Բաժիններ՝

Աննա բաջի՛, ամեն գրածիցդ հետո մի վատ բան է լինում, ամուսնուդ հետ ծախել եք մեր հայրենիքը. 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների մայրեր

Այսօր Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որը վրդովեցրել է Արցախյան վերջին 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված զինծառայողների հարազատներին:

«Դավաճանությունը մահ է: Պետք է արձանագրել այդ մահը եւ թաղել մեռելին: Եթե նույնիսկ մեռնողը հարաբերությունն է։ Երբ մեր սիրելի մարդն է մահանում, մենք նրան չենք թողնում անթաղ ու հեռանում:

Մենք նրան հողին ենք հանձնում, բայց չենք լքում: Շարունակում ենք սիրել, գուցե ավելի շատ ենք սիրում, շարունակում ենք կարոտել, գուցե ավելի շատ ենք կարոտում, շարունակում ենք շփվել, գուցե ավելի շատ ենք շփվում՝ նոր հարաբերություն ենք կառուցում, նոր հարթություն։ Չպետք է վախենալ․ երբե՛ք չենք մոռանում։

Սա մե՛նք ենք եւ մե՛ր հայրենիքը: Մենք սիրում ենք մեզ այնպիսին ինչպիսին կանք, մենք սիրում ենք մեր հարաբերությունները, եթե նույնիսկ դրանք մահացել են, բայց մենք պետք է թաղենք այդ հարաբերությունները եւ նորի ծնունդի հանարավորություն տանք:

Հակառակ դեպքում մեռելը նեխում է, շուրջը տարածում թանձր գարշահոտ, ոչնչացնում ցանկացած ծիլ, որ կկանաչեր եւ պտուղ կտար, ցանկացած բջիջ, որ կբեղմնավորվեր եւ նոր կյանք կտար, ցանկացած էլեմենտ, որ նոր էներգիա կստեղծեր:

Ինչպես թաղե՞նք։ Դադարեցնե՛նք սուգն ու վայնասունը, լացն ու կոծը, անհիշելի ժամանակներից դատարկ լոզունգ դարձած ինքզինքը ձոներն ու փառաբանումները, մեզ կառավարող, մեր վախերի վրա կազմած քաղաքական բանաձեւերի շրջանառությունը, փուչ բաժակաճառերը՝ դրանք երբեք չե՛ն բերել մխիթարություն, երբեք չե՛ն մեղմացրել ցավը, չե՛ն սքողել մեղավորությունը եւ չե՛ն փոխել իրականությունը: Մենք պետք է թաղենք այդ ամենը, ինչպես մայրն է թաղել իր 19-ամյա որդուն», -մասնավորապես գրել էր Աննա Հակոբյանը՝ գրառմանը կցելով նահատակ Արման Ազատյանի շիրիմի, նրան այցելած մոր ու նորածին եղբոր՝ Արման Ազատյան-կրտսերի լուսանկարը:

Ավելի ուշ Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, 168.am-ի հետ զրույցում Աննա Հակոբյանին ժամանակ էր տվել գրառումն ու իր ընտանիքի լուսանկարը հեռացնելու:

Քիչ առաջ Եռաբլուրում էին հերոս տղաների մայրերը: Նրանք իրենց վրդովմունքի խոսքն ուղղեցին Աննա Հակոբյանին՝ նրան կոչ անելով իր գրառման բովանդակությունն ասել իրենց աչքերին նայելով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս