«Ինձ հրավիրել են` հրաժարվել եմ, որևէ պաշտոն չեմ զբաղեցնելու». Բրյուսովի ռեկտոր

Վալերի Բրյուսովի անվան համալսարանում Գիտական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանն անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության պատրաստած ուսանողներ-նախարար հանդիպման մասին ռեպորտաժին, որում նախարար Վահրամ Դումանյանը ասել է, թե կան «ստորգետնյա հոսանքներ», թե սա փորձ է ուսանողներին մանիպուլյացնելու:

«Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ բոլորին հայտնել՝ հոկտեմբերի 14-ի նիստից առաջ նախարարի հետ իմ հանդիպման ժամանակ, ԿԳՄՍ նախարարն ինձ առաջարկել է նոր կազմավորվող բուհում գրավել որևիցե բարձր պաշտոն. ես հրաժարվել եմ դրանից, ասել եմ, որ դա բացառված է: Եվ հիմա նորից ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ նոր կազմավորվող ինստիտուտում ես որևէ պաշտոն չեմ զբաղեցնելու:

Ես նշել եմ, որ սա անձնային հարց չէ, որ այստեղ ոչ մի ստորգետնյա շարժումներ չկան, մանիպուլյացիայի ենթարկել այսքան ուսանողների, դասախոսների և աշխատակազմի՝ հնարավոր չէ: Ես ասել եմ, որ ես այստեղ եմ, որպեսզի պաշտպանեմ այս բուհի շահերը, ես ուսանողների և աշխատակազմի կողքին եմ»,- մանրամասնեց Կարինե Հարությունյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ համալսարանում Գիտական խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրվել, որի օրակարգում մեկ հարց է՝ ««Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» և «Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամները Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամին միացման ձևով վերակազմակերպելու» մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկումը:

Կարդացեք նաև

«Որոշման նախագիծը մեզ հանձնվել է հոկտեմբերի 14-ին՝ մեր խնդրանք-նամակին ի պատասխան: Մենք դրանից հետո այդ որոշումը շրջանառել ենք համալսարանի բոլոր ստորաբաժանումներում, տրամադրել ենք ուսանողական խորհրդին, և այսօր առաջարկվել է հրավիրել ընդլայնված նիստ՝ քննարկելու որոշման նախագիծը:

Այսօրվա նիստին մենք կրկին հրավիրել էինք ԿԳՄՍ նախարար պարոն Դումանյանին, սակայն նա մեր հրավերը չի ընդունել»,- նիստի մեկնարկին հայտարարել էր ռեկտոր Կարինե Հարությունյանը:

Հիշեցնենք, որ կառավարության որոշման նախագծի հանրայնացումից հետո Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն օրեր շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ «Բրյուսովի ուսանողը հաղթելու է», «Մենք պահանջում ենք արդարություն», «Չենք ձուլվելու» վանկարկումներով:

Տեսանյութեր

Լրահոս