«Փաշինյանից պետք է սկսեն՝ նրան մաքրելու համար գեներալներին և մյուսներին սարքելու են քավության նոխազ, բայց Նիկոլն այդ պիտակից չի մաքրվելու». Գարիկ Գալեյան

Սեպտեմբերի 2-ին Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, տեղեկացնելով, որ մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Նույն օրը նա հեռացվել էր նաև զբաղեցրած պաշտոնից։

Օգոստոսի 30-ին էլ Քննչական կոմիտեն նման հաղորդագրություն էր տարածել ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին բերման ենթարկելու, ապա նաև մեղադրանք առաջադրելու վերաբերյալ: 44-օրյա պատերազմի ավարտից 12 օր առաջ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար նշանակված գեներալ-լեյտենանտ Արզումանյանը մեղադրվում է Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար։ Սեպտեմբերի 1-ին արդեն Միքայել Արզումանյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց։

Արցախյան 44-օրյա պատերազմում թշնամու դեմ հերոսաբար կռված տղաների ծնողների համար այս կալանավորումներն ու մեղադրանքների առաջադրումն իմաստ չունի այնքան ժամանակ, քանի դեռ կալանավորված չէ պատերազմի ու տղաների զոհվելու համար գլխավոր մեղավորը: Ինչպես իրենք են պնդում, գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։

168.am-ի հետ զրույցում պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, ասաց, որ մշտապես ասել է, երբ Նիկոլ Փաշինյանին ձերբակալեն, դրանից հետո բոլոր մեղավորներն ի հայտ կգան։

Կարդացեք նաև

«Եթե մեղադրանք է առաջադրվում Միքայել Արզումանյանին և Ջալալ Հարությունյանին, այդ դեպքում թող իրենք խոսեն և ասեն՝ իրենց ովքեր են համապատասխան հրամաններ տվել։

Մեր պահանջը չի մարում՝ առաջին մեղավորը, առաջին դեմքն է։ Թող քննությունն ընթանա, եթե իրենք մեղավոր են, ապա, բնականաբար, իրենք էլ պետք է պատասխան տան։ Մենք մեր խոսքում ասել ենք, որ միայն Նիկոլ Փաշինյանը չէ մեղավոր, մեղավոր են Ջալալ Հարությունյանը, Օնիկ Գասպարյանը, եթե վերևից սխալ հրաման է տրվել, ապա զինվորականները չպետք է ենթարկվեին, որովհետև խաղում են զինվորների կյանքի հետ։ Եթե ոչ պրոֆեսիոնալը հրաման է տալիս, համապատասխան գեներալները պետք է իրենք իրենցով որոշում կայացնեին, ճիշտ մարտավարությունից, իրավիճակից ելնելով, որպեսզի զինվորներին չտանեին մահվան բերան»,- նշեց Արա Ռոստոմյանը։

Ըստ նրա, Դատախազության մոտ իրենց բարձրացրած վերջին բողոքից հետո, որով պահանջում էին ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, արագ մի քանի հոգու բերեցին ու մեղադրանք առաջադրեցին, որպեսզի իրենց վրայից ինչ-որ ձևով ամեն ինչ մաքրեն։

«Մեր պահանջը մնում է նույնը՝ Նիկոլ Փաշինյանի ձերբակալումը, քանի որ ապրիլին նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ կարող էր այս ամենն անել, առանց զոհերի»,- հավելեց Արա Ռոստոմյանը։

Պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը գեներալներին դարձրել է քավության նոխազ՝ մաքրվելու համար։

«Կարծում եմ, եթե գեներալները խելքի չգան, մնան այն կարգավիճակում, ինչպես ես իրենց դիմում եմ՝ այսինքն՝ գենդերներ, ապա կդառնան քավության նոխազ։

Այս ամենը մեզ, իհարկե, չի գոհացնում, այդ մարդկանց պաշտոնական դիրքի չարաշահման համար են կալանավորել և մեղադրանք առաջադրել, նրանց մեղադրանք չի առաջադրվել դավաճանության համար։

Քննչական կոմիտեի ներկայիս նախագահն այն ժամանակ ԱԱԾ տնօրեն էր, դե, նա Աննա Հակոբյանի ու Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման ՔԿ նախագահն է եղել ու ԱԱԾ տնօրենը։ Միայն գեներալները չեն, կա Ալեն Սիմոնյանը, Աննա Հակոբյանը, վերջինս ինչ գործ ուներ բունկերում, Սամվել Բաբայանը, ինչո՞ւ նա չպետք է պատասխան տա, երկրի անվտանգության քարտուղարը չէ՞ր։ Բայց Նիկոլ Փաշինյանից պետք է սկսեն, որովհետև նրան մաքրելու համար այս գեներալներին և մյուսներին սարքելու են քավության նոխազ, բայց Նիկոլն այդ պիտակից չի մաքրվելու»,- նշեց Գարիկ Գալեյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս