«Ո՞վ է պատասխան տալու Շիրակի պետհամալսարանը խայտառակելու համար․․․ այն եզակի բուհն է, որը հավատարմագրվել է 2 տարով»․ Համբարյան
Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ո՞վ է պատասխան տալու Շիրակի պետհամալսարանը խայտառակելու համար․․․
Սեպտեմբերի 15-ին ՈԱԱԿ-ի կողմից հրապարակվեց Շիրակի պետհամալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին որոշումը…
Պարզվեց՝ ՇՊՀ-ն հայաստանյան այն եզակի բուհն է, որը հավատարմագրվել է 2 տարով… Սա խայտառակություն է և ևս մեկ ապացույց, որ ՇՊՀ-ն արդեն 4 տարուց ավելի ղեկավարող ռեկտոր Երվանդ Սերոբյանն իր տեղում չէ, կոմպետենտ չէ և չի հասկանում բարձրագույն կրթությունից…
Բացարձակ չզարմացա ՈԱԱԿ-ի այս որոշումից, քանի որ «ներսից» գիտեմ, թե ինչ խայտառակ և անմխիթար վիճակում է ՇՊՀ-ն և ինչպես է այն կառավարվում Սերոբյանի կադրերի կողմից…
2016 թ-ին, երբ բուհն առաջին անգամ հավատարմագրվեց 4 տարով, ես ինքս ընդգրկված եմ եղել այդ գործընթացին և կարող եմ բացահայտ նշել, որ այդ գործընթացի 80 տոկոսն իր վրա էր վերցրել ՇՊՀ այն ժամանակվա պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, սակայն նրա իսկ բարի կամքի դրսևորման արդյունքում, որը շատ սխալ էր, այդ գործընթացի մեջ ներգրավվեց վերջին պահին այդ գործընթացին միացած մեկը, ով նախ տիկին Ֆարմանյանի դեմ քաղաքական հետապնդումից հետո ուրացավ իրենց «ընկերությունը», իսկ հետո էլ անամոթաբար սկսեց սեփականաշնորհել նախկին պրոռեկտորի արած գործը…
Սակայն, երբ ժամանակն եկավ և բուհի մյուս պատասխանատուների հետ տիկինը, ով հիմա զբաղեցնում է պրոռեկտորի ՊԿ-ի պաշտոնը պետք է ապացուցեր, որ ինքը պրոֆեսիոնալ է, նախ ՈԱԱԿ-ի հանձնախմբի գալու ժամանակ մեկնեց արձակուրդ, իսկ վերջին պահին վերադառնալով արձակուրդից, ըստ ՇՊՀ-ում տարածված լուրերի, չէր կարողացել պատասխանել փորձագետների տարրական հարցերին…
Հետաքրքիր է, բուհի հավատարմագրումը տապալելու (2 տարով հավատարմագրում ստանալը ոչ միայն տապալում է, այլև խայտառակություն է) համար ո՞վ է պատասխան տալու…
Այս գործընթացի ձախողման համար պատասխանատու են ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը, ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ Նազելի Ավետիսյանը, ՇՊՀ գիտական քաղաքականության, որակի ապահովման ու կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանը և հոգաբարձուների խորհրդի բարձրագույն կրթությունից ոչինչ չհասկացող և քաղաքականացված անդամները, որոնք ռեկտոր Սերոբյանի հաշվետվություններին «կողմ» են քվեարկում՝ չհասկանալով, որ դառնում են նրա «հանցակիցը»…
Ի դեպ, ինչո՞ւ Սերոբյանը ՈԱԱԿ-ի այս որոշման պատճենը չի բաժանում ամբիոններին, որ պրոֆեսորադասախոսական անձնակազմը ծանոթանա ռեկտորի ու նրա թիմի աշխատանքի «փայլուն» արդյունքի հետ… Կամ ինչո՞ւ ՈԱԱԿ-ի այս որոշումը չեն տեղադրում ՇՊՀ պաշտոնական կայքէջում ու ՖԲ-ի էջում, երբ անիմաստ նորություններով ու ոչինչ չասող իրադարձություններով ողողել են այդ նույն էջերը:
Հ.Գ. Հոգաբարձուների խորհրդի վերջին նիստին ռեկտոր Սերոբյանը հայտարարեց, որ կառուցվածքային փոփոխությունների և հաստիքացուցակի վրա ինքն իր թիմով է աշխատել…
Լավ կլիներ՝ կառուցվածքային և հաստիքացուցակի փոփոխության անվան տակ մարդկանց գործից ազատելով հաշվեհարդար տեսնելու, իր և իր շրջապատի օգտին կեղծ ցուցմունքներ տվողներին ՇՊՀ-ում գործի տեղավորելու և, ըստ ՇՊՀ-ում տարածվող ասեկոսեների, այլ բուհի մասնաճյուղում աշխատանքի ընդունելու, մանր ինտրիգներ և էժանագին բանսարկություններ անելուց զատ ռեկտոր Սերոբյանն իր շրջապատի հետ զբաղվեր ՇՊՀ-ի հավատարմագրման կարևոր գործընթացով, որը նրանք տապալեցին և խայտառակեցին 88-ամյա բուհը…»։