Քաղհասարակության հայտարարության մեջ, չգիտես ինչու, «մոռացված» են արդեն ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո նույն Մնացական Մարտիրոսյանի կողմից քննվող դատական գործերը. Ավետիք Իշխանյան
Օրեր առաջ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հայտարարություն տարածեց առ այն, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը կդառնա Հակակոռուպցիոն դատարանի դատավոր: Լուրը ռումբի պայթյունի նշանակություն ունեցավ հայ հանրության, հատկապես՝ իրավաբանների ու ակնկալելի կերպով նաև երբեմնի քաղհասարակության համար:
Վերջիններս նաև հայտարարություն են տարածել ԲԴԽ կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորի ընտրության վերաբերյալ, նշել, որ իրենք խիստ անընդունելի և դատապարտելի են համարում Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը:
«Մնացական Մարտիրոսյանը հայտնի է՝ որպես քաղաքական հնչեղ գործերով ներգրավված դատավոր, ում դատավճիռներով դատապարտվել են քաղաքական բանտարկյալներ, որոնց թվում են՝ 2008թ. մարտի 1-ից հետո «7»-ի գործով դատապարտված Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը և այլ անձինք: 2006թ.-ին Մնացական Մարտիրոսյանի վճռով է ազատազրկման դատապարտվել ընդդիմադիր գործունեություն իրականացնող, այդ ժամանակ «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, 2007թ.-ին՝ Ժիրայր Սէֆիլյանը, 2017թ.-ին՝ Գևորգ Սաֆարյանը, և այլ անձինք: Մնացական Մարտիրոսյանը քննել է նաև 2001թ. Պողոս Պողոսյանի սպանության դեպքի վերաբերյալ քրեական գործը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով հաստատվել են հիմնարար իրավունքների խախտումները և քաղաքական հետապնդման փաստը, որոնց արդյունքում նրանցից ոմանք տարիներ անց արդարացվել են Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից»,- Մնացական Մարտիրոսյանի քննած գործերն ու դրանց հետևանքներն էին հիշեցրել նրանք:
Քաղհասարակության ներկայացուցիչների պնդմամբ՝ «Մնացական Մարտիրոսյանի
ընտրությունը ուղղակիորեն հակասում է 2018 թ. Թավշյա հեղափոխության արժեքներին ու արժեքային ընտրությանը՝ հաշվի առնելով, որ Հայաստանում համաժողովրդական շարժումը արդարադատության արատավոր բարքերի, կոռուպցիայի և հալածանքների դեմ էր»:
Տեքստից, ինչ խոսք, նկատելի է, որ «թավշյա հեղափոխություն» կոչվածը՝ իր բոլոր կործանարար հետևանքներով, այս կազմակերպությունների համար բավականին նշանակալից իրադարձություն էր, և ի նշանավորումն դրա՝ գրել էին մեծատառով:
«Բարեվարքության բացասական եզրակացություն ստացած թեկնածուի նշանակումը վկայում է ԲԴԽ անդամների մեծամասնության կողմից հակակոռուպցիոն այդ կարևոր գործիքի անտեսման մասին: Մնացական Մարտիրոսյանի վերջնական նշանակման պարագայում ստիպված կլինենք վերագնահատել բարեվարքության ստուգման գործընթացում քաղաքացիական հասարակության, ի դեմս «Իրազեկ քաղաքացիների միավորման», ներկայացուցչի մասնակցությունը»,- «սպառնացել էին» քաղհասարակության ներկայացուցիչներն ու խստորեն դատապարտել ԲԴԽ կողմից Մնացական Մարտիրոսյանի՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում ընտրությունը:
Նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանից պահանջել էին չնշանակել Մնացական Մարտիրոսյանին կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի պաշտոնում և նրա թեկնածությունը առարկություններով վերադարձնել ԲԴԽ-ին:
Հայտարարությունը ստորագրել էին՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակ, Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ:
168.am-ը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին խնդրեց գնահատել այս հայտարարության տեքստը, հատկապես, որ խնդրո առարկա դատավորն իսկապես հայ հանրության մեջ ընկալվում է՝ որպես պատվեր կատարող դատավոր:
«Այն, որ Մնացական Մարտիրոսյանը, որպես դատավոր, բոլոր ժամանակներում հլու-հնազանդ կատարել է օրվա իշխանության պատվերները, անվիճելի է։ Հայտարարության մեջ թվարկված են Մնացական Մարտիրոսյանի կողմից նախկին իշխանությունների ժամանակ կայացված դատավճիռները, բայց, չգիտես ինչու, «մոռացված» են արդեն ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո նույն դատավորի կողմից քննվող դատական գործերը»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Իրավապաշտպանը, որպես օրինակ՝ հիշեցրեց դրանցից միայն երկուսը՝ Մանվել Գրիգորյանի և Արմեն Գրիգորյանի դատական քննությունները, որոնց արդյունքում, ըստ նրա, երկուսն էլ սպանվեցին։
«Թե՞ վերջիններն օրինական էին․․․ Եվս մեկ դիտարկում․ հայտարարության մեջ, որպես քաղաքական դատավարություն, նշվում է Արման Բաբաջանյանի գործը։ Փաստորեն փաստաթղթեր կեղծելն ու բանակից թռնելը քաղհասարակությունը համարում է քաղաքական իրավունք»,- տարակուսեց Ավետիք Իշխանյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին՝ ԲԴԽ-ն ինքնուրո՞ւյն է այդ որոշումը կայացրել, թե՞ ոչ, Ավետիք Իշխանյանը նկատեց՝ հայտարարության մեջ, որպես թիրախ, ընտրվել է ԲԴԽ-ն։
«Հարց հայտարարության հեղինակներին․ ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր էր, արդյոք, որ Մնացական Մարտիրոսյանն ինքնուրույն դիմեր հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալու համար։ Պարզ չէ՞, որ թեկնածության վերաբերյալ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը կամ հրահանգ է ստացել վարչապետ կոչեցյալից, կամ համաձայնեցրել է նրա հետ։ Հիշեցնենք նաև, որ Կարեն Անդրեասյանը «ազնվանում» էր վարչապետ կոչեցյալի նկարին նայելիս։ Այնպես որ, «հանգիստ» թողեք միայն հրահանգներ կատարող ԲԴԽ-ին։ Չե՞ն գիտակցում արդյոք հայտարարության հեղինակները, որ այս նշանակման հեղինակը վարչապետ կոչեցյալն է։ Իհարկե գիտակցում են, բայց նրանց հրահանգված է չկպչել վարչապետին, նա դեռ պետք է, դեռևս մինչև վերջ չի կատարել իր «առաքելությունը»»,- ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը։
Դիտարկմանը՝ արդյո՞ք այս տարիների ընթացքում Մնացական Մարտիրոսյանի նշանակումը առաջին դեպքն է, որ կարելի էր նման եզրակացության հանգել ու հայտարարությամբ հանդես գալ, Ավետիք Իշխանյանը պատասխանեց՝ հայտարարության հեղինակները հղում անելով 2018թ․ հեղափոխության, իրենց կարծիքով, հռչակված արժեքների վրա, տարակուսում են սույն նշանակումով։
«Սա նույնպես որևէ քննություն չի բռնում։ Մի՞թե հայտարարության հեղինակներն այս տարիների ընթացքում չեն նկատել, օրինակ, գործերը մակագրող համակարգիչների առգրավումը դատարաններից, որի արդյունքում հենց շատ գործեր մակագրվեցին Մնացական Մարտիրոսյանին, օրինակ՝ Արմեն Գրիգորյանի գործը, Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ նախագահ նշանակելը, Գագիկ Ջհանգիրյան-Ռուբեն Վարդազարյան զրույցը, Բորիս Բախշիյանի կալանավորումը և բազմաթիվ այլ հարցեր: Այնպես որ, ինչպես ասում են, այս հայտարարությունը կարելի էր ողջունել, եթե…»,- եզրափակեց Ավետիք Իշխանյանը: