Ընտրությունների արդյունքը Փաշինյանին ապահովում է երրորդ անընդմեջ ժամկետը, սակայն բավարար չէ Սահմանադրությունը փոփոխելու կամ հանրաքվեներ անցկացնելու համար․ միջազգային մամուլ
Փաշինյանը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փնտրում են ուժեղ մանդատ Հայաստանի նոր աշխարհաքաղաքական ուղեգծի համար՝ ներառյալ Հարավային Կովկասի երկիրը Մոսկվայից հեռացնելը և Եվրամիությանը միանալու ձգտումը․ գրել է The Washington Post-ը։
Կայքը նշել է, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորել են Փաշինյանին լարված մրցակցությունից հետո, որը Եվրոպայում դիտվում է որպես Ռուսաստանի ազդեցության լակմուսի թուղթ նախկին խորհրդային հանրապետությունում:
Euronews-ը շեշտել է, որ մոտ 24 ժամ առաջ մենք ականատես եղանք երկու կարևորագույն ընտրությունների՝ մեկը Կոսովոյում և մյուսը Հայաստանում, որոնցում թեկնածուները բողոքում էին ռուսական ազդեցության դեմ, իսկ համայնքները կշռադատում էին, թե արդյոք պետք է մերձենալ Եվրամիությանը։
BBC-ին նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը հաղթանակ է տարել կարևորագույն ընտրություններում, որոնք համարվում են վճռորոշ՝ որոշելու համար, թե արդյոք երկիրը շարունակելու է մոտենալ Արևմուտքին։ Ընտրությունները զգալի միջազգային ուշադրություն են կենտրոնացրել երկրի վրա։ Երկուշաբթի Ֆրանսիան և ԵՄ-ն այն եվրոպական տերությունների շարքում էին, որոնք շնորհավորեցին Փաշինյանին՝ գովաբանելով Հայաստանի ավելի սերտ կապերն Արևմուտքի հետ։
Մինչդեռ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան պնդել է, որ ընդդիմադիր կուսակցությունների վրա «աննախադեպ ճնշում» է գործադրվել, իսկ Արևմուտքը «միջամտել» է։ Չնայած Փաշինյանի կողմից եվրոպական առաջնորդների հետ զարգացող բարիդրացիական հարաբերություններին՝ Հայաստանը դեռևս չունի ԵՄ թեկնածուի կարգավիճակ, և դաշինքին անդամակցելը դեռ շատ հեռու է։
Փաշինյանի ժողովրդականության կորուստը հիմնականում պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությամբ։
Փաշինյանի քննադատները երբեք չեն ներել նրան Ադրբեջանի հետ խաղաղության օգտին զիջումներ անելու համար։
Bloomberg-ը գրել է, որ արդյունքը Փաշինյանին ապահովում է երրորդ անընդմեջ ժամկետը, սակայն բավարար չէ Սահմանադրությունը փոփոխելու կամ հանրաքվեներ անցկացնելու համար։ Դա կարող է բարդացնել սահմանադրական փոփոխություններ անելու նրա ծրագրերը, որոնք Ադրբեջանը պահանջում է Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտությանը վերջ դնելու վերջնական խաղաղության համաձայնագրի շրջանակներում, և առաջ մղելու Հայաստանի՝ Եվրամիությանը ինտեգրման երկարաժամկետ նպատակը։ Քվեարկությունը ստվերվեց ձայների գնման մեղադրանքներով և ընդդիմադիր ակտիվիստների և թեկնածուների մասնակցությամբ մի շարք ձերբակալություններով։ Իշխանությունները տասնյակ քրեական հետաքննություններ սկսեցին ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ, մինչդեռ ընդդիմադիր խմբերը մեղադրեցին կառավարությանը իրավապահ մարմիններին քաղաքական մրցակիցների դեմ օգտագործելու մեջ։
ABC MEDIA

