
Մայիսի 9․ հաղթանակի հուշ և հանդուրժման ամոթ

Արդեն չորրորդ տարին է՝ մայիսի 9-ը նշվում է առանց Արցախի, հայրենիքի ու այդ հայրենիքը երեք տասնամյակ առաջ ազատագրած լինելու հպարտության։ Շուշիի ազատագրմամբ եռատոն դարձած մայիսի 9-ից մնացել է միայն Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակի խորհրդանշականությունը։
Տոնի՝ միայն մեզ համար բացառիկ նշանակությունն այլևս վերածվել է անցյալի հաղթանակի հիշողության, բայց նաև ամոթի ու անարժանապատվության վերապրումի։ 31 տարի առաջ հնարավոր դարձած պատմական հաղթանակի կորուստն ու պղծումը հանդուրժելու ամոթի։
Եվ խնդիրը միայն այն չէ, որ 80 տարի առաջ համաեվրոպական ֆաշիզմի դեմ հաղթանակին մաս կազմած սերնդի ժառանգներս պարտվել ենք տարածաշրջանային ֆաշիզմին։ Պարտությունը բոլոր ազգերի ու բոլոր պետությունների համար է։ Այսօրվա ամոթը ոչ միայն, բայց նաև ոչ այնքան բուն պարտության, որքան դրան հաջորդած հինգ տարիներին պարտությունն արդարացնող և, որ ավելի սարսափելի է՝ այդ պարտությունն «իրական Հայաստանի» անկախության ու ինքնիշխանության ամրապնդմանը նպաստած իրողություն ներկայացնող իշխանությանը հանդուրժելու համար է։
Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, ըստ դրա այսօրվա քարոզիչների, ամրապնդվել է ադրբեջանական ֆաշիզմի հաղթանակով, որով Ալիևը հաստատել է իր օկուպացիան՝ Արցախում, նրա հետ «խաղաղության համաձայնագիրը» ամեն ինչից վեր դասող Նիկոլ Փաշինյանն էլ՝ իշխանությունը Հայաստանում։ Այդ իշխանությունը մայիսյան եռատոնը հայկական գործոնի՝ հայկականության անբաժանելի մաս դարձած իրողությունը փոխակերպել է կրկնակի օկուպացիայի և ամեն ինչ անում է հայկականության կրկնակապիտուլյացիայի համար։
Այսօր, առավել քան երբևէ, կենսականորեն կարևոր է հաղթանակի ու պարտության համարժեք գիտակցումը։ Հայաստանի իշխանությունը, ի թիվս ամենայնի, խեղաթյուրում է նաև այդ հասկացությունները՝ հատկապես երիտասարդ սերնդին ներշնչելով իրական հաղթանակների անկարևորությունը և արժևորելով նյութական «հաղթանակներն» ամենօրյա սպառողականության մրցավազքում։ Եվ պատահական չէ, որ այդ այլասերված քաղաքականությունն իրականացվում է հիշողության դեմ պայքարի տեսքով։
Այդ հիշողության մեջ արթուն են 1994 թվականին Շուշիի ազատագրմամբ խորհրդանշված ամենաիրական, ամենաառարկայական հաղթանակները, որոնք կոտրեցին մեր բարդույթավորված ինքնության մեջ «բարոյական հաղթանակներով» մխիթարվելու արատավոր շղթան և դարձան երկու հայկական պետությունների կայացման հիմքը։ Դրանցից մեկն այսօր կորսված է, մյուսը հռչակվում է՝ որպես «ապապետական»։ Այս գործընթացի անտեսանելի նպատակը հանրային գիտակցության մեջ Հայաստանի փոխակերպումն է՝ անցումը հաղթանակով կերտված պետությունից՝ պարտությամբ կայացվող «որտեղ հաց, այնտեղ կաց» ստամոքսարանի, որի քաղաքացիների համար անկարևոր կդառնան հայկականությունն ու դրա երբեմնի հաղթանակները, իսկ պարտությունը կամրագրվի՝ որպես «թավշյա, ժողովրդական սոցիալ-հոգեբանություն»։
Այդ նոր սոցիալ-հոգեբանությունն այլևս անկարևոր կդարձնի մայիսի 9-ը, դրա մասին հիշողությունը և գիտակցումը, որ «տուգանքի մատերիալ» չդառնալու համար պայքարում հաղթանակը հանգեցրեց «պարտության մատերիալ» դառնալու իրականության, որը հնարավոր դարձավ «Շուշին՝ դժբախտ ու դժգույն, հարկատուն՝ երջանիկ կյանքի պայծառ հերոս» կոդավորված օպերացիայի միջոցով։
Ամոթը՝ ինչպես անհատական, այնպես էլ՝ հավաքական մակարդակում կարող է և պետք է ունենա ֆունցիոնալ նշանակություն, այլապես այն իմաստ չունի։ Այսօրվա իրականության հանդուրժման ամոթը, ահա, անարժեք սեթևեթանքից գործնական քայլի վերածելու միջոցը մայիսի 9-ը արժեզրկածների իշխանազրկումն է։ Դա առաջին, նվազագույն քայլն է՝ մայիսի 9-ի եռատոնի իմաստը վերադարձնելու՝ այս պահին ֆանտաստիկ թվացող ճանապարհին։
Մայիսի 9-ը վերապրելու համար պետք է հաղթանակել պարտությունը որպես հաղթանակ ներկայացնողներին ու հաղթահարել դրա հետ համակերպվելու թվացյալ կոմֆորտը։
Հարություն Ավետիսյան