Զոհրաբ Մնացականյանը 44-օրյա պատերազմի հանցագործներից է ու կարևոր վկան. Արմեն Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահեցնում է՝ 44-օրյա պատերազմից դասեր չենք քաղել. ընդ որում, դասեր չի քաղել ո՛չ իշխանությունը, ո՛չ հանրությունը։
Այս պնդումն այսօր Աշոտյանն արեց՝ «Չդադարող պատերազմ. ինչպե՞ս և ո՞վ նախապատրաստեց ու բերեց կանգ չառնող այս պատերազմը» խորագիրը կրող քննարկման ժամանակ՝ հավելելով.
«Թե ի՞նչ էր ստացել Նիկոլ Փաշինյանը որպես ժառանգություն Սերժ Սարգսյանից, այդ մասին հենց Փաշինյանն է հայտարարել Կապանում՝ ընթերցելով բանակցային փաստաթղթի մի տարբերակ, որը բանակցվածներից լավագույնն էր։ Այդ փաստաթղթով՝ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ արձանագրվել էր հետևյալը՝ առաջինը՝ ապահովվում էր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը՝ հանրաքվեի միջոցով, երկրորդը՝ 5 շրջանի հանձնումն էր Ադրբեջանին, որի դիմաց Արցախը պետք է ստանար միջազգայնորեն երաշխավորված կարգավիճակ, երրորդ՝ Քարվաճառն ու Լաչինը մնում էին հայկական»,- Սերժ Սարգսյանի թողած ժառանգության մասին մանրամասներ ներկայացրեց Արմեն Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահի փոխանցմամբ՝ 2018 թվականի իշխանազավթումն Արցախը կորցնելու համար էր, որովհետև հենց դրսի ուժերն էին շահագրգիռ, որ Հայաստանում տեղի ունենա իշխանության ղեկավարի այնպիսի փոփոխություն, որի դեպքում Արցախը հայկական մնալ ուղղակի չէր կարող։
«Ուստի՝ կրկնում եմ՝ Զոհրաբ Մնացականյանն էլ, որը համառությամբ փորձում է իր վրայից մարքել 44-օրյա պատերազմի մեղավորությունը, ոչ միայն այդ պատերազմի կարևոր վկաներից է, այլ հանցագործներից մեկն է։ Նա մի մարդ է, որը 2018 թվականից մինչև 2020 թվականի սեպտեմբերը պարտակում և լղոզում էր Արցախի շուրջ եղած զարգացումների մասին Փաշինյանի քաղաքականությունը»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանի սեփական կետից սկսելու կատարյալ հիմարությունը միտումնավոր հղված ուղերձ էր արտաքին աշխարհին և Ադրբեջանին։
«Ադրբեջանը մինչև 2018 թվականը սահմանին լարվածություն էր հրահրում՝ նպատակ ունենալով բանակցություններում առավելություն ստանալ. Ադրբեջանը նպատակ չի ունեցել այդ տարբերակով լուծել Արցախի հարցը, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի նպատակն էր Արցախի հարցը լուծել ռազմական ճանապարհով, որովհետև Հայաստանը հասել էր բացասական առումով այն մակարդակի վրա, որ Ադրբեջանը կարողացավ նման քայլի գնալ»,- ասաց Աշոտյանը։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմում Թուրքիայի ռազմական ներգրավվածությանը՝ ՀՀԿ փոխնախագահը շեշտեց՝ նախկինում, մինչև Փաշինյանի պաշտոնավարումը, նման ներգրավվածություն չի եղել։
«2018 թվականից 2020 թվականներին Փաշինյանն արեց ամեն ինչ, որպեսզի Հարավային Կովկասում լինի ավելի քիչ Ռուսաստան, իսկ ակնհայտ էր, որ այդ դեպքում այդ վակուումը պետք է լրացվեր Թուրքիայով, հետևաբար, Նիկոլ Փաշինյանն է իր տխմար քաղաքականությամբ հրավիրել Թուրքիային՝ ինչպես Հարավային Կովկաս, այնպես էլ՝ Արցախ»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Մանրամասները՝ տեսանյութում