Վիկտոր Խրիստենկոն՝ ընդդեմ Տիգրան Սարգսյանի
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն «Վեդոմոստի»-ին տված իր հարցազրույցում խոսել է Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության մասին, և, ըստ էության, սխալ է հանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին։
Հարցին, թե արդյոք Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան մաքսային միությանը միանալ ցանկացող այլ երկրներ կան, Խրիստենկոն պատասխանել է. «Վերջերս մենք Հայաստանի կառավարության հետ պայմանավորվել ենք, որ ուկրաինական հուշագրի պես հուշագիր կպատրաստենք։ Կարծում եմ, որ Հայաստանի դեպքում տեղաշարժն ավելի ինտենսիվ կլինի, քան Ուկրաինայի դեպքում»։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Հայաստանն ընդհանուր սահմաններ չունի մաքսային միության հետ, ապա Խրիստենկոն ասել է. «Շատերին դա անհաղթահարելի խոչընդոտ էր թվում։ Սակայն իմ կարծիքով՝ այդպես չէ։ Չէ՞ որ ՌԴ կազմում գոյություն ունի էքսկլավ՝ Կալինինգրադը։ Հաղորդակցության միջոցների ներկայիս զարգացած մակարդակի պայմաններում նաև մաքսային միությունը կարող է էքսկլավ ունենալ։ Իհարկե, Հայաստանըշ ատ զգայուն ենթակառուցվածքային սահմանափակումներ ունի. Մաքսային միություն տանող միակ միջանցքը անցնում է Վրաստանի տարածքով։ Սակայն Հայաստանի ռազմավարական հետաքրքրությունը ակնհայտ է և հանգում է նրան, որ Հայաստանը եվրասիական երկիր է։ Պետք է դիտարկել բոլոր հետաքրքիր ձևաչափերը։ Ընդհանրապես, աշխարհը փոխվում է, և կարող են հայտնվել գործակցության նոր մոդելներ, որոնք նախկինում չկային»։
Լրագրողի հարցին՝ թե ի՞նչ մոդելների մասին է նա ակնարկում, Խրիստենկոն ծիծաղելով պատասխանել է՝ դեռ միայն ակնարկում եմ, կապրենք՝ կտեսնենք։
Հիշեցնենք, որ ընդհանուր սահմանի բացակայության փաստարկը բավական հաճախ բերում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մոտ մեկ ամիս առաջ «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում լրագրողը վարչապետին հարցրել է, թե ի՞նչ դիրքորոշում ունի Մաքսային միության և Եվրասիական միության հարցում։ Եվ արդյո՞ք Հայաստանը դիտարկում է այդ կառույցներին անդամակցելու հնարավորությունը։
«Հայաստանը հայտարարել է, որ հետաքրքրված է ԱՊՀ-ի և ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներով։ Մեր երկրների նախագահները վերջին հանդիպման ժամանակ անդրադարձան այդ հարցին, և Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ ճիշտ նկատեց, որ Հայաստանն առանձնահատկություն ունի՝ չկա ընդհանուր սահման և ԵվրԱզԷՍ-ի, և մաքսային միության հետ։ Համաշխարհային պրակտիկայում չկա այդպիսի օրինակ, որ երկիրը, ընդհանուր սահման չունենալով, Մաքսային միության մաս կազմի։ Այդ իսկ պատճառով նախագահների հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Մեր կողմից այդ խումբը գլխավորում է էկոնոմիկայի նախարարը, Ռուսաստանի կողմից նույնպես նշանակվել է համապատասխան նախարար։ Աշխատանքային խումբը պետք է գործիքներ մշակի, որոնք թույլ կտային խթանել ինտեգրացիոն գործընթացները՝ հաշվի առնելով այդ առանձնահատկությունները»,- ասել էր վարչապետը։