«Մեր Այգեպար գյուղի մասին էսօր խոսք կա, որ պետք է զիջում անեն»․ հարցում Բերդ համայնքում
168.am-ն օրերս Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում էր: Շրջեցինք կենտրոնական փողոցներով, զրուցեցինք բնակիչների հետ՝ պարզելու համար, թե ի՞նչ խնդիրներ, ի՞նչ մտահոգություններ ունեն։
Իհարկե, ոչ բոլորն էին պատրաստակամ պատասխանելու մեր հարցերին, շատերը հատկապես հրաժարվում էին հենց տեսախցիկի առջև կարծիք հայտնել, դրան, ինչպես ասում են, սովորել ենք, բայց գիտենք նաև, որ միայն կադրից դուրս են անկեղծանում, և նրանց անհանգստացնող հիմնական և, կարելի է ասել, այս պահին միակ հարցը՝ հայրենիքի սահմաններն են։
Հարցվածներից 86 տարեկան մի տղամարդ մեզ հետ զրույցում հիշեց իր երիտասարդության տարիները, ասաց՝ այն ժամանակ թշնամին հայի ներկայությունից արդեն իսկ սարսափում էր, իսկ հիմա ամեն ինչ փոխվել է, բայց միևնույն է, հույսը չի կորցնում, որովհետև՝ հրաշալի երիտասարդ սերունդ ունենք, ասում է.
«Իմ երիտասարդ վախտը լավ էր, բայց հիմի ոչ կարում եմ խերին խառնվեմ, ոչ՝ շառին։ Իմ զրիցընկերն իմ տելեվիզրն ա․ ձեզ պես տղերքը, որ լինեն՝ պետք է լավ լինենք, ձեզ պես տղերքը պետք է էդ թուրքեր-մուրքերի հերն անիծեն, բայց ո՞ւր ա, կարում չեն։ Էն վախտ, որ գնում էինք «Թովուզ» կայարան, թուրքերը մեզ տեսնում էին, թե չէ՝ փախչում էին, բայց հիմա բռնում են՝ ականջ կտրում, մատ կտրում․․․»։
Բերդի բնակիչներից մի կին ևս ասաց, որ իրենց հուզող հարցը երկրի անվտանգությունն է․
«Անորոշ վիճակով ապրում ենք, ում ուզում եք՝ խոսացրեք, էս վիճակն է։ Մեր առօրյա կյանքը մեզ էլ չի հետաքրքրում, այդ վիճակն է»։
Գագիկ Արշակյանն էլ, որը Բերդի քոլեջում դասախոս է, իր մյուս համաքաղաքացիների նման ասաց՝ առաջին խնդիրը մեր սահմաններն են․
«Ամբողջ կյանքս այստեղ եմ ապրել ու այստեղ էլ կապրեմ, անկախ նրանից, թե ինչ կլինի մեզ հետ։ Խնդիրը հիմնականում մեր սահմաններն են, որոնք այսօր անորոշության մեջ են, պետությունը պետք է ավելի լուրջ մոտենա այս հարցերին։ Էսօր մեր առաջին խնդիրը մեր սահմաններն են․․․»։
Հատկապես վերջին շրջանում, ավելի հաճախ են սկսել լուրեր շրջանառվել, այսպես կոչված, անկլավների մասին, իսկ Բերդ համայնքում նման խոսակցություններ կա՞ն, ի՞նչ գիտեն շրջանառվող լուրերի մասին, որ Տավուշի մարզից ևս տարածքներ են հանձնվելու թշնամուն․
«Այո, խոսակցություններ շատ կան, խոսում են մեր Այգեպար գյուղի մասին, այնտեղ ժամանակին ունեցել ենք օդանավակայան, էսօր խոսք կա, որ պետք է զիջում անեն, իբր ժամանակին դա եղել է Ադրբեջանինը, բայց այդպիսի բան չկա, հակառակը՝ իրենց տարածքում՝ հենց Այգեպարի սահմանակից գյուղը մերն է եղել։ Ժողովուրդն է ասում, պետականորեն հաստատված փաստաթուղթ չունենք, բայց դե ամեն ինչ հնարավոր է․․․ Անմիջապես սահմանապահ գյուղերն այսօր վտանգի տակ են»։
Իսկ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը ո՞րն է, խնդրի կարգավորումը և իրենց անվտանգ ապրելու իրավունքն ինչպե՞ս կարող է լուծվել, հարցրեցինք Գագիկ Արշակյանին․
«Ունենանք մի հատ լուրջ ղեկավար, Հայաստանում կան շատ գրագետ, կիրթ, զարգացած, բանիմաց մարդիկ, որ կարող են այս ամենն իրենց ձեռքը վերցնեն, որ վերջնական ձևով էս հարցը լուծվի, թե չէ ամեն օր մի գյուղ տալով, մի տարածք տալով՝ մենք ի՞նչ վիճակում ենք հայտնվելու»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում