Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
Իսրայելական ռազմական ինքնաթիռները հունիսի 8-ի լուսադեմին թիրախավորել են Լիբանանի հարավում գտնվող Նաբատիե շրջանի Զեֆթա գյուղը, որի հետևանքով զոհվել է չորս մարդ։ Այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Հարվածներից մեկը ուղղվել էր ապաստարանի վրա։
Գործակալության տեղեկացմամբ՝ Նաբատիեի շրջանը պարբերաբար ենթարկվում է հրետակոծության։
Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ Բեյրութի հարավային արվարձաններում գտնվող Մրեյջե շրջանի վրա իսրայելական ուժերի իրականացրած հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել, ևս 20-ը վիրավորվել է։
Լիբանանի կառավարության նիստից հետո X-ում վարչապետ Նավաֆ Սալամի գրասենյակի հրապարակած գրառման մեջ նշվել է, որ ապրիլի 17-ից մինչև հունիսի 7-ն Իսրայելի կողմից հրադադարի խախտումների ընդհանուր թիվը հասել է 3491-ի։ Նաև նշվել է իրականացված 407 պայթյունի և իսրայելական ցամաքային 6 ներխուժման մասին։
Տեղեկություններ են հաղորդվել, որ մարտին Իսրայել-«Հեզբոլլահ» պատերազմի սկսվելուց ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է լիբանանյան բանակի 29 զինվոր։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 3613-ի, իսկ վիրավորներինը՝ 11 072-ի։

