Բաժիններ՝

«Մտահոգիչ է. թունաքիմիկատների ներկրումն անունով վերահսկում են, բայց վայ էն վերահսկմանը». Հրաչ Բերբերյան

Օրերս խորհրդարանում ԱԺ տարածքային կառավարման հարցերի մշտական ​​ հանձնաժողովի նիստում «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում անհրաժեշտ է թույլատրել ներմուծումն առանձին երկրներից՝ առանց լաբորատոր փորձաքննության։

Նոր օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ առանձին երկրներում արտադրվող թունաքիմիկատներն ու ագրոքիմիկատները հնարավոր կլինի ներմուծել առանց լրացուցիչ լաբորատոր հետազոտությունների։

Փոխնախարարի խոսքով, այս փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ զարգացած երկրներն արդեն բավականին բարձր պահանջներ ունեն արտադրվող թունաքիմիկատների և ագրոքիմիկատների որակի նկատմամբ, ուստի Հայաստան ներմուծելիս լրացուցիչ ստուգումների կարիք պարզապես չկա։

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այս ամենի վերաբերյալ մեծ մտահոգություններ ունի, քանի որ Հայաստանում թունաքիմիկատների պատշաճ վերահսկողություն չկա։

Կարդացեք նաև

Նա միաժամանակ հիշեցրեց՝ մոտավորապես 1996 թվականից Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է պայմանագիր, որպեսզի եվրոպական երկրների սերտիֆիկատները Հայաստանը հիմք ընդունի։

«Սրանից զատ, մենք ունենք ևս մեկ պայմանագիր Եվրասիական երկրների հետ՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուսիա և այլն, այս երկրների արտադրանքը մեզ մոտ որակի սերտիֆիկատով ընդունվելու է՝ առանց ստուգվելու։ Բայց արի ու տես, որ Էկոնոմիկայի նախարարությունը շատ հաճախ քիթը խոթում է այս ծրագրերի մեջ և ֆերմերներից պահանջում է կրկնակի ծախսեր, լաբորատոր փորձաքննություն և այլն։ Սա դրամաշորթության մի ձև է։

Մենք, օրինակ, օրենք ունենք, ըստ որի՝ կարտոֆիլի սերմացուն սահմանին չի հարկվում, բայց գյուղացին 15 տոկոս տուրք է վճարում։ Հետևաբար, կարծում եմ, որ անտեսելով օրենքը՝ տարբեր երկրներից թունաքիմիկատների տակ կարող են այլ բան ներմուծել Հայաստան, որովհետև չկա պատշաճ վերահսկողություն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հրաչ Բերբերյանը։

Նա ընդգծեց՝ թունաքիմիկատների հարցը շատ խիստ է դրված՝ նշելով, որ իր տեղեկություններով՝ այդ թունաքիմիկատն արտադրում է ամերիկյան «Դաուլ քիմիկատը»։

«Այդ արտադրած թունաքիմիկատը Վիետնամի պատերազմի ժամանակ ամերիկացիները շաղ էին տալիս ջունգլիների վրա, որի արդյունքում մարդիկ վառվում էին, ջունգլիները՝ չորանում։ Սա խտացված «հերբիցիդ» է, այսինքն՝ եթե մենք թունաքիմիկատն օգտագործում ենք մոլախոտերի, այլ բույսերի ոչնչացման համար, խտացված «հերբիցիդն» արդեն զենք է։

Կարծում եմ՝ ԵՄ համայնքում վատ թունաքիմիկատ չկա, բայց Չինաստանից մեր ֆերմերները բերել, օգտագործել են ու բերքը չորացրել են։

Կրկնում եմ՝ այսօր իբր թե անունով վերահսկում են Հայաստանում թունաքիմիկատների ներկրումը, բայց վայ էն վերահսկմանը, լուրջ մասնագետներ, լաբորատորիաներ և խստացված վերահսկում է պետք։ Եթե կունենանք ժամանակակից լաբորատորիաներ, կարող ենք անհոգ քնել, թեպետ լաբորատորիաներ կան, բայց արդյո՞ք դրանք գերժամանակակից են՝ այս ամենը մտահոգիչ է»,- ընդգծեց Հրաչ Բերբերյանը։

Նա նաև ընդգծեց՝ «անակնկալներից» խուսափելու համար ֆերմերները պետք է պահանջեն թունաքիմիկատի վերաբերյալ սերտիֆիկատ, այն պետք է փաստաթղթավորված լինի։

Տեսանյութեր

Լրահոս