Բևեռացված, պառակտող և ճնշումներով ուղեկցված ընտրություններ, բորբոքիչ հռետորաբանություն իշխող կուսակցության թեկնածուի կողմից. Հատված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական զեկույցից
«Քարոզարշավը եղել է աշխույժ և մեծ մասամբ խաղաղ, սակայն խիստ բևեռացված և պառակտող՝ բորբոքիչ հռետորաբանության պարբերական կիրառմամբ, այդ թվում՝ իշխող կուսակցության առաջատար թեկնածուի կողմից»,- այս մասին նշվում է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցում, որը հրապարակվել է քիչ առաջ։
Զեկույցում ասվում է, որ նախընտրական հռետորաբանությունը կենտրոնացած էր խաղաղության, Ադրբեջանի հետ հարաբերությունների, տարածաշրջանային կայունության, տնտեսության և կոռուպցիայի դեմ պայքարի մասին ուղերձների շուրջ, ընդ որում՝ մի քանի օտարերկրյա առաջնորդներ հանդես են եկել հրապարակային հայտարարություններով և աջակցությամբ՝ օգուտ իշխող կուսակցության:
«Ռուսաստանի Դաշնության կողմից ուղղակի ճնշումները՝ սրվող առևտրային սահմանափակումների և ընտրությունների արդյունքների հետ կապված՝ երկրի ապագա տնտեսական կայունությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքների տեսքով, առկա են եղել ողջ քարոզարշավի ընթացքում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն (Ընտրությունների դիտորդական առաքելություն) տեղական մակարդակում վարչական ռեսուրսների համակարգված չարաշահում չի արձանագրել, սակայն արձանագրել և ստացել է բազմաթիվ ահազանգեր, որոնցից մի քանիսը գնահատել է արժանահավատ՝ կապված ընտրողների վրա գործադրված ճնշումների հետ՝ իշխող կուսակցության քարոզչական միջոցառումներին ներկա գտնվելու համար: Սա, վերջերս ներդրված կամ նախաձեռնված սոցիալական ու տնտեսական միջոցառումների հետ մեկտեղ, տվել է առավելություն իշխող կուսակցությանը և խաթարել քարոզարշավի հնարավորությունների հավասարությունը՝ հակասելով ԵԱՀԿ հանձնառություններին:
Միևնույն ժամանակ, մի քանի ահազանգեր մատնանշել են որոշ տնտեսվարողների կողմից ընտրողների նկատմամբ գործադրված ճնշումները՝ հօգուտ ընդդիմադիր կուսակցությունների: Եղել են ընտրակաշառքի և ընտրական այլ խախտումների վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքներ, որոնք իշխանությունները նախաձեռնողաբար քննել են: Այնուամենայնիվ, քանի որ այս քննությունների թիրախում հիմնականում հայտնվել էին գլխավոր ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուներն ու կողմնակիցները, դա ընտրողական արդարադատության տպավորություն ստեղծեց և մտահոգություններ առաջացրեց քարոզարշավի հնարավորությունների ու մասնակցության վրա դրա ունեցած ազդեցության վերաբերյալ»,- ասվում է զեկույցում։

