Դատախազ Պետրոսյանին իր տան բակից առևանգած, նրա նկատմամբ բռնություն գործադրած պարեկի գործը դատարանում է. վերջինս մեղադրյալ է
Դեռևս հուլիսի 9-ին 168.am-ն անդրադարձել էր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանի և Պարեկային ծառայության պարեկի հետ տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ պարեկը դատախազ Էդգար Պետրոսյանին, ով դեպքի պահին եղել էր գինովցած, արցունքաբեր գազի գործադրմամբ, տառացիորեն միայնակ տանում է նրա առանձնատան բակից:
Մենք նաև հրապարակել էինք տեսանյութը, որի ուսումնասիրությունից հաստատվում է, որ Էդգար Պետրոսյանին՝ սեփականություն հանդիսացող տարածքից, առանձնատան բակից միայնակ պարեկն ուղղակի առևանգում է։
Այս պատմությունը շարունակություն էր ունեցել նաև ոստիկանական բաժանմունքում, ուր բերման էր ենթարկվել դատախազ Պետրոսյանը, և իրավապահ մարմինների ծառայողների ոչ իրավաչափ գործողությունները շարունակվել են արդեն այնտեղ: Այս հանգամանքը հերքելու հնարավորություն արդեն ոստիկանությունը ոչ մի կերպ չուներ, քանի որ, 168.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի այդ օրվա տեսաձայնագրություններն անհետացել էին:
Այդ օրերին շատերը մեղադրեցին դատախազ Պետրոսյանին, և մինչ հերոսացնում էին պարեկին, ով վնասազերծել էր ղեկին գինովցած նստած դատախազին, դատախազը պնդում էր՝ պարեկի արարքներում կա հանցակազմ: Ինքը՝ Էդգար Պետրոսյանը, չի վիճարկել իր նկատմամբ կիրառված տույժերը՝ համարելով, որ ինքը կատարել է իրավախախտում, և պետք է ու տվել է դրա համար պատասխան:
Ինչ վերաբերում է պարեկի գործողություններին, հարուցված քրեական վարույթի շրջանակներում վերջինիս առաջադրվել էր մեղադրանք:
168.am-ի տեղեկություններով՝ այս գործի նախաքննությունն արդեն իսկ ավարտվել է, և Պարեկի կողմից դատախազի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան:
Գլխավոր դատախազությունից 168.am-ի հետ զրույցում հաստատեցին՝ ավարտվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկների կողմից դատախազի նկատմամբ բռնություն գործադրելու, իրենց լիազորություններից չբխող և լիազորությունների շրջանակից դուրս գտնվող արարքներ կատարելու, դատախազի կողմից պարեկներին դիմադրություն ցույց տալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունը:
«2022 թ. հուլիսի 8-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Պարեկային ծառայության պարեկային 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Դ.Բ.-ն, ծառայության ընդգրկված լինելով Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում, Խուդյակով փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց նկատել է, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Է.Պ.-ն կատարել է իրավախախտում՝ հանդիպակաց երթևեկություն, և պահանջել է կանգնել: «Կանգ առ» հրահանգը ստանալուց հետո վարորդը շարունակել է վարել ավտոմեքենան, որից հետո Դ.Բ.-ն հետևել է վերջինիս: Է.Պ.-ն, հասնելով իր բնակության վայր, կանգ է առել, իջել ավտոմեքենայից և մոտեցել Դ.Բ.-ին: «Կանգ առ» հրահանգին չենթարկվելու համար Դ.Բ.-ն Է.Պ.-ին պահանջել է՝ իր հետ գնալ ոստիկանության բաժին: Վերջինս իր անհամաձայնությունն է հայտնել ներկայացված պահանջի կապակցությամբ՝ պատճառաբանելով, որ այն ապօրինի է»,- ասացին Դատախազությունից:
Ըստ Դատախազության՝ նույն պահանջը կրկին ներկայացնելուց և մերժում ստանալուց հետո պարեկը, տվյալ պահին առերևույթ որևէ իրավախախտման կատարումը ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցի գործադրմամբ դադարեցնելու անհրաժեշտության բացակայության և իր համար ակնհայտ՝ դատախազի կողմից ենթադրյալ հանցանք կատարած չլինելու պայմաններում ապօրինի ձերբակալել է վերջինիս՝ սահմանափակելով նրա անձնական ազատության իրավունքը, բռնություն և հատուկ միջոց գործադրել նրա նկատմամբ՝ Էդգար Պետրոսյանի առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Մասնավորապես, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով՝ որոշում է կայացվել դատախազ Էդգար Պետրոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ նախատեսված արարքը կատարած չլինելու հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մաս):
Դատախազության փոխանցմամբ՝ քրեական վարույթի շրջանակում նախաքննական մարմնի կողմից ներկայացվել է միջնորդություն՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկ Դ.Բ.-ի նկատմամբ հարուցել հանրային հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 478-րդ հոդվածի 1-ին մասով:
«Միջնորդության քննարկման արդյունքում հսկող դատախազի որոշմամբ Դ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որ նա, լինելով պաշտոնատար անձ, հանրային ծառայող՝ պետական ծառայությունում ընդգրկված ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պարեկային 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ, դիտավորությամբ կատարել է իր լիազորություններից չբխող և իր լիազորությունների շրջանակից դուրս գտնվող արարքներ, որոնք էական վնաս են պատճառել Է.Պ.-ի իրավունքներին և օրինական շահերին: Նշված արարքները Դ.Բ.-ն կատարել է բռնություն գործադրելով և հատուկ միջոց կիրառելով: Բացի այդ, Դ.Բ.-ն, լինելով ձերբակալում կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձ, դիտավորությամբ, ապօրինի՝ օրենքով նախատեսված հիմքերի ակնհայտ բացակայության պայմաններում, ձերբակալել է Է.Պ.-ին»,- ասացին Գլխավոր դատախազությունից՝ հավելելով՝ մեղադրյալ Դ.Բ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
Նախաքննության ընթացքում դատախազի կողմից որոշում է կայացվել նաև դեպքի հետ առերևույթ առնչություն ունեցած՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 5 պարեկների նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքը կատարած չլինելու հիմքով:
«2022 թվականի հոկտեմբերի 11-ին քրեական վարույթի նյութերն ըստ մեղադրանքի՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկ Դ.Բ.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 478-րդ հոդվածի 1-ին մասով, հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- եզրափակեցին դատախազությունից: