2023 թվականից նպաստները ևս կվճարվեն անկանխիկ եղանակով. փոփոխություն՝ օրենքում

Ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև՝ հրատապ օգնության գումարների վճարումը 2023 թվականի հունվարի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում կիրականացվի անկանխիկ եղանակով: «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:

Գործող կարգավորումներով՝ ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև՝ հրատապ օգնության գումարների վճարումն իրականացվում է կանխիկ և անկանախիկ եղանակներով: 2021 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակների և կենսաթոշակների վճարման կարգով վճարվող այլ դրամական վճարները կատարվում են բացառապես անկանխիկ եղանակով: Կենսաթոշակառուի ընտրությամբ՝ նրա դիմումի հիման վրա կանխիկ եղանակով վճարվում է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձին:

«Նպատակահարմար ենք համարում անկանխիկի վճարման քաղաքականությունը տարածել նաև ընտանեկան և սոցիալական նպաստի վրա՝ հաշվի առնելով կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ժամանակացույցը. Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում՝ 2021 թվականի հուլիսի 1-ից, այլ քաղաքներում՝ 2022 թվականի հունվարի 1-ից, 1000 և ավելի բնակչություն ունեցող գյուղերում՝ 2023 թվականի հունվարի 1-ից և մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ 2024 թվականի հունվարի 1-ից»,-ասաց փոխնախարարը:

Այսպիսով, ներկայացված նախագծով առաջարկվում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև՝ հրատապ օգնության գումարների վճարումը 2023 թվականի հունվարի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակվայրերում, իսկ 2024 թվականից մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ եղանակով:

Տեսանյութեր

Լրահոս