Բրյուսովի անվան համալսարանի հայտարարության տեքստը` բուհերի միացման մասին

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանն այսօր հրավիրված Գիտական խորհրդի նիստում ընթերցեց նիստում ընդունված հայտարարության նախագիծը՝ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, Մանկավարժական համալսարանն ու Ֆիիզկուլտուրայի ինստիտուտը միավորելու մասին՝ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ:

«Նախագծի բուն տեքստին չենք անդրադառնում, քանի որ ակնհայտ է՝ այն չունի որևէ տրամաբանական հիմնավորում և սկզբունքորեն մերժելի է:

Նախագծի  հիմնավորման կառուցվածքը չի համապատասխանում կրթական համակարգում արմատական փոփոխություններ նախատեսող փաստաթղթին հարիր պահանջներին: Հիմնավորումը կառուցված է միայն մի քանի՝ այդ թվում դեռևս չընդունված իրավական ակտերի հղումների վրա, պարունակում է  բազմաթիվ չհիմնավորված պնդումներ, բացակայում են մասնագիտական ուսումնասիրության արդյունքները»,- մասնավորապես նշված էր հայտարարության մեջ:

Հայտարարությունն ընթերցելուց հետո ռեկտորը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 17-ին Բրյուսովի անվան պետական համալսարանը ՀՀ վարչապետին է ներկայացրել բուհերի զարգացման և արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ, որոնց համաձայն՝ նման նպատակներ հետապնդող բարդ ու պատասխանատու ծրագրերը պետք է մշակվեն մասնագիտական հանրության, այդ թվում՝ բուհերի ներկայացուցիչների մասնակցությամբ,  ապա հավելեց՝  սպասում են ՀՀ վարչապետին ուղղված իրենց առաջարկությունների դրական պատասխանին:

Կարդացեք նաև

168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր՝ Վալերի Բրյուսովի անվան համալսարանում Գիտական խորհրդի ընդլայնված նիստ էր հրավիրվել. օրակարգում մեկ հարց էր՝  ««Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» և «Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամները Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամին միացման ձևով վերակազմակերպելու» մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկումը:

«Որոշման նախագիծը մեզ հանձնվել է հոկտեմբերի 14-ին՝ մեր խնդրանք-նամակին ի պատասխան: Մենք դրանից հետո այդ որոշումը շրջանառել ենք համալսարանի բոլոր ստորաբաժանումներում, տրամադրել ենք ուսանողական խորհրդին, և  այսօր առաջարկվել է հրավիրել ընդլայնված նիստ՝ քննարկելու որոշման նախագիծը:

Այսօրվա նիստին մենք կրկին հրավիրել էինք ԿԳՄՍ նախարար պարոն Դումանյանին, սակայն նա մեր հրավերը չի ընդունել»,- նիստի մեկնարկին հայտարարել էր Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս