Հարկերի հավաքման տեմպն ընկնում է

Մինչ տնտեսական ակտիվությունը Հայաստանում գնալով ավելանում է, հարկերի հավաքման աճի տեմպն ընկնում է, այն էլ՝ բավական կտրուկ։ Թեև թվում է՝ հակառակը պիտի լիներ. ինչքան տնտեսական ակտիվությունը բարձրանում է, այնքան պիտի ավելանային տնտեսության մեջ ձևավորվող հարկերը, հետևաբար՝ նաև գանձվող հարկային եկամուտները։

Բայց տեսնում ենք, որ վերջին ամիսներին հարկային եկամուտների աճի տեմպը կտրուկ ընկել է։

Հունիսին, նախորդ տարվա հունիսի նկատմամբ, հարկերի հավաքագրումն ավելացել էր գրեթե 26 տոկոսով։ Հուլիս-օգոստոսին էլ աճը կազմել էր 29-30 տոկոս։ Արդեն սեպտեմբերին աճի տեմպը շեշտակի ընկավ. կազմեց 13,1 տոկոս։

Հոկտեմբերին տեմպի անկումն ավելի խորացավ։ Այդ ամսին նախորդ տարվա նկատմամբ մուտքերն ավելացան ընդամենը 8,2 տոկոսով։

Եթե անցած տարվա հոկտեմբերին հավաքվել էր գրեթե 141,7 մլրդ դրամ, այս տարվա հոկտեմբերին հավաքվեց 153,4 միլիարդ. ընդամենը 11,7 միլիարդով ավելի, քան անցած տարի։

Պատկերացնելու համար, թե ավել հավաքված գումարները որքանով են կրճատվել, նշենք, որ հունիսին նախորդ տարվա նույն ամսից շատ էր հավաքվել ավելի քան 34 միլիարդ, հուլիսին՝ 36,5 միլիարդ, օգոստոսին՝ 34,1 միլիարդ։

Սեպտեմբերին ավել հավաքվեց 20,2 մլրդ դրամ։ Հոկտեմբերին տարբերությունը կազմեց 11,7 միլիարդ։

Ակնհայտ է, որ վերջին 2 ամիսներին հարկերի հավաքման աճի դինամիկայում արձանագրվել է կտրուկ փոփոխություն։  Հարկային մուտքերն անհամեմատ քիչ են ավելացել, քան նախորդ ամիսներին։ Եվ դա տեղի է ունեցել տնտեսական ավելի բարձր ակտիվության պայմաններում։

Վերջին ամիսներին հարկային եկամուտների հավաքագրման աճի տեմպը զիջում է նաև տնտեսական ակտիվության աճին։

Հոկտեմբերի ցուցանիշը դեռ չի հրապարակվել, բայց սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության աճը եղել է 14,8 տոկոս, հարկերինը՝ 13,1 տոկոս։ Երբ հրապարակվեն հոկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշները, կտեսնենք, որ տարբերությունն ավելի մեծ կլինի։

Սա նշանակում է, որ իջնում է նաև ՀՆԱ-ի մեջ հարկերի հավաքագրման մակարդակը։

ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունն այն ցուցանիշն է, որը ցույց է տալիս տնտեսության մեջ ստվերի աստիճանը։ Երբ ՀՆԱ-ն ավելի արագ է աճում, քան հարկային եկամուտները, դա տնտեսության ստվերայնության համար վատ նշան է։

Այս տարվա համար կառավարությունը նախատեսել է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 23,2 տոկոսի։ Նախորդ տարի 22,7 տոկոս էր։ Ակնկալվում է 0,5 տոկոսային կետի բարելավում։ Բայց այս տեմպով շարունակվելու դեպքում քիչ հավանական է, որ դա կհաջողվի ապահովել։

Նման կասկածներ ունի նաև Կենտրոնական բանկը։ ԿԲ կարծիքով, հարկեր-ՀՆԱ ցուցանիշն այս տարի նույնիսկ կարող է նվազել՝ պայմանավորված հարկերի նկատմամբ համախառն ներքին արդյունքի ավելի առաջանցիկ աճով։

Հիշեցնենք, որ 2020-2021թթ. կամ 2 տարվա ընթացքում հաջողվել է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը բարելավել ընդամենը 0,3 տոկոսային կետով։

Ճիշտ է, հաջորդ տարվա համար կառավարությունը նախատեսել է այն հասցնել 23,7 տոկոսի, բայց այս պահին դրա հավանականությունը փոքր է։ Հատկապես, եթե չհաջողվի ապահովել այս տարվա 23,2 տոկոս ցուցանիշը։

Թեև հարկերի հավաքման մակարդակը 2022թ. բարձր է, այնուհանդերձ վերջին ամիսներին նվազում են նաև տարեկան աճի տեմպերը։ Հաշվի առնելով այն գործոնները, որոնք ազդել են դրա վրա՝ առաջիկայում ևս հավանաբար կշարունակվի նվազումը։

Տարեսկզբից արձանագրված հարկային եկամուտների բարձր աճերին նպաստող գործոններից մեկը եղել է մետաղների արտահանման պետտուրքը։ Այն գործում է անցած տարվա սեպտեմբերից։ Մինչ այդ մետաղների արտահանման ժամանակ պետտուրք չէր կիրառվում։ Դրա արդյունքում միջին ամսական շուրջ 5 մլրդ դրամի լրացուցիչ հարկային եկամուտներ են ապահովվում։ Բայց սեպտեմբերից արդեն դրա ազդեցությունը հարկային մուտքերի վրա չեզոքացել է՝ կապված այն հանգամանքի հետ, որ այլևս չի գործում նախորդ տարվա ցածր բազայի էֆեկտը։

Պատահական չէ, որ պետտուրքի մուտքերը, որոնք մինչ այդ բարձր տեմպերով էին աճում, սեպտեմբերից սկսած՝ գրեթե դադարել են ավելանալ։

Անցած տարվա սեպտեմբերին ստացվել էր 10,3 միլիարդ, այս տարի՝ 10,6 միլիարդ։ Հոկտեմբերին հավաքված պետտուրքը նույնիսկ կրկնակի պակաս է եղել. անցած տարի եղել էր 10 միլիարդ, այս տարի՝ 5 մլրդ դրամ։

Թերևս, դա էլ դարձել է հիմնական պատճառներից մեկը, որ սեպտեմբերից սկսած նկատվում է մուտքերի աճի տեմպի դանդաղում։ Մինչև սեպտեմբեր այդ գործոնը էական դրական ազդեցություն էր ունենում մուտքերի աճի վրա, սեպտեմբերից սկսած՝ ազդեցությունը չեզոքացել է։ Եվ ահա տեսնում ենք արդյունքը։

Բայց տարեսկզբից արձանագրվող բարձր աճերը միայն դրանով չէ, որ պայմանավորված էին։

Այս տարվա հարկային մուտքերի վրա էական ազդեցություն է ունեցել նաև բարձր գնաճը։

Տարեկան գնաճը Հայաստանում հասնում է 9-10 տոկոսի։ Բազմաթիվ առաջին անհրաժեշտության և ավելի հաճախ սպառվող ապրանքների դեպքում այն նույնիսկ կրկնակի-եռակի բարձր է։ Որքան գնաճը բարձր է, այնքան անուղղակի հարկերի մուտքերն ավելանում են։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին ավելացված արժեքի հարկին, որը վճարում են սպառողները։ Ապրանքների ու ծառայությունների գները բարձրանում են, ավելանում է նաև դրանից գանձվող ԱԱՀ-ն։

Տարեսկզբի 10 ամիսներին ԱԱՀ մուտքերն ավելացել են 86 մլրդ դրամով կամ գրեթե 20 տոկոսով։ Թե դրա ո՞ր մասն է եղել գնաճի հաշվին, կառավարությունը խուսափում է ասել։ Բայց, որ այդ աճի գործում գնաճը շոշափելի դեր է խաղացել, միանշանակ է։ Թեև անգամ այդ պայմաններում հոկտեմբերին նկատվել է նաև ԱԱՀ մուտքերի աճի տեմպի կտրուկ դանդաղում։ Նախորդ տարվա համեմատ ընդամենը 1,4 միլիարդով ավելի ԱԱՀ է հավաքվել։ Աճը կազմել է հազիվ 2,5 տոկոս՝ հոկտեմբերի 9,5 տոկոս գնաճի պարագայում։

Հոկտեմբերին նախորդ տարվանից նաև ավելի քիչ ակցիզային հարկ է հավաքվել ու կրկին ենթաակցիզային բազմաթիվ ապրանքների բարձր գնաճի պայմաններում։

Մինչև տարեվերջ դեռ ժամանակ կա և նոյեմբեր-դեկտեմբերի հավաքագրումները ցույց կտան, թե վերջին 2 ամիսներին հարկային մուտքերի աճի տեմպի դանդաղումն ինչպիսի ընթացք կստանա։ Որ այլևս չի լինի աճի նախկին տեմպը, միանշանակ է։ Չի բացառվում, որ դանդաղումը տարեվերջին ավելի խորանա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս