Պաշտոնյաների համար անցանկալի հրապարակումները կգաղտնագրվեն՝ որպես «Պետական գաղտնիք». փոփոխություն՝ օրենքում

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր չզեկուցվող հարցով Կառավարության հաստատմանն է ներկայացրել մի որոշում, որով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը վերանվանվել և դարձել է «Պետական գաղտնիքի մասին» օրենք։

Օրենքի անվան փոփոխությունից զատ, ուշագրավ փոփոխություններ են կատարվել նաև բովանդակության մեջ։

Մասնավորապես, ըստ այդ փոփոխությունների, Հայաստանում այլևս չի կիրառվի «Ծառայողական գաղտնիք» հասկացությունը և «Գաղտնի» դրոշմագիր ունեցող բոլոր տեղեկությունները՝ առանց բացառության, կդասվեն որպես «Պետական գաղտնիք»:

Առաջարկվող փոփոխությունների համաձայն` գաղտնիության աստիճաններին համա­պատասխան` կսահմանվի պետական գաղտնիքի տեղեկակիրների 3 աստիճան դրոշմագիր՝ նշում՝ «Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի» և «Գաղտնի»։

Կարդացեք նաև

ԱԱԾ-ի այս որոշման վերաբերյալ ծավալուն առարկություն է ներկայացրել «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը»։

Մասնավորապես, անընդունելի է համարվել օրենքի փոփոխությունն այն հիմնավորմամբ, որ դրանով սահ­մանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին են այսուհետ դասելու անորոշ շրջանակի տեղեկություններ, որոնք նույնիսկ չեն հանդիսանում պետական գաղտնիքի մաս:

Անհանգստացնող է այն, որ այս փոփոխությամբ նախատեսվում են տեղեկատվության մատ­չելիությունը սահմանափակելու լայն լիազորություններ և դրանք չարաշահելու հնարավորություն, և «Պետական գաղտնիք» հասկացության քողի տակ կգաղտնագրվի ցանկացած պետական մարմնի համար հրապարակման առումով անհարմար, ոչ ցանկալի տեղեկատվություն:

Ըստ այս հիմնադրամի տված առարկության՝ ԱԱԾ-ի ներկայացրած այս իրավակարգավորումը ուղղակիորեն հակասում է տեղեկատվության ազատության իրա­վունքի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապե­տության ստանձնած միջազգային պարտա­վորու­թյուններին և ՀՀ Սահմա­նադրության պա­հանջներին։

«Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»-ից ընդգծել են, որ Ազգային անվտանգության ծառայության ներկայացրած որոշմամբ հաշվի չեն առնվել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումները և պահանջները, որոնք պարտադիր են նաև հանրային նշանակության կազմա­կեր­պությունների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպու­թյունների համար:

Նշենք, որ չնայած այս բոլոր առարկություններին, դրանք չեն ընդունվել ու ԱԱԾ-ի ներկայացրած որոշումը Կառավարությունը հաստատել է։

Տեսանյութեր

Լրահոս