«Եթե Սերժի թողած ժառանգությունը կապիտուլյացիա է, բա նոյեմբերի 9-ին քո ստորագրած փաստաթուղթն ի՞նչ է՝ քաղաքական կամասուտրայի 2-րդ հատո՞րը». Արմեն Աշոտյան

«Եթե Սերժի թողած ժառանգությունը կապիտուլյացիա է, բա նոյեմբերի 9-ին քո ստորագրած փաստաթուղթն ի՞նչ է՝ քաղաքական կամասուտրայի երկրորդ հատո՞րը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում արված հայտարարություններին, ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանն ինքն է Կապանում հրավիրված ասուլիսի ժամանակ  ասել Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության մասին։

«Սերժի ժառանգությունը Նիկոլի կատարմամբ այդ տեսագրությունը, թե Սարգսյան-Նալբանդյան ստեղծագործական դուետը՝ «Սերժի ժառանգություն» վերտառությամբ Նիկոլը ոնց է կատարել, Կապանի ասուլիսում կար։ Նա է կարդացել՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման՝ ոչնչով չսահմանափակման պարտադիր ուժ ունեցող հանրաքվեի կետ, Արցախի միջանկյալ կարգավիճակ, երկու շրջանները՝ Քելբաջար, Լաչին: «Միջանկյալ կարգավիճակ» նշանակում է, որ այնտեղ գործող իշխանության ուժերը ճանաչում էին, որ Արցախը կարող էր մասնակցել ԵԱՀԿ աշխատանքներին, ինչպես նաև այն միջազգային կառույցների աշխատանքներին, որոնք չեն պահանջում պետության լիարժեք ճանաչում։ Այդ ամենն արվելու էր հինգ շրջանների վերադարձի դիմաց։ Սա Նիկոլն է կարդացել՝ Սերժի թողած ժառանգությունը։ Էդ էր Սերժի թողած ժառանգությունը։ Եթե դա կապիտուլյացիա է, որով Արցախը կարող էր դառնալ անկախ, կամ Արցախը կարող էր տասնամյակներ մնալ իր միջանկյալ ճանաչված կարգավիճակում միջազգային խաղաղապահ ուժերով՝ Քելբաջարն ու Լաչինն էլ մեջը։ Դա՞ է կապիտուլյացիան»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդումներին, թե 2007թ.-ին Մադրիդյան սկզբունքներով Արցախն արդեն տվել էին, ՀՀԿ փոխնախագահը դա կատարյալ սուտ որակեց, ապա ներկայացրեց փաստեր:

«2007թ.-ի մադրիդյան սկզբունքները մշակվել են համանախագահների կողմից և ենթադրում էին Արցախի հարցի կարգավորման միասնական, կուռ, երեք հիմնասյուների վրա խարսխված համակարգ՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում։ Այս երեք հիմնարար սկզբունքներն էին։ 2007թ.-ին ամրագրվել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Այս իրավունքը դրվում է Արցախյան հակամարտության հիմքում։ Միայն Նիկոլի նման մարդը կարող է այս սկզբունքների մեջ տեսնել՝ որպես «Ադրբեջանին տվիք Արցախը» սկզբունք։

Ադրբեջանը երկար ժամանակ դիմադրում էր, որ այդ սկզբունքներով հանկարծ հիմնախնդիրը չկարգավորվեր։ 2008թ.-ին Սերժ Սարգսյանի նախագահությամբ Մայնդորֆում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հովանու ներքո Ալիևին բերման ենթարկելով՝ Մեդվեդև-Սարգսյան-Ալիև մայնդորֆյան հռչակագիրը ստորագրվեց։ Մադրիդյան սկզբունքները հիմք էին ծառայելու ԼՂ խնդրի բանակցային գործընթացի զարգացման հարցում։ 2009թ.-ին 3 համանախագահ պետությունները՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա՝ իրենց ղեկավարներով, հավաքվել էին և Լակվիլայում ստորագրել էին փաստաթուղթ, որը կոչվել է հիմնարար սկզբունքներ։ Այս փաստաթուղթը ներառել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Վեց էլեմենտներից մեկը նկարագրել է, որ այդ սկզբունքը պետք է կյանքի կոչվի իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեով՝ ԼՂ-ում։ Հերիք չէ՝ 2009-ին աշխարհի ղեկավարները դա իրականացրել են, մի հատ էլ կրկնել են 2010, 2011, 2012, 2013 թվականներին։

2011-ին այս 5 տարիների արանքում Կազանում Ադրբեջանի և ՀՀ նախագահները ՌԴ նախագահ Մեդվեդևի հովանու ներքո պետք է ստորագրեին շրջանակային փաստաթուղթ, որով պետք է արձանագրեին կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ։ Նիկոլ Փաշինյանն անձամբ ԱԺ ամբիոնից իր ելույթներից մեկի ընթացքում ասել է, որ Կազանյան փաստաթուղթը երբևէ եղած լավագույն փաստաթուղթն է եղել հայկական կողմի համար։ Էսօր ասում է, որ Սերժն է մեղավոր։ Այդտեղ էլ նույնպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային երաշխավորման մեխանիզմներ են ներդրված եղել։ Ամեն ինչ արձանագրված է այնպես, որ եթե Արցախը որոշի գալիք հանրաքվեով չլինել Ադրբեջանի կազմում, լինի այլ երկրի կազմում, այդ հարցը դրվի հանրաքվեի, թե՝ ի՞նչ եք ուզում, արցախցիներ ջան, պետք է հետևանքներն էլ լինեին պարտադիր ուժ ունեցող»,- ընդգծել է Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով՝ իհարկե, Արցախը Հայաստան է, այսօր էլ է Հայաստան, բայց Հայաստանի Հանրապետություն չէ։

«Երբ նա պոպուլիզմով լավ տղա էր երևում, որ եկավ ու ասաց՝ Արցախը Հայաստան է, և վերջ, Արցախը Հայաստանի Հանրապետություն չէր։ Դրանք տարբեր բաներ են։ Եվ դու, Նիկո′լ, ասելով՝ Արցախը Հայաստան է, և վերջ, Ալիևին տվեցիր առիթ հայտարարելու, որ դիվանագիտական ջանքերն այսուհետ այլևս սին են, որ բանակցային գործընթացը փակուղու մեջ է, քանի որ ՀՀ վարչապետը հայտարարում է, որ Արցախը Հայաստան է։ Բա էլ ինչի՞ մասին բանակցենք»,- հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում՝ ասաց Արմեն Աշոտյանը:։

Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ Նիկոլ Փաշինյանին ոչ թե մեղադրում են զուտ այդ հայտարարությունն անելու մեջ, այլ, որ դիտավորյալ քանդել է ամբողջ բանակցային դիրքերը, քանդել է հայկական դիվանագիտության բոլոր խրամատները, արել ամեն ինչ, որ Ադրբեջանը, սկսելով 44-օրյա պատերազմը, միջազգային հանրության աչքերում մաքուր ու արդար երևա, և դա է պատճառը, որ 44-օրյայի ժամանակ ոչ մի լուրջ երկիր չպաշտպանեց մեզ, թեպետ բոլորն էլ գիտեին, թե ինչ է կատարվում։

«Բա եթե Մադրիդյան սկզբունքներն այն մասին էին, որ Արցախը պիտի մնա Ադրբեջանի կազմում, և դու պայքարում էիր դրա դեմ, բա 2018թ.-ին կառավարություն կազմեցիր, Արցախյան հակամարտության կարգավորման մեջ Մադրիդյան սկզբունքներին ինչո՞ւ հղում արեցիր։ 2019թ.-ին նորից կառավարություն կազմեցիր, նոր ծրագիր ու նորից Մադրիդյան սկզբունքները մտցրիր Արցախյան կարգավորման մեջ։ 2021թ.-ին նորից կառավարություն կազմեցիր և այդ կառավարության ծրագրում նորից գրեցիր Մադրիդյան սկզբունքների մասին։ Մի կողմից ասում ես՝ Մադրիդյան սկզբունքները վատն էին, հետո ասում ես, որ դրանից պրծնես, ու երեք անգամ քո կառավարության ծրագրերում գրում ես մադրիդյան սկզբունքները»,- հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի այն միտքը, թե Մադրիդյան սկզբունքները նրա մասին էին, որ Արցախը պետք է մնար Ադրբեջանի կազմում, ասաց Արմեն Աշոտյանը:

Տեսանյութեր

Լրահոս