Հայաստանը կանգնած է պետականության կորստի, հայ ժողովուրդը՝ նոր ցեղասպանության իրական վտանգի առջև․ Ալեն Ղևոնդյան
Արցախի ամբողջական հանձնման հարցի շուրջ բանավոր պայմանավորվածությունը կայացել է դեռևս 2020-ի նոյեմբերի 9-ին։ Մեր հանրույթը, նաև փորձագիտական շրջանակները երբեմն չեն ցանկանում հավատալ այն ամենին, ինչը նրանց միտքը չի կարողանում վերլուծել։ Սեպտեմբերի 13-14-ի պատերազմն իմիտացիոն էր, քանի որ պետք էր լեգիտիմացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հայ հանրույթի և էլիտաների շրջանում։ Առաջին արարը տեղի ունեցավ Արցախում՝ այն հանձնելու իմիտացիոն պատերազմ և «անհրաժեշտ» չափով զոհեր, երկրորդը սա է, ամենայն հավանականությամբ՝ կլինի նաև երրորդը։ Այն, թերևս, կլինի ոչ թե մասշտաբային, այլ պրոքսի-պատերազմի տեսքով։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
«Բանավոր պայմանավորվածությունները շատ վաղուց կայացված են։ Ինչ-որ փուլում Հայաստանի գործող վարչապետը փորձեց խուսափել դրանցից։ Սակայն դրանց մասին Ադրբեջանի ղեկավարը տեղյակ է պահել Ռուսաստանի նախագահին, քանի որ հենց Ռուսաստանն է նոյեմբերի 9-ի հրադադարի նախաձեռնողն ու երաշխավորը։ Բնականաբար, ռուսական կողմի համար դա շահեկան չէ, քանի որ այն բոլոր հանձնառությունները, որոնք իր վրա է վերցրել հայկական կողմը, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ենթադրում է ռուսական տարածաշրջանային դիրքերի թուլացում։ Եթե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և իր տարածքները սահմանափակում է Խորհրդային Հայաստանի շրջագծով, առաջանում է ռուս խաղաղապահների մանդատի լեգիտիմության ու լեգալության հարց, Ադրբեջանն էլ հնարավորություն է ստանում հանելու ռուսական ռազմաքաղաքական տարրն իր երկրից։ Գաբալայի ռադիոլոկացիան կայանի սեփականաշնորհումից հետո ռուսական ռազմական ներկայություն Ադրբեջանում չի եղել։ Փաստորեն, ռուսներին Ադրբեջանից հանելու գործընթացի հիմնական գործիքը Հայաստանի վարչապետն է»,- ասաց փորձագետը։
«Երբևէ չի եղել նման դեպք, երբ ՄԱԿ-ի ամբիոնից որևէ պետության ղեկավար իր պետության տարածքի թվային նկարագրումն անի այնպես, որը շահեկան չէ այդ պետության համար։ Նա հարցադրում է հնչեցնում՝ էլ ի՞նչ տանք ձեզ, որ ապրենք խաղաղության դարաշրջանում։ Ստրուկի և հարճի հոգեբանություն ունեցող գործչի համար այս թեզերը նորմալ են, հարճը և ստրուկը, օտար պետության շահերի սպասարկուն կարող է անգամ ՄԱԿ-ի ամբիոնից նման բաներ թույլ տալ։ Սեփական պետության շահերով և անվտանգությամբ առաջնորդվող որևէ գործիչ, սակայն, իրեն չի կարող նման վարքագիծ թույլ տալ։ Երբ Երևանը խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, նշանակում է՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Իսկ Արցախի 130 հազարանոց հայությանը, որը մնալու է Ադրբեջանի կազմում, ի՞նչ ճակատագիր է սպասում՝ ցեղասպանությո՞ւն»,- նշեց Ալեն Ղևոնդյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ ընկալելի չեն ընդդիմադիր գործիչների հերթական «բացահայտումները» Հայաստանի գործող վարչապետի մասին, քանի որ Փաշինյանի անձի հարցում ամեն ինչ պարզ է, մնում է՝ ամեն ելույթից առաջ նա իր գլխավերևում ցուցանակ պահի, որ Ադրբեջանից և Թուրքիայից ֆինանսավորվող կամ նրանց ազդեցության գործակալն է, նրանց շահերի սպասարկուն․ «Մենք չե՞նք ուզում դա տեսնել, մենք չե՞նք ուզում դրան հավատալ, թե՞ տգետ ենք։ Պետք է հասկանալ, որ կշեռքի այս նժարին պետության լինելիության հարցն է։ Ամեն ինչ շատ ավելի ցավալի ու բարդ է լինելու։ Տարածաշրջանի քարտեզը փոխվելու է ի հաշիվ Հայաստանի։ Դրան ուղղված բոլոր ջանքերը 2018-ի հեղաշրջումից և իշխանահանձնումից հետո հետևողականորեն իրականացվում են։ Բոլոր այն ինստիտուտները, որոնք այս կամ այն չափով կայացած էին, հանրային օրակարգերը՝ սկսած հերոսի ինստիտուտից մինչև հայրենիք, Արցախի արժեք, հայի տեսակ, հիմնավորապես կազմաքանդված են, իսկ նպատակն էլիտաների և հանրային դիմադրությունը ոչնչացնելն էր, որ հետո սկուտեղի վրա և հրապարակայնորեն, այդ թվում՝ ՄԱԿ-ի ամբիոնից, մեր երկիրը մատուցվի թուրքերին ու ադրբեջանցիներին»:
«Սա ոչ միայն պետականության կորուստ է, այլև նոր ցեղասպանության սկիզբ։ Եթե հետազոտենք 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին հայերի հանդեպ տեղի ունեցած ցեղասպանական գործողությունները, պարզ կդառնա, թե ինչպես գյուղեգյուղ ինքնապաշտպանական մարտեր չէին մղվում, հայերը հայերի հետ բանավիճում էին, իրար դեմ էին դուրս գալիս, որ չդիմադրեն թուրքերին, զինաթափվում էին, զենքերը հանձնում թշնամուն, պնդում, որ եթե թուրքերը մտածեն, թե չենք դիմադրելու, մեզ չեն մորթի։ Ասում էին՝ ներքևի գյուղն են կոտորում, թուրքերը թող նրանց ոչնչացնեն, իսկ մենք սարի լանջին ենք, մեզ չեն հասնի։
Եթե այսօր Կասկադի սրճարաններն էլ գրավեն, Աբովյանում սուրճ խմողները կասեն՝ դա 500 մետր այն կողմ է, մեզ սպառնալիք դեռևս չկա։ Զանգվածային բնաջնջման նկատմամբ հանրային մտքի բթացումը մեդիաօրակարգերի թեմա է։
Այսքան փոքր երկրում որքան արհեստական իրադարձություններ են լինում, քաղաքական կապիկներ են աճեցվում, նրանց տանում են հանդիպումների, կարծիքի առաջատարները սկսում են այդ թեզերը տարածել, մարդիկ խրախճանք են կազմակերպում սեփական պետության գերեզմանի վրա»,- ամփոփեց Ալեն Ղևոնդյանը: