Փաշինյանը ոստիկաններին խոստացել է՝ նոր պատերազմին ձեզ չեմ տանի կռվելու. ոստիկանության զորքերին օրենքով են արգելել կռվել. Վրթանեսյան

Պետական բոլոր համակարգերը կազմաքանդելով և քաոսի վերածելով՝ Նիկոլ Փաշինյանը կազմաքանդեց մեր անվտանգային համակարգը, իսկ հայտնի բան է՝  եթե չկա կայուն պետական համակարգ, չի կարող լինել նաև հաղթող Զինված ուժեր։

Այսօր «Չդադարող պատերազմ. ինչպե՞ս և ո՞վ նախապատրաստեց ու բերեց կանգ չառնող այս պատերազմը» խորագիրը կրող քննարկման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ հավելելով.

«Պետական կառույցներում կոնկրետ անորոշություն էին ստեղծում կարդային հավալայով՝ մարդկանց անընդհատ այստեղ-այնտեղ տեղափոխելով, և դա այն դեպքում, երբ նրանք  դեռ չէին էլ հասցրել իրենց պաշտոններին սովորել, իսկ 18-19 տարեկաններին բերում նշանակում էին խորհրդականներ։

Պետական կառավարման համակարգն ու անվտանգային համակարգը կազմաքանդելու նպատակով  թիրախային հարվածներ էին հասցնում հեղինակավոր զինվորականներին, հարուցում  քրեական գործեր, անընդհատ անում հարցաքննություններ, իսկ իրենց ֆեյքերի  միջոցով իրականացնում նաև այդ ուղղությամբ  հարձակումներ։

Կարդացեք նաև

Սրան ավելանում էին նաև կառուցվածքային անհասկանալի փոփոխություններն ու, մասնավորապես, բանակում  սպառազինությունների պլանների անհասկանալի փոփոխություննները»,- ասաց Վրթանեսյանը՝ միտումնավոր թշնամու համար նպաստավոր պայմանների ստեղծման համատեքստում  դիտարկելով Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում խոշորամասշտաբ զորավարժություններ չանցկացնելը։

Ըստ Կարեն Վրթանեսյանի՝ այս շարքը շարունակելուց առաջ հարկ է հիշել նաև 2018 թվականի հեղափոխության օրերին 209 խաղաղապահի  ինքնակամ  զորամասը լքելու դեպքը, ինչից հետո նրանք ոչ թե պատժվեցին, այլ նրանց հրամանատարը նոր պաշտոն ստացավ՝  դառնալով ԱԱԾ-սահմանապահ զորքերի հրամանատար: Իսկ 2018 թվականի օգոստոսի 1-ին ինքնակամ իրենց զորամասը լքած 209 խաղաղապահը Երևանից տեղափոխվեց մարզեր, որ հանկարծ մեկ էլ Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս չգան։

«Սրանից հետո տեղի ունեցավ Մեղրիի զորամասի դեպքը, երբ զինվորները հրաժարվել էին սափրվել՝ ասելով, որ Փաշինյանն էլ մորուք ունի։

Կարևոր է հիշել, որ այս դեպքերին զուգահեռ՝ Նախիջևանում թշնամին իր դիրքերն էր  առաջ տալիս և գալիս կանգնում Արենին պաշտպանող երկու հայկական դիրքերի մեջտեղում»,- ըստ ժամանակագրության 2018 թվականի իշխանափոխությունից հետո բանակում կատարվող զարգացումները ներկայացրեց Կարեն Վրթանեսյանը։

Շարունակելով բանակում քաոս ստեղծելու միջոցով այն կազմալուծելու Փաշինյանի իշխանության պլանի մանրամասները ներկայացնել՝ Կարեն Վրթանեսյանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ 2018-2020 թվականի ընթացքում  ՀՀ զինված ուժերի 5 կորպուսներից 4-ի հրամանատարությունը փոխվել է։

«Նույնը եղավ նաև Արցախի Պաշտպանության բանակի պաշտպանական շրջաններում՝ հրամանատարների մեծ մասը փոխվեց. փոխվել է ՊԲ 3 հրամանատար»,- ասաց Կարեն Վրթանեսյանը՝ ընդգծելով՝ այս ամենն արվեց ոչ միայն 2020 թվականի պատերազմում պարտվելու, այլ դրանից հետո  եկող պատերազմներին ևս անպաստրաստ լինելու համար։

Խոսելով նոր պատերազմի մասին՝ Վրթանեսյանը նշեց, որ, օրինակ, արվել են այնպիսի փոփոխություններ, որ Փաշինյանի անձնական իշխանության պահպանման համար Ոստիկանությունից ստեղծվելիք Ազգային գվարդիան պատերազմի ժամանակ չկռվի։

«Ազգային գվարդիան, որի կազմում պետք է լինեն ոստիկանության զորքերը, չեն կարողանոլւ ներառվել երկրի պաշտպանության գործին։ Այսինքն՝ Փաշինյանը  ոստիկաններին խոստացել է՝ կռիվ լինի, ձեզ չեմ տանելու»,- ասաց Վրթանեսյանը՝ անհնար համարելով  պետության անվտանգային համակարգը միտումնավոր կազմաքանդած մարդու հրամանատարությամբ պատերազմի չպարտվողական ելքը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս