«Կապանում մարդիկ լավ գիտեն, թե որտեղով է անցել՝ Կապանի, և որտեղով՝ Զանգելանի ճանապարհը». Գևորգ Պապոյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի փոխանցմամբ, խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի վերաբերյալ տարբեր սցենարներ են հնարավոր, թեպետ հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը ցույց կտա, թե որ հարթակում, ինչ ձևաչափով ու ինչ ժամկետներում կստորագրվի խաղաղության պայմանագիրը։

«Մեծ հաշվով, մեզ համար չկան բացառություններ, փորձը ցույց է տվել, որ մենք ջերմ հարաբերությունների մեջ ենք և՛ արևմտյան մեր գործընկերների հետ, և՛ մեր ռազմակավարական դաշնակից Ռուսաստանի հետ, հարևաններ Իրանի ու Վրաստանի հետ էլ ենք ջերմ հարաբերությունների մեջ։ Հետևաբար՝ մեր այս բոլոր գործընկերների աջակցությամբ, մենք պետք է առաջ շարժվենք, մնացածը ժամանակը ցույց կտա»,- խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ պարզաբանեց Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Վրաստանում։

Իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ անդրադարձավ հարցին, թե հնարավո՞ր է՝ սահմանազատման ու սահմանագծման գործընթացում Հայաստանը որոշակի տարածքներ զիջի Ադրբեջանին, քանի որ երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց, որ Ադրբեջանն ասում է, թե Հայաստանն էլ իր տարածքներից է  «օկուպացրել», այնուհետև հավելեց, որ Հայաստանը պատրաստ է լսել, թե ի՞նչ տարածքների մասին է խոսքը։

«Հայաստանը չի կարող զիջել տարածք, որը միջազգային իրավունքով և պայմանագրերով պատկանում է Հայաստանին։ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քկմ է, և այն մի տարածք է, որն արձանագրված է  միջազգային պայմանագրերով, նաև Հայաստանն այդ սահմաններով է մտել ՄԱԿ։ Նաև Ալմա Աթայի համաձայնագրում Հայաստանը 29 հազար 800 քկմ որոշակի սահմաններ ունի։ Հիմա այդ սահմաններից ներս Հայաստանը ոչ մի բան չի կարող զիջել, և դա մեր «կարմիր գիծն» է, մնացածը դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցեր են, օրինակ, չգիտեմ՝ ինչ-որ սարի մեջ 5 մետր այս կողմ կամ 5 մետր այն կողմ՝ բնականաբար, հենց այդ գործընթացն է, որը պետք է իրականացվի։

Կարդացեք նաև

Եթե Ադրբեջանն ասում է, որ, ենթադրենք, ինչ-որ տարածք կա, դա նշանակում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կա նաև սահման։ Մենք հենց այդ սահմանի մասին ենք ասում և այդ սահմանն ամրագրելով ենք ասում, որ Ջերմուկում, Գեղարքունիքում, Սյունիքում օկուպացված տարածքներ կան, որտեղից ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան»,- շեշտեց Գևորգ Պապոյանը։

Հարցին՝ այսինքն՝ «անկլավների» հարց գոյությունի չունի՞, Գևորգ Պապոյանը պատասխանեց.

«Ես նշեցի, որ գոյություն ունի միջազգային իրավունք և միջազգայնորեն ընդունված ՀՀ սահմաններ»։

Իշխանական պատգամավորը նաև նկատեց, որ ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք տիրապետում են աշխարհագրության տարրական գիտելիքների, նրանք շատ լավ գիտեն Հայաստանի սահմանները։

«Օրինակ, վերջերս Կապանում էի, և մարդիկ շատ լավ գիտեին, թե, օրինակ, 1991 թվականից առաջ որտեղից է անցել՝ Կապանի շրջանի, որտեղից՝ Զանգելանի շրջանի սահմանները, այսինքն՝ ոչ մեկը դա չի մոռացել, և մարդիկ հստակ այդ ամենը գիտեն»,- շեշտեց Գևորգ Պապոյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս