Ռուսական առաջարկները՝ ակտիվ քննարկումների փուլում. Խովաևը Բաքվում է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը, ով նոյեմբերի կեսերին Հայաստանում էր, այժմ Ադրբեջանում է:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր նշել է, որ Բաքվում գտնվող Իգոր Խովաևը քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի խնդիրները: Նա նաև ասել է, որ Խաղաղության պայմանագրի թեման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետ կապված մյուս հարցերը բավական բարդ բնույթ են կրում, հետևաբար, Մոսկվան նպատակահարմար չի համարում մեկնաբանել կողմերի դիրքորոշումները, մինչև հստակ պայմանավորվածություններ ձեռք չբերվեն:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի և եռակողմ պայմանավորվածությունների խախտումների վերաբերյալ հարցին՝ Զախարովան ընդգծել է կողմերի միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև իրավիճակի սրումից խուսափելու կարևորությունը:

«Մենք, իհարկե, կարևոր ենք համարում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի սրման: Ռուսաստանը պահպանում է կանոնավոր շփումները երկու կողմերի հետ՝ ինչպես քաղաքական մակարդակում, այդ թվում՝ երկրի ղեկավարների, արտգործնախարարների մակարդակով, այնպես էլ տեղում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության միջոցով՝ զինված միջադեպերը կանխելու նպատակով: Եվ, անշուշտ, մենք կշարունակենք աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում խաղաղության վերականգնման համար»,- նշել է դիվանագետը:

Խովաևի հայաստանյան այցի ընթացքում բանակցություններ էին տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի, Արմեն Գրիգորյանի և Արարատ Միրզոյանի հետ: Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ հանդիպմանն ասել էր, թե Հայաստանը պաշտպանում է ռուսական կողմից դեռևս ընթացիկ տարվա օգոստոսին ներկայացված առաջարկները, որոնք կարող են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա բանակցությունների հիմք հանդիսանալ: Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Միրզոյան-Խովաև հանդիպմանը  քննարկվել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն առնչվող վերջին զարգացումները, ինչպես նաև անդրադարձ էր եղել հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին եռակողմ հանդիպմանն ու ընդունված համատեղ հայտարարությանը: Արարատ Միրզոյանը և Իգոր Խովաևը մտքեր էին փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը մեզ հետ զրույցում ասաց, որ ամիսներ շարունակ կարգավորման արևմտյան փաթեթը վերջնական ուսումնասիրելուց հետո, ներկայումս կողմերը սկսում են հնարավորություններ փնտրել Մոսկվայում, յուրաքանչյուրն իր նպատակների շրջանակում: Ըստ նրա, իրավիճակը բարդ է այնքանով, որ ռուսական ու արևմտյան փաթեթների միջև տարբերությունը չնչին  է, բացի այդ, և Երևանի, և Բաքվի համար խնդրահարույց են ինչ-որ առումով թե ռուսական, թե արևմտյան առաջարկները:

«Ուստի այս  և այն կողմում հավելյալ հարցեր բանակցելը, միջնորդից ինչ-որ ավել բան ստանալը ավելորդ չէ: Ուստի կողմերը հիմա էլ ռուսական առաջարկների շրջանակում իրենց ուժերն են փորձում, զուգահեռաբար ժամանակ են շահում: Շատ հասկանալի է, որ այս ամենի շրջանակում այցեր է կատարում Խովաևը, տեղում քննարկում բոլոր հարցերը:

Ադրբեջանի համար ռուսական տարբերակը խնդրահարույց է Ղարաբաղի կարգավիճակի տեսանկյունից, քանի որ ՌԴ-ն դիտարկում է խաղաղապահների մանդատի երկարաձգում, որին դեմ է Ադրբեջանը, սակայն ստացվում է, որ արևմտյան տարբերակում ևս կան Ադրբեջանի համար խնդրահարույց կետեր: Խնդիրն այն է, որ որքան էլ արտահոսքեր տարբերակներից տեղի են ունենում, սակայն դրանք մեծ վստահություն չեն ներշնչում և չեն կարող լուրջ վերլուծության հիմք լինել:

Փաստն այն է, որ կողմերը բանակցում էին Բրյուսելում, սեպտեմբերյան ագրեսիայով այդ գործընթացը էականորեն տուժեց, և  չնայած կողմերը հանդիպեցին Պրահայում, նախարարները՝ Վաշինգտոնում, դա չփրկեց գործընթացը, քանի որ նոյեմբերին նախատեսված հանդիպումը Բրյուսելում, որը, թվում էր, թե որոշիչ պետք է լինի, կարծես չի կայանում: Բարդ իրավիճակ է ստեղծվում նաև Արևմուտքի համար, սահմանին ԵՄ դիտորդներ են տեղակայվել ժամանակավոր, եթե հայ-ադրբեջանական գործընթացը չի պսակվում հաջողությամբ, այսինքն՝ Խաղաղության համաձայնագրի կնքմամբ, ի՞նչ է լինելու դիտորդների հետ»,- ասաց Սկակովը:

Նա չի բացառում նաև, որ այս փուլից հետո ևս կողմերը վերադառնան արևմտյան գործընթաց:

«Սա ինչ-որ անկանոն, անհասկանալի փուլ է, այդ թվում՝ երկու աթոռին նստելու փորձ է Երևանի և Բաքվի կողմից՝ մեծապես պայմանավորված գլոբալ միտումներով: Այս պահի դրությամբ անորոշ է թվում ամեն բան, թե որտեղ, երբ կստորագրվի փաստաթուղթ»,- նկատեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս