«Տրամադրվելու է 1-ից մինչև 10 մլն դրամի սերտիֆիկատ, սահմանամերձ գյուղերում ապրել ցանկացողներին՝ 14 մլն դրամ. Ներքին Սուսի գյուղապետ
Արցախի Հանրապետության Ներքին Սուսի տեղահանված գրեթե բոլոր բնակիչները առցանց գրանցվել են՝ բնակարանների սերտիֆիկատներ ստանալու համար։ Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Ներքին Սուսի գյուղապետ Մխիթար Ներսիսյանը։
«Բոլորն էլ գրանցվել են, սակայն այս պահին որևէ մեկին դեռևս սերտիֆիկատ չեն տվել, սպասում ենք։ Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվելու է 1-ից մինչև 10 մլն դրամի չափով սերտիֆիկատ, որոշման մեջ այդպես է նշված»,- նշեց Մխիթար Ներսիսյանը։
Ներքին Սուսի գյուղապետը նաև տեղեկացրեց, որ երեկ բանակցությունների մեջ է եղել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի հետ՝ այն բնակիչների հարցով, որոնք կցանկանան ապրել ՀՀ սահմանամերձ գյուղերում։
«Այդ բանակցությունների արդյունքում որոշվեց, որ այն բնակիչները, որոնք կցանկանան ապրել սահմանամերձ գյուղերում, նրանց կտրամադրվի 14 մլն դրամ»,- հավելեց Մ. Ներսիսյանը։
Գյուղապետը փոխանցեց, որ գյուղի բոլոր բնակիչները դեռ սպասում են, որ իրենց հարցերը կլուծվի, քանի որ պատկան մարմինները խոստացել են, որ մոտակա ժամանակներում բնակիչների տների խնդրին լուծում կտան։
Ինչ վերաբերում է Ներքին Սուս գյուղի ներկայիս վիճակին, Մխիթար Ներսիսյանն ասաց, որ տեսանյութերից ու լուսանկարներից տեղեկացել է, որ ադրբեջանցի զինվորականները գյուղ մտնելուց հետո այնտեղ հիմնել են իրենց անվտանգության ծառայությունը և պոմպակայանի վրա են սկսել աշխատել, որպեսզի Բերձոր ջուր հասցնեն։
«Գյուղն Ադրբեջանը չի բնակեցրել, այնտեղ միայն զինվորականներ են»,- նշեց Մխիթար Ներսիսյանը։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, ներքին Սուս և Աղավնո գյուղերն ադրբեջանցիների վերահսկողության տակ են անցել օգոստոսի 25-ից։