Հայաստանը բացվում է Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիների համար
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է այն չափանիշները, ըստ որոնց Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն:
Բազմաթիվ կետերից ու ենթակետերից բաղկացած այդ չափանիշներում ընդգրկված են նաև տնտեսության մեջ ֆինանսական ներդրում կատարելու միջոցով ՀՀ քաղաքացիություն ստանալու մի շարք հնարավորություններ։ Ըստ այդմ, որևէ այլ երկրի քաղաքացի կարող է ՀՀ քաղաքացիություն ստանալ Հայաստանում` ներդնելով առնվազն 150 հազար դոլար՝ բաժնետոմսի կամ բաժնեմասի ձեռքբերման, պետական պարտատոմսերի գնման, այլ ֆինանսական գործիքներում այդքան գումարի ներդրում կատարելու դիմաց։
Եթե ավելի պարզեցնենք խրթին ձևակերպումների տակ թաքնված չափանիշները, ապա Հայաստանը գործնականում վաճառում է սեփական քաղաքացիությունը՝ սկսած 150 հազար դոլարից։
Առաջին հայացքից սրա մեջ արտառոց ոչինչ չկա, այսպես կոչված, «քաղաքացիություն՝ ներդրման դիմաց» (Citizenship by Investment) գործիքը կիրառվում է աշխարհի շատ երկրներում՝ սկսած օֆշորային գոտիներից ու արևադարձային երկրներից, մինչև Եվրամիության պետություններ ու ԱՄՆ։ Այս ինստիտուտի միջոցով համաշխարհային ֆինանսական էլիտան վաղուց լուծել է «աշխարհի քաղաքացի» դառնալու հարցը՝ ներդրումների միջոցով ձեռք բերելով բազմաթիվ հրապուրիչ երկրների անձնագրեր (ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, ի դեպ, հրաժարական տվեց այն բանից հետո, երբ «Հետքի» բացահայտումից հայտնի դարձավ, որ Հայաստանի ղեկավարի պաշտոնում առաջադրվելիս ունեցել է Կարիբյան ծովում գտնվող Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն):
Ներդրումների դիմաց քաղաքացիություն տրամադրելու մեխանիզմը, սակայն, խնդրահարույց և խիստ վտանգավոր է այն պետությունների պարագայում, որոնք ունեն չլուծված հակամարտություններ, փաստացի թշնամական հարաբերություններ այլ երկրների հետ, և որոնք, ինչպես ներկայումս Հայաստանը, իսկական դրախտ են ամենատարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների, այդ թվում` թշնամիների հատուկ ծառայությունների համար։ Ահա այս տեսանկյունից Հայաստանում քաղաքացիություն ստանալու համար ներկայացված չափանիշները գործնականում մեր երկիրը բացում են առաջին հերթին Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիների առջև, որոնք, փաստորեն, ընդամենը 150 հազար դոլարով կարող են ստանալ ՀՀ անձնագիր։
Խնդիրը ոչ միայն և ոչ այնքան Ադրբեջանի կամ Թուրքիայի քաղաքացիների կողմից այս հնարավորությունից օգտվելու հնարավոր անհատական որոշումներն են, որքան այն, որ այս գործիքն օգտագործելով` այդ երկրի իշխանությունները կարող են իրենց երկրների քաղաքացիների համար «նպատակային ներգաղթ» կազմակերպել Հայաստան, այդ թվում՝ քաղաքացիություն ստանալու համար պահանջվող ներդրումները ֆինանսավորելով պետական ամենատարբեր խողովակներից, ինչի փորձն ունեն երկար ժամանակ և կիրառում են, օրինակ, նաև մեր հարևան Վրաստանում։
Հասկանալի է, որ պետական նշանակության խնդիրների լուծման համար ՀՀ անձնագրի փաստացի արժեքը՝ 150 հազար դոլար, չնչին գումար է Ադրբեջանի կամ Թուրքիայի համար և, օրինակ, մի քանի միլիարդ դոլար ներդնելով` նրանք կարող են Հայաստանում «կազմավորել» կայուն փոքրամասնություն՝ աճման միտումով։ Ընդ որում, այս դեպքում խնդիրը միայն պայմանական լրտեսական ցանցերի հնարավոր ստեղծումը չէ․ սա լավ հնարավորություն է այդ երկրների համար` իրականացնելու այն, ինչն անվանում են տնտեսական էքսպանսիա։ Հեշտացված ընթացակարգով քաղաքացիություն ստանալու հնարավորությունն օգտագործելով` հաշված տարիների ընթացքում թուրքական/ադրբեջանական կապիտալը կարող է ողողել Հայաստանը, որը, փաստորեն, առաջանցիկ քայլերով նպաստում է դրան։ Բայց ամենամեծ խնդիրն այն է, որ թուրքական էքսպանսիայի հնարավորությունը կարող է ոչ միայն դժգոհություն չառաջացնել հայ հասարակության առնվազն որոշակի հատվածի շրջանակներում, այլ ընդունվել մեծ խանդավառությամբ։
Հարություն Ավետիսյան