Տիգրան Սարգսյանը շարունակում է դիմադրել

Ինչպես արդեն նշել էինք, ռուսական «Օգոնյոկ» պարբերականն այսօր հրապարակել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցը։ Նախագահից ետ չի մնացել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը. նա հարցազրույց է տվել «Մոսկովսկիե Նովոստիին»՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտությանը, տնտեսությանը և այլ հարցերի։ Իհարկե, խոսք է գնացել նաև Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները տևական ժամանակ խուսանավում էին այս հարցում՝ նշելով, որ Հայաստանն ընդհանուր սահմաններ չունի Մաքսային միության անդամ երկրների, մասնավորապես, Ռուսաստանի հետ։

Այդ փաստարկին նախորդ տարվա վերջին անդրադարձել էր նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն՝ «Վեդոմոստիին» տված իր հարցազրույցում։  «Շատերին դա անհաղթահարելի խոչընդոտ էր թվում։ Սակայն իմ կարծիքով՝ այդպես չէ։ Չէ՞ որ ՌԴ կազմում գոյություն ունի էքսկլավ՝ Կալինինգրադը։ Հաղորդակցության միջոցների ներկայիս զարգացած մակարդակի պայմաններում նաև Մաքսային միությունը կարող է էքսկլավ ունենալ։ Իհարկե, Հայաստանը շատ զգայուն ենթակառուցվածքային սահմանափակումներ ունի. Մաքսային միություն տանող միակ միջանցքն անցնում է Վրաստանի տարածքով։ Սակայն Հայաստանի ռազմավարական հետաքրքրությունն ակնհայտ է և հանգում է նրան, որ Հայաստանը եվրասիական երկիր է։ Պետք է դիտարկել բոլոր հետաքրքիր ձևաչափերը։ Ընդհանրապես, աշխարհը փոխվում է, և կարող են հայտնվել գործակցության նոր մոդելներ, որոնք նախկինում չկային»,- ասել էր Խրիստենկոն (կամ որ նույնն է՝ պաշտոնական Մոսկվան)։

Փաստորեն, ՀՀ իշխանությունների այս փաստարկն այլևս չի աշխատում, և հարկավոր էր նոր փաստարկներ գտնել՝ Մաքսային միությունից հրաժարվելու համար։ Հայաստանի վարչապետը փորձել է դա անել իր հարցազրույցում։

«Խոսքը միայն ընդհանուր սահմանների բացակայության մասին չէ: Հայաստանի առանձնահատկությունը նաև այն է, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքը շատ է տարբերվում Մաքսային միության երկրների տնտեսությունների կառուցվածքից, որտեղ էներգետիկ ռեսուրսների զգալի պաշարներ կան, և որտեղ հայրենական արտադրությունը պաշտպանվում է բարձր մաքսավճարների օգնությամբ: Ընդհանուր առմամբ, Մաքսային միությունում մաքսերի մակարդակը երկու անգամ բարձր է Հայաստանում գանձվողից»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այդ պատճառով անհրաժեշտ է ՄՄ հետ փոխգործակցության նոր, ավելի արդյունավետ գործիքներ ու բանաձև գտնել։

Հանուն արդարության՝ նշենք, որ այս նոր փաստարկը համոզիչ է հնչում։ Այն հնչում է այսպես՝ մեզ մոտ ավելի լավ է, քան ձեզ մոտ. ինչո՞ւ ձեզ միանանք։ Իսկ դա շատ արդարացված և տեղին հարց է։ Մնում է սպասել, թե Վ. Խրիստենկոն կամ ՌԴ մեկ այլ պաշտոնյա ինչպես կփորձեն «ջրել» այս փաստարկը։ Փաստորեն, խաղը դեռ շարունակվում է, գնդակն էլ, ինչպես ասում են, Ռուսաստանի դաշտում է։

Տեսանյութեր

Լրահոս