Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Հանրապետության հրապարակի շենքերի վրա իրականացվող աշխատանքները և քայլեր ձեռնարկել դրանց նախնական տեսքի վերականգնման ուղղությամբ. Հայաստանի ճարտարապետների պալատ
Մայրաքաղաքը ամանորյա տեսքի բերելու համար Հանրապետության հրապարակի շենքերի վրա անցքեր և ճեղքեր են արվել, ինչը համացանցում մեծ քննադատությունների ալիք է բարձրացրել թե՛ մասնագիտական շրջանակների, թե՛ հանրության շրջանում: Վերոնշյալի կապակցությամբ հայտարարություն է տարածել Հայաստանի ճարտարապետների պալատը: Հայտարարությունը՝ ստորև.
«Հանրապետության հրապարակում 2022 թվականի ամանորյա լուսազարդարման աշխատանքների իրականացման հետևանքով էական վնաս է հասցվում Հայաստանի Խորհրդային ճարտարապետական ժառանգության ամենախորհրդանշանական անսամբլի մաս կազմող շենքերին, որոնք ունեն հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։
Հայաստանի ճարտարապետների պալատն իր մտահոգությունն է հայտնում և պարզաբանում է պահանջում գործընթացը նախաձեռնած Երևանի քաղաքապետարանից, ինչպես նաև ժառանգության պահպանության պատասխանատու լիազոր մարմնից՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մասնավորապես՝ առկա՞ է արդյոք նախարարության խորհրդակցական մարմին հանդիսացող գիտամեթոդական խորհրդի դրական կարծիքը իրականացվող լուսազարդման նախագծի վերաբերյալ։
Համոզված ենք, որ անհրաժեշտ է գնահատել, արժևորել և պահպանել ոչ միայն մայրաքաղաքի թամանյանական կառույցների ճարտարապետությունը, այլև հայ քարագործ վարպետների ձեռակերտ աշխատանքը։
Հայաստանի ճարտարապետների պալատը պահանջում է անհապաղ դադարեցնել աշխատանքները և քայլեր ձեռնարկել բացառիկ արժեք ներկայացնող պահպանվող շենքերի նախնական տեսքի վերականգնման ուղղությամբ, ինչպես նաև համապատասխան պատասխանատվության միջոցներ կիրառել հուշարձան շենքերը վնասողների նկատմամբ»։