Սպասումները շարունակում են մտահոգիչ լինել
Ընդամենը 1-2 ամիս առաջ Կենտրոնական բանկը կանխատեսում էր, որ տարեվերջին գնաճը կլինի 8-8,5 տոկոս։ Սակայն այդ կանխատեսումն էլ շատ արագ փոխվեց. հիմա արդեն համարում են, որ դրան էլ անհնարին կլինի հասնել։
Գնաճն ավելի բարձր կլինի, քան կանխատեսվում էր կարճ ժամանակ առաջ։ Սպասվում է, որ տարվա վերջին այն կհասնի 10 տոկոսի։
Թանկացումների տեմպը թուլացնելու համար արդեն տևական ժամանակ Կենտրոնական բանկն իրականացնում է զսպող դրամավարկային քաղաքականություն, բայց գնաճը շարունակում է արագանալ։ Դրա համար հերթական անգամ որոշվեց 0,5 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Հիմա արդեն այն 10,5 տոկոս է. վերջին առնվազն տասնամյակի ամենաբարձր ցուցանիշը։
Այս տարվա ընթացքում ԿԲ-ն արդեն հինգերորդ անգամ է վերանայում տոկոսադրույքը և բացառապես բարձրացնելու ուղղությամբ։
Ընդհանուր առմամբ 2,5 տոկոսային կետով այն ավելացվել է միայն այս տարի։ Եվս 2,75 տոկոսային կետով՝ անցած տարի։
Տոկոսադրույքի բարձրացումը գնաճի վրա որոշակի լագային ազդեցություն ունի, բայց նույնիսկ երկարաժամկետում գնաճը չի թուլանում։
Դեռ չհաշված դրամի արժևորման էֆեկտը։
Անգամ այսպիսի գործոնների պայմաններում, գնաճը Հայաստանում վաղուց արդեն գերազանցում է այն թիրախային ցուցանիշը, որը դրված է Կենտրոնական բանկի պարտավորության սցենարում։
Կենտրոնական բանկը պարտավոր է միջին ժամկետում գնաճը պահել 3,5-5,5 տոկոսի սահմաններում։ Բայց արդեն երկրորդ տարին է՝ այն գտնվում է այս ցուցանիշից շատ ավելի բարձր դիրքում։ Անցած տարի՝ 12-ամսյա գնաճը կազմեց 7,7 տոկոս, այս տարվա սպասումն էլ 10 տոկոս է։
Թեև դեռ շուտ է ասել, թե տարեվերջին այն մինչև ուր կարող է հասնել։
Տոկոսադրույքի հերթական բարձրացումը նշանակում է, որ Կենտրոնական բանկն առաջիկայում դեռևս գնաճի ակտիվացման տարրեր է նկատում, չնայած համարում է, որ արտաքին հատվածից եկող ազդեցությունները թուլացել են։
Զարգացող երկրների կենտրոնական բանկերն էապես խստացրել են դրամավարկային պայմանները, ինչը հանգեցրել է ապրանքահումքային շուկաներում գների որոշակի նվազման։ Բայց դրանով հանդերձ, գնաճը Հայաստանի գործընկեր երկրներում շարունակում է բարձր մնալ ու այնտեղից տեղափոխվել ներքին շուկա։
Ներքին շուկայում արտաքին գնաճին ավելանում է ձևավորված բարձր պահանջարկն ու սպասումները՝ մեծացնելով ճնշումն ապրանքների վրա։
Կենտրոնական բանկում հույս ունեն, որ հաջորդ տարի այս իրավիճակը որոշ չափով կմեղմվի։
Համաշխարհային տնտեսական զարգացումների կանխատեսումներն այնքան էլ լավատեսական չեն։ Սպասվում է տնտեսական աճի դանդաղում, ինչը միջազգային շուկաներում կարող է հանգեցնել գների նվազման։ Ենթադրվում է, որ դա անուղղակիորեն կարտահայտվի նաև հայաստանյան շուկայում՝ ազդելով գնաճի միտումների վրա։
Այլ հարց է, թե ինչքանո՞վ այդպես կլինի։
Հայտնի է, որ արտաքին միջավայրի գնանկումային ազդեցությունները սովորաբար Հայաստանում շատ թույլ են արտահայտվում, եթե նույնիսկ արտահայտվում են։ Գնաճի դեպքում գներն արագ բարձրանում են, իսկ անկման դեպքում՝ շատ հաճախ այդ ազդեցությունը չի զգացվում։ Մի բան, ինչը տեսնում ենք նաև այս տարվա գնաճի պարագայում։
Թվում է, թե դրամի այսպիսի ամրապնդման հետևանքով էապես նվազել է ներմուծման գնաճային ազդեցությունը։ Ներմուծումը դրամի արժևորման արդյունքում առնվազն 20 տոկոսով էժանացել է։ Բայց ինչպես տեսում ենք՝ դրանից ներմուծվող ապրանքները գրեթե չեն էժանանում, երբեմն էլ թանկանում են։
Այս հանելուկի պատասխանը այդպես էլ որևէ մեկը չի տալիս հասարակությանը։
Ունենք, այսպես կոչված, անկախ հանձնաժողով, որը ստեղծվել է հենց նման դեպքերի համար։ Բայց այդ հանձնաժողովը մինչև հիմա որևէ ուսումնասիրություն չի ներկայացրել, թե որքանո՞վ է ներմուծվող ապրանքների ներքին գնագոյացումը համարժեք արտաքին շուկաների գնաճային դրսևորումներին և դրամի ամրապնդմանը, չկա՞ն արդյոք չարաշահումներ ու չհիմնավորված գներ։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանում մենաշնորհներ չլինելուց է խոսում։ Այնինչ՝ մենաշնորհներ չլինելու արդյունքը հատկապես այսպիսի իրավիճակներում է երևում։ Այն, ինչն ազգային արժույթի այսպիսի ամրապնդումից հետո տեսնում ենք գնային շուկայում, բոլորովին էլ դրա օգտին չի խոսում։
Մրցակցային միջավայրը Հայաստանում թույլ է, ու մենաշնորհների լինել-չլինելը որևէ խնդիր չի լուծում։ Չկա իրական մրցակցություն, երբեմն նույնիսկ նկատվում են հակամրցակցային համաձայնության տարրեր։ Պատճառներից մեկն էլ հենց դա է, որ, էժանացումների փոխարեն, սպառողներն ավելի հաճախ բախվում են թանկացումների հետ։
Սա գործադիր իշխանության խնդիրն է, որը, սակայն, այդպես էլ լուծում չի ստանում՝ մեծապես դժվարացնելով միայն ֆինանսական գործիքներով գնաճի զսպումը։
Կենտրոնական բանկից սկսել են ակնարկներ հնչեցնել նաև այն մասին, թե ինչո՞ւ չեն նվազում հանրային ծառայությունների սակագները։
«Քանի որ մեր գործընկերները բազմիցս հայտարարել են, որ գազի, էլեկտրաէներգիայի սակագնի մեջ էական բաղադրիչ է արժութային փոխարժեքը, մենք ակնկալում ենք, որ ինչ-որ ժամանակ անց մեր գազի, էլեկտրաէներգիայի սակագներն իջնելու են։ Բաղադրիչները, որոնք մտնում են գնի ձևավորման հաշվարկի մեջ, դոլարային են։ Դոլարի փոխարժեքը իջել է, բնականաբար, պետք է որոշակի ճշգրտում լինի»,- օրերս հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահը։
Հայտնի է, որ գնաճը միշտ էլ զգայուն է եղել՝ ինչպես գազի, այնպես էլ՝ էլեկտրաէներգիայի սակագների նկատմամբ։ Ու դրանց նվազումը կարող է որոշակի զսպող գործոն լինել գնաճի համար։ Դեռ այն ժամանակ, երբ դրամը նոր էր սկսել ամրապնդվել և շատ ավելի հեռու էր այսօրվա մակարդակից, իշխանությունները սակագների վերանայման ու նվազեցման հույսեր էին տալիս սպառողներին։ Բայց վաղուց արդեն մոռացել են այդ մասին, չնայած հիմա տարադրամի գները շատ ավելի ցածր են։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ