Տնտեսությունում 150 հազար դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է այն չափանիշները, ըստ որոնց Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած օտաերկրյա քաղաքացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն։

Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

ՀՀ քաղաքացիության մասին օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանին բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց: Միևնույն ժամանակ, ըստ օրենքի՝ նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանվում են կառավարության որոշմամբ:

Վարչապետի 2022թ․ հուլիսի 29-ի որոշմամբ՝ հաստատվել է օրենքի այդ կետի կիրարկումն ապահովող միջոցառումը, և հոկտեմբերի 12-ին ոստիկանությունը ներկայացրել է նշանակալի ավանդի նկարագրությունն ու գնահատման չափանիշները։

Ըստ ներկայացված նախագծի՝ ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք՝

  • կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով կտրամադրեն առնվազն 150 հազար դոլար,առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի
  • (բաժնեմասի, բաժնետոմսի ձեռքբերում) մեջ կներդնեն առնվազն 150 հազար դոլար՝ առնվազն 10 տարի ժամկետով,
  • ձեռք կբերեն պետական պարտատոմսեր առնվազն 150 հազար դոլարի չափով՝ առնվազն 7 տարի ժամկետով,
  • ձեռք կբերեն անշարժ գույք՝ առնվազն 150 հազար դոլարի չափով՝ նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով,
  • որևէ ներդրումային ֆոնդում կներդնեն (պետության կողմից հավանության արժանացած) առնվազն 150 հազար դոլարին համարժեք գումար՝ առնվազն 10 տարի ժամկետով,
  • կհիմնադրեն 1 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություն Հայաստանում՝ պայմանով, որ հիմնադրողի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում,
  • կհիմնադրեն 100 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող օտարերկրյա տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության մասնաճյուղ Հայաստանում, որն ունի 500 և ավելի աշխատող ՀՀ-ում,
  • կհիմնեն 80 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի չափով վենչուրային հիմնադրամ,
  • կկատարեն 100 հազար դոլարին համարժեք դրամ և ավելի չափով ֆինանսական ներդրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում կամ վենչուրային հիմնադրամներում,
    կունենան Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի կամ Լոնդոնի բորսաներում հայտարարագրված բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում 20 և ավելի տարի աշխատանքի փորձ,
  • կունենան փոստի ոլորտի միջազգային կառույցներում համագործակցության տևական (ոչ պակաս, քան 5 տարի) ակտիվ գործունեություն, ինչպես նաև ոլորտում կանեն ֆինանսական, նյութատեխնիկական ներդրումներ՝ առնվազն 250 հազար դոլարին համարժեք դրամի չափով:

ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ նաև, օրինակ՝ ռազմական դրության պայմաններում Հայաստանի կամ Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացրած օտարերկրացի բուժաշխատողները։

Հավելենք, որ այս նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։

Տեսանյութեր

Լրահոս