ՔԿ հաղորդագրությունից հետո ՊՆ-ն կայքից հեռացրեց Ջալալ Հարությունյանի՝ ռազմական համալսարան այցի լուսանկարները
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ՌՈւՀ-երի շրջանավարտների ավարտական արարողությանը:
Պապիկյանի խոսնակ Արամ Թորոսյանն այս տեղեկությունը տարածել էր Ֆեյսբուքի և՛ իր անձնական էջով, և՛ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պաշտոնական էջով:
Հրապարակված լուսանկարների շարքում կային ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Ջալալ Հարությունյանի մասնակցության մասին վկայող լուսանկարներ, որոնք, սակայն, շատ արագ հեռացվեցին, երբ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ Ջալալ Հարությունյանին 2022թ. սեպտեմբերի 2-ին երկու դրվագով մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին), և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
Պաշտպանական գերատեսչության պաշտոնական կայքում չկա անգամ այն լուսանկարը, որտեղ Ջալալ Հարությունյանն աննշան է երևում, և առաջին պլանում Սուրեն Պապիկյանն է: