Իրանցի ցուցարարներին զինում են․ Բոլթոն

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է, որ Իրանում երկու ամսից ավելի պայքարող ընդդիմադիր ցուցարարները զինվում են: Ըստ նրա՝ ընդդիմադիրները զենք են ստանում Իրաքի Քրդստանից:

Ինչպես գրում է presstv.ir-ը, Բոլթոնն այս մասին ասել է BBC-ի՝ Լոնդոնից հեռարձակվող իրանական ծառայությանը:

Բոլթոնը, որը տարիներ շարունակ գլխավորել է Թրամփի հակաիրանական քաղաքականությունը, հույս է հայտնել, որ Իրանում շարունակվող բողոքի ցույցերը, որոնք բռնկվել են ոստիկանական կալանքի տակ գտնվող երիտասարդ կնոջ մահից հետո, կհանգեցնեն «ռեժիմի փոփոխության»:

Բոլթոնի խոսքով՝ ընդդիմադիրների «համակարգված ջանքերի հեռանկարը» ոչ միայն բողոքելն է, այլև հարկադրական ուժ կիրառել Իրանի կառավարության դեմ՝ տեղ հասցնելու «մեսիջն» առ այն, որ իրենք այլևս անզեն չեն և կարող են դիմակայել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ):

Նախօրեին հաղորդվել էր, որ Իրանում հակակառավարական ցույցերի ավելի քան 1000 մասնակցի դեմ դատական վճիռներ են կայացվել: 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանի հոգևոր առաջնորդների համար ամենամեծ մարտահրավերներից մեկը՝ արդեն յոթ շաբաթ տևող ցույցերը, չեն դադարում:

Ընդդիմադիր HRANA լրատվական գործակալությունը հայտնել է, որ շաբաթ օրվա դրությամբ անկարգությունների ընթացքում զոհվել է 318 ցուցարար, այդ թվում՝ 49 անչափահաս։ Նշվում է, որ սպանվել է նաև անվտանգության ուժերի 38 աշխատակից:

Անցյալ ամիս պետական լրատվամիջոցները հայտնել էին, որ սպանվել է անվտանգության ուժերի ավելի քան 46 անդամ, այդ թվում՝ ոստիկաններ։

Իրանի առաջնորդները թշնամիներին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին և Իսրայելին են մեղադրել անկարգություններ հրահրելու համար: Իրանցի օրենսդիրները կոչ են արել դատական համակարգին «վճռականորեն վարվել» հանցագործների հետ:

Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են շուրջ երկու ամիս։ Դրանք սկսվել են 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո, որը ծեծի էր ենթարկվել ոստիկանության բաժանմունքում՝ հիջաբը սխալ կրելու համար։ Զոհերի ստույգ թիվը հայտնի չէ։

Նոյեմբերի 6-ին իրանցի 290 պատգամավորներ բանաձև են ընդունել՝ ցուցարարներին «Աստծո թշնամիներ» անվանելով։ Խորհրդարանականները կոչ են արել դատական համակարգին հնարավորինս արագ պատիժներ սահմանել ցուցարարների նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս