Պետք է կարողանանք հետագա ողբերգությունները կանխել, որ պարտադիր իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ չստորագրվի. սահմանադրագետ

«Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և, որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:

Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա»,- սա Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքների մասին հայտարարությունն է:

Ի՞նչ իրավական ուժ ունի այս հայտարարությունը, և ի՞նչ իրավաբանական արժեք ունի «հանձնառություն» եզրույթը՝ 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ սահմանադրագետ Վարդան Այվազյանը նշեց.

«Այդ հայտարարությունը միջազգային պայմանագիր չէ և պարտադիր իրավաբանական ուժ չունի:

Կարդացեք նաև

Պրոբլեմը, որը մեզ համար կարող է առաջանալ, ՄԱԿ-ի կանոնադրության և մնացած այլ միջազգային փաստաթղթերի սուբյեկտիվ մեկնաբանությունները կարող են լինել»:

Սահմանադրագետի գնահատմամբ՝ միջազգային իրավունք, որպես այդպիսին, գոյություն չունի, և ՄԱԿ-ի կանոնադրությանը հավատարիմ լինելը ոչինչ չարժե, որովհետև այսօր միջազգային իրավունքը փոխարինված է գերտերությունների կողմից սահմանված կանոններով:

«Ապօրինի միակողմանի տնտեսական և քաղաքական սանկցիաներ և այլ նմանատիպ դրսևորումները միջազգային իրավունքը փոշիացրել են:

Ու այժմ հավատարիմ լինելը գոյություն չունեցող, ինչ-որ ամորֆ կազմակերպության կանոնադրությանը, նույնն է, որ հավատարիմ լինել ոչնչի: Մենք պետք է ուղղակի կարողանանք հետագա ողբերգությունները կանխել, որ արդեն միջազգային պայմանագրի կարգավիճակ, պարտադիր իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ չստորագրվի»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս