ՔԿ-ն հաստատում է՝ պարեկը հրավիրվել է Կոմիտե, իսկ դատախազ Էդգար Պետրոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել

Դեռևս հուլիսի 9-ին 168.am-ն անդրադարձել էր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանի և Պարեկային ծառայության պարեկի հետ տեղի ունեցած միջադեպին, երբ դատախազին, ով դեպքի պահին եղել էր գինովցած, իր տան բակից արցունքաբեր գազի գործադրմամբ, տառացիորեն միայնակ տանում է նրա առանձնատան բակից:

Մենք նաև հրապարակել էինք տեսանյութ, որի ուսումնասիրությունից պարզ էր դառնում, որ միայնակ պարեկն Էդգար Պետրոսյանի սեփականություն հանդիսացող տարածքից, առանձնատան բակից ուղղակի առևանգում է նրան:

Այս պատմությունը շարունակություն էր ունեցել նաև ոստիկանական բաժանմունքում, ուր բերման էր ենթարկվել դատախազ Պետրոսյանը, և իրավապահ մարմինների ծառայողների ոչ իրավաչափ գործողությունները շարունակվել են արդեն այնտեղ: Այս հանգամանքը հերքելու հնարավորություն արդեն ոստիկանությունը ոչ մի կերպ չուներ, քանի որ, 168.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի այդ օրվա տեսաձայնագրություններն անհետացել էին:

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կառավարած Հայաստանում կարող է լինել դեպք, որ ոստիկանության բաժնի տեսախցիկների ձայնագրությունները ջնջվեն, այնինչ դրանք շա՜տ հետաքրքիր բացահայտումներ էին խոստանում թե նախաքննական մարմնին, թե հսկող մարմնին, և թե հատկապես պարեկային ծառայության ջատագովներին ու մանավանդ իրավապաշտպաններին:

Կարդացեք նաև

Երեկ արդեն տեղեկություն տարածվեց, որ Էդգար Պետրոսյանի նկատմամբ բռնություն կիրառած պարեկը Քննչական կոմիտեում է:

«Տեղյակ չեմ իրականում, ես էլ եմ այդ մասին մամուլից իմացել»,- ի պատասխան 168.am-ի հարցին՝ արդյո՞ք պարեկը եղել է ՔԿ-ում, և նրան մեղադրանք է առաջադրվել, ասաց Էդգար Պետրոսյանը, ապա հավելեց՝ միայն կարող է ասել, որ իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել:

Նշենք, որ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերով՝ հանրային քրեական հետապնդումը նախկինում դատախազի կողմից հարուցվող քրեական հետապնդում է: Այսինքն՝ դատախազությունը որոշում է կայացրել Էդգար Պետրոսյանին քրեական հետապնդման չենթարկել:

Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանն էլ մեզ հետ զրույցում հաստատեց՝ այո, պարեկը հրավիրվել է Քննչական կոմիտե, քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Եվ թեպետ մենք հարցրել էինք նաև՝ ունի՞ արդյոք պարեկը քրեական վարույթով որևէ կարգավիճակ, կամ մեղադրա՞նք առաջադրվել է նրան, այլ մանրամասներ չհայտնվեցին:

Տեսանյութեր

Լրահոս