժոզեպ Բորելի ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը։
Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հայկական կողմի հանձնառությունը և բարձր գնահատել այս ուղղությամբ ԵՄ աջակցությունը: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն ու առավելապաշտական նկրտումները խոչընդոտում են խաղաղության հասնելու նպատակով գործադրվող ջանքերին և նպաստում էսկալացիայի հավանականության բարձրացմանը: Շեշտվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիաների հետևանքների վերացման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները կարևորել են ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում և քննարկել դրա գործունեությանը վերաբերող հարցեր: