Հնարավո՞ր է՝ թոշակառուն 36.000 դրամով մեկ ամիս ապրի, օրինակ, Սոցապ նախարարը կարո՞ղ է. լրագրողը՝ Նարեկ Մկրտչյանին
Այսօր խորհրդարանում լրագրողները Սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս ապրի այն թոշակառուն, որի թոշակը բարձրացրել են ընդամենը 6000 դրամով, մինչդեռ նախարարների աշխատավարձերը բարձրացվել են իրենց ստացած պարգևավճարների չափով։
«Նույնիսկ այն ժամանակ, երբ ես պատգամավոր էի, ասում էին՝ եկեք պատգամավորների աշխատավարձը տանք թոշակառուներին։ Եկեք տանք, տեսնենք՝ քանի լումայով կբարձրանա մի քանի հարյուր հազար թոշակառուների թոշակները։
Պետք է հստակ տարանջատենք այդ խնդիրները, պաշտոնյան էլ պետք է վարձատրվի, որպեսզի արդյունավետ կառավարման իր գործառույթները կարողանա իրականացնել։
Եկեք ընդունենք մեկ բան, որ այդ գնաճային ֆոնը զուտ հայկական ֆենոմեն չէ, այսօր գերզարգացած երկրներն իրենց պատմության աննդախադեպ գնաճային ֆոնն են ապրում։ Մենք քարանձավում չենք ապրում, գտնվում ենք միջազգային համակարգում, որտեղ ցանկացած իրողություն ու շարժում ըստ էության անդրադառնում է նաև Հայաստանի վրա»,- նշեց Նարեկ Մկրտչյանը։
Հարցին՝ խանութ գնո՞ւմ եք, առևտուր անո՞ւմ եք և 36.000 դրամով քանի՞ օր եք կարողանում ապրել, նախարարը պատասխանեց, որ, իհարկե, գնում է և հիմա կարող է այդ դաշտ մտնել ու շատ համեմատություններ անել։
«Երկրում կան խնդիրներ, և այդ խնդիրներին անդրադառնալու համար և՛ տնտեսական քաղաքականությունն է որշակի քայլեր իրականացնում, և՛ մենք ենք անում»,- շեշտեց նա։