Հազարավոր մարդիկ ամիսներ շարունակ հարցնում են՝ ովքե՞ր են ղեկավարում շարժումը. ասեք, ինչո՞ւ եք թաքցնում. Ռուբեն Հակոբյան
Այսօր ընդդիմության հրավիրած «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն ասաց՝ գաղտնիք չէ, որ ադրբեջանաթուրքական ալյանսը պատրաստվում է Հայաստանի վրա հարձակման:
«Շատ բացահայտ է. օրեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ բանակը բերվում է թիվ մեկ պատրաստվածության, իսկ այսօր էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում արգելվում է 50 տարեկանից ցածր տարիք ունեցող մարդկանց դուրս գալ երկրից: Մենք անտեր ընկած ենք այս տարածաշրջանում, և, եթե պատերազմական գործողություններ սկսվեն, մեզ ոչ ոք տեր չի կանգնելու»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Վերջինս այսօրվա իրավիճակը համեմատեց Սարդարապատի հետ, սակայն նշեց, որ Սարդարապատի ժամանակ մենք ունեինք Արամ Մանուկյան, Նժդեհ, որը փրկեց Լեռնահայաստանը:
«Այն կերպարը, որը ղեկավարում է Հայաստանը, հակացուցված է մեզ: Միակ խնդիրը, որ այսօր պետք է դրվի՝ ինչպես հեռացնել նրան: Իսկ դա հասկանալու համար պետք է անդրադառնանք նրան՝ ինչու մինչև այսօր չենք հեռացրել: Եվ մենք պետք է անկեղծ լինեինք ու այսօր քննարկեինք, թե ինչու մենք ձախողեցինք համաժողովրդական շարժումը: Երկու խմբակցություններով ձեզ հարց տվեք՝ ձեր վարկանիշն ավելի բարձր էր մինչև Խորհրդարան մտնե՞լը, թե՞ դրանից հետո: Իմ պատասխանը միանշանակ էր՝ ցածր էր: Եվ «Պատիվ ունեմ» դաշինքը, որն իմ կարծիքով՝ ամենաանտրամաբանական դաշինքն էր, և «Հայաստան» դաշինքը, որին ես շատ ակտիվ պաշտպանել եմ և չեմ փոշմանել, իրենց հարցրե՞լ են՝ ինչու պարտվեցին Պառլամենտում»,- խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններին հարցրեց Ռուբեն Հակոբյանը:
Դիմելով նրանց՝ նախկին պատգամավորը հարցրեց՝ ինչո՞ւ դուրս եկաք Խորհրդարանից, չգիտեի՞ք, որ այնտեղ կարող եք զուգահեռ պրոցեսներ իրականացնել, նիստեր անցկացնել:
«Գլուխը պատին կտար ԱԺ նախագահը, որ կարգելեր դա անել: Խորհրդարանի 1/3-ը ձերն է: Հասկանում եմ՝ նրանք շնագայլեր են: Նրանք հայտարարել են, որ այս պետական հեղաշրջումն ավելի կարևոր էր, քան Արցախյան հաղթանակը: Նրանք այս մարդիկ են: Ես հասկանում եմ, որ շնագայլերը ձեր քննադատական խոսքին բռնություն են գործադրում: Եկեք պայմանավորվենք՝ ով գործադրի, փողոցում հենց նրա քիթումռութը պետք է ջարդվի, ինչպես լուսահոգի Վահան Հովհաննիսյանը կասեր, հենց դալաններում»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նա ևս մեկ հարց ուղղեց ընդդիմությանը:
«Դուք ձեզ հարցրե՞լ եք՝ ինչպե՞ս եղավ, որ 40-50 000-անոց միտինգից այսօր մնացել է 2-3000: Մենք ասացինք՝ զարթնիր, լաո: Լաոն զարթնեց, և արդեն քանի ամիս է՝ տառապում է անքնությամբ: Արթնացրեցիք, որ ի՞նչ անեք: Կրկնում եմ, ադեկվատ, ճշմարիտ համարժեք պատասխանը եղել է նոյեմբերի 9-ի գիշերը, երբ վռնդեցին բոլորին այդ իշխանական տներից: Ինքը պետք է ինքնասպան լիներ, բայց այս մարդն ինքնասպան չի լինի. բոլորին կսպանի, նույնիսկ իր ընտանիքին: Հիմա եկել, ժողովրդին եք մեղադրում: Ժողովուրդը ձեզ սովորեցրեց՝ քաղաքական ուժեր, տեր չկանգնեցիք մեզ, որ դրան վռնդեինք»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նախկին պատգամավորն ընդդիմությանը կոչ արեց վերադառնալ Խորհրդարան:
«Այո, բոյկոտեք նիստերը, բայց այնտեղ դահլիճներ կան: Ձերն են դրանք: Ձեր նախագծերով մտեք, հրավիրեք պրոֆեսիոնալների: Հարթակը պետք է օգտագործել ռեալ պոլիտիկի տեսանկյունից, պոպուլիզմին պետք է թարգ տալ: Մի նեղացեք, բայց անկեղծ եմ ասում, խորհրդարանական ընդդիմությունն իր պարտությունը տեղափոխեց հարթակ: Մի կուսակցականացրեք շարժումը: Օրինակ, իսկապես, ովքե՞ր են ղեկավարում շարժումը: Հազարավոր մարդիկ ամիսներ շարունակ հարցնում են՝ ովքե՞ր են ղեկավարում շարժումը: Ասեք, ինչո՞ւ եք թաքցնում: Գուցե իսկապես բոլորը ծափահարեն»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում