Հրահանգների կատարում է․ մարդիկ, ովքեր հրճվում են այս ամեն ինչով, պիտի հասկանան սրա բացասական հետևանքները․ Նինա Կարապետյանց
Մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ նախընտրական արշավների էր գնում մարզեր, Լոռու մարզի Շնող համայնքում հայտարարել էր․ «Շատ շուտով ԲՀԿ ղեկավարի` Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարը` «Արարատի ցեմենտի» գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը»։
Ի դեպ, այս համատեքստում Փաշինյանը հիշեցրել է «հաջողված» օրինակները, այդ թվում՝ ՀԷՑ-ի պատմությունը։
Օրերս, կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա վերահաստատել էր․ ««Արարատցեմենտ»-ը շատ շուտով լինելու է պետական, և նշանակվելու է ղեկավար՝ սահմանված ընթացակարգով»։
Dictum ac factum, կամ՝ ասվածը՝ արված է․ Գլխավոր դատախազությունն այսօր հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով, որ «Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:
Որոշումն ընդունվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, որը հարուցվել է Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ:
Հիշեցնենք, որ նույն հայցով Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել նաև 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 ընկերություններում մասնակցություն, ինչպես նաև շուրջ 106 միլիարդ դրամի ապօրինի ծագում ունեցող գույք և միջոցներ»,- մանրամասնել էին դատախազությունից։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը 168․am-ի հետ զրույցում համոզում հայտնեց, որ դատախազությունը, թերևս, ամբողջ ճշմարտությունը չի ներկայացնում, քանի որ իրականում սա իշխանությունների՝ հերթական հանրային ձևով տրված հանձնարարությունն է։
«Բազմիցս հայտարարվել են և անվանական նշվել են տարբեր անհատներ, անձինք, ու կապ չունի, թե ով՝ ինչպես է վերաբերվում այդ մարդկանց, արվել են բիզնեսները խլելու, բոմժացնելու ու էլի տարբեր տեսակի արտահայտություններ, և սա ուղղակի հրահանգների կատարում է»,- հիշեցրեց իրավապաշտանը։
Նինա Կարապետյանցը նկատեց, սակայն, որ տեղի ունեցողը սպասելի ու կանխատեսելի էր, որովհետև, ըստ նրա, կային շրջանակներ, որոնք համոզված էին, որ վերընտրվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը գնալու է հենց այս սցենարով։
«Սա, իհարկե, շատ ցավալի է․ տեղի է ունենում սեփականության իրավունքի տոտալ խախտում, և սա առաջին դեպքը չէ։ Մարդիկ, ովքեր հրճվում են այս ամեն ինչով, պիտի հասկանան սրա բացասական հետևանքները ներդրումների տեսակետից․ որևէ ողջամիտ, առողջ դատողություն ունեցող մարդ երբեք չի գա ու ներդրում չի անի մի միջավայրում, որտեղ մեկ անձի, ղեկավարի հանձնառության հիման վրա արդարադատություն կոչվող համակարգը լծվում է մարդկանց սեփականությունից զրկելու գործընթացին։
Սա շատ ցավալի է Հայաստանի հետագա զարգացման տեսակետից, և մարդիկ պետք է գիտակցեն, որ տնտեսական ներդրում չունենալը կնշանակի տնտեսության զարգացման շատ ցածր տեմպեր, ինչն էլ իր հերթին՝ կհանգեցնի նրան, որ ավելացված թոշակները, բժշկական ապահովագրությունը, որ մարդիկ ընտրություններին ընդառաջ ստացան որպես «ընտրակաշառք», ինչ-որ պահի կարող է չլինի, որովհետև տնտեսական աճ չի լինելու»,- մանրամասնեց իրավապաշտպանը։
Ի դեպ, ըստ նրա, փորձելու են այս պրոցեսները համեմել «ինչ-որ բանի դեմ պայքարի, կոպեկ առ կոպեկի, ձուկիկ առ ձուկիկի․․․ պատմությունների շրջանակներում՝ շարունակելով կերակրել հասարակությանը»։
Նինա Կարապետյանցն այս սանձարձակ պահվածքը համարում է նաև այն կառույցների, ինստիտուտների խնդիրը, որոնք պետք է կանխարգելեին այդ պրոցեսը։ Ըստ նրա՝ թե՛ այդ ինստիտուտների, թե՛ քաղհասարակության լռությունը կամ անհասկանալի վարքագիծը թույլ են տալիս մտածելու, որ սա հավերժ է տևելու։
«Բայց, իհարկե, սա որևէ երկրում հավերժ չի տևում․ այնպես որ, հուսամ՝ հասարակությունը հնարավորինս շուտ կհասկանա, որ այս տեսակ իշխանությունները, իհարկե, կործանարար են պետության համար, և այս տեսակ իշխանություններին օր առաջ պետք է բացատրել, որ իրենք իրենց տեղում չեն»,- ամփոփեց իրավապաշտպանը։

