Իշխանության նպատակն է՝ հաճոյանալ թուրքական կողմին՝ Ադրբեջանին և Թուրքիային, միակ լուծումը նրանց հեռացումն է. Վաչե Բրուտյան

Օրեր շարունակ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի ու միջազգային լրատվամիջոցների քննարկումների ծիրում են սփյուռքահայ գործիչներ Մուրադ Փափազյանի, Սյունե Աբրահամյանի, Մասիս Աբրահամյանի՝ Հայաստան մուտք գործելն արգելող իշխանությունների որոշումները:

Պաշտոնական պատճառաբանություններն ու հիմնավորումները չեն գոհացնում հանրային ու քաղաքական տարբեր շրջանակների. շատերն այս դրվագները որակում են որպես քաղաքական հետապնդում՝ զուգահեռներ անցկացնելով շուրջ 30 տարի առաջ Հայաստանից Հրայր Մարուխյանի արտաքսման սկանդալի հետ:

Սփյուռքահայ մամուլի գործիչ, հրապարակախոս և վերլուծաբան Վաչե Բրուտյանը 168.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ շուրջ երեսուն տարի առաջ գործադրված արգելքը չէր առնչվել միայն Հրայր Մարուխյանին. մամուլում այդ ժամանակ հրապարակվել էր 32 անունների ցանկ, որոնց մուտքը ՀՀ արգելված էր Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության մեկ որոշումով:

Անդրադառնալով այսօրվա իրավիճակին, ՀՀ մուտքի արգելքների նոր դրվագներին՝ սփյուռքահայ գործիչը շեշտեց.

Կարդացեք նաև

«Այս արգելքներն իշխանությունների վարած աննորմալ, անբնական քաղաքականության բնական հետևանքն են: Հայաստանի, հայության ընդհանրական շահերից չի բխում սա. ընդհակառակը՝ կարծեք իշխանության նպատակն է հաճոյանալ թուրքական կողմին՝ Ադրբեջանին և Թուրքիային»:

Հրապարակախոսը խաղաղության օրակարգերի մասին մեր հարցադրումներին ի պատասխան՝ նկատեց, որ դրանք նոր չեն, քանի որ Թուրքիան պարբերաբար դաշտ էր նետում այդ թեզերը՝ առաջարկելով Հայկական հարցն ու Ցեղասպանությանը թողնելու պատմաբաններին: Այս համատեքստում նա նաև հիշեցրեց այդպիսի առաջարկով 2005թ. Թուրքիայի վարչապետ Էրդողանի նամակը Հայաստանի նախագահ Ռոբերտը Քոչարյանին, և Հայաստանի նախագահի պատասխանը, որով նա շեշտել էր՝ «անցյալին անդրադառնալու առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե այն չի անդրադառնում ներկային ու ապագային»։

«Այս կեղծ խաղաղության օրակարգը, որը դաշտ է նետված, այլ բան չէ, եթե ոչ՝ Հայկական հարցի, հայ-թուրքական դարավոր կնճիռի վերջնական չեզոքացում և թրքանպաստ լուծում,- ասաց Վաչե Բրուտյանը՝ պարզաբանելով, որ նման թեզերը ազգին առաջնորդում են նոր պարտության,- Արսենթորոսյանները, որ իրենց գլխից մեծ վերլուծումներ են անում, նպատակ ունեն իրենց այս քաղաքականության իբրև թե գաղափարական հիմքերը բացատրել հանրությանը՝ ամբոխահաճո ձևով, որի մեջ, սակայն, չկա ազգային շահի գիտակցություն: Տեսանք, թե նույնիսկ նոյեմբերի 9-ից հետո անդադար խաղաղության մասին խոսելով՝ մեր երկիրն ուր հասցրին. յուրաքանչյուր օր, որ այս իշխանությունները մնում են պետության ղեկին, Հայաստանն ու հայությունը ենթարկվում են նորանոր զիջումների: Իշխանությունների անուղղակի պարտադրանքով նաև հազար ու մի ձևով փորձում են հրապարակային տեղեկատվական դաշտն աղբով լցնել, որպեսզի շեղեն հայկական հանրային կարծիքը, ու այդ քաոսում իրենք կարողանան իրենց քաղաքականությունն առաջ տանել»:

Դիտարկմանը, թե հետպատերազմական իրավիճակում, այդուհանդերձ, նաև միջազգային հանրությունն է ակնկալում բարիդրացիական հարաբերությունների հաստատում տարածաշրջանում, և հարցադրումին՝ թե այս պարագայում ինչպե՞ս պետք է առաջնորդվեն իշխանությունները, որպեսզի չսպասարկեն կեղծ խաղաղության օրակարգեր, մեր զրուցակիցն արձագանքեց.

«Նախ որևէ խելամիտ իշխանություն, որը կստորագրեր նոյեմբերի 9-ի հայտարարությունը, դրանից անմիջապես հետո պետք է հրաժարվեր, որպեսզի իր տեղը գային այնպիսի ուժեր, որոնք ի վիճակի էին երկիրը ոտքի կանգնեցնելու: Հաշտ ու խաղաղ ապրելը չի ենթադրում իրավազրկում. պատկերացրեք՝ գան իմ տան կեսը գրավեն, և ես իրենց ասեմ, որ՝ լավ, ես ձեզ հետ ուզում եմ հաշտ ու խաղաղ ապրել: Մենք հիմա գտնվում ենք այս իրողության մեջ:

Հայաստանի այս իշխանությունները՝ փոխանակ ամրապնդելու մեր պետությունը, պետական կառույցները, բանակը, ազգային ներքին համերաշխությունը, համախմբելու մարդկային ռեսուրսները, գնում են նման կեղծ օրակարգերի հետևից, որոնք միայն նորանոր աղետներ պետք է բերեն մեզ: Նոյեմբերի 9-ին հաջորդող ցույցերի, բողոքի ակցիաների ժամանակ ևս հաճախ էր կրկնվում միտքը, որ այս իշխանությունների ամեն օրը մեզ նորանոր աղետներ է բերում, և ժամ առաջ պետք է ձերաբազատվել: Ու տեսեք՝ այդ օրից մինչ օրս ինչեր եղան՝ Իշխանասար, Գորիս-Կապան ճանապարհ, Սև լիճ… և դրանց ուղեկցող այլանդակ հայտարարություններ՝ ինչպես, օրինակ, թե բանակը ժողովուրդը պաշտպանելու համար է, թե՝ գագաթներին, որտեղ տարվա կեսը ձյունապատ են, ինչների՞ս է պետք զինվոր, դեռ չեմ խոսում՝ «դժգույն ու դժբախտ Շուշի» արտահայտության մասին:

Միջազգային ուժերն էլ շահագրգռված են այն չափով, որ կարողանան այս քաղաքականությունն օգտագործել՝ ռուսական ազդեցության գոտին Կովկասում սահմանափակելու համար. Բրյուսելում կամ Վաշինգտոնում ո՞ւմ է պետք, թե Արցախում ինչքան մարդ է ապրում, Արցախում ովքեր են ապրում, Արցախը հայկակա՞ն է, թե՞ ադրբեջանական: Սրանք բոլորն իրենց համար մանրադրամներ են, որպեսզի կարողանան Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղել: Այս կետի վրա են նույնանում ԵՄ, ԱՄՆ և թուրքական տանդեմի շահերը, և այս իշխանությունները մեծ սիրով պատրաստ են սպասարկելու այս օտար քաղաքականությունը՝ այն պայմանով, որ իրենք մնան իշխանության վրա (ըստ երևույթին, իրենց տրվել են երաշխիքներ)»:

Վաչե Բրուտյանին չի զարմացնի, եթե գործող իշխող ուժը նաև իր Հայաստան մուտքը արգելի, քանի որ, ըստ նրա, ՀՀ իշխանությունների քայլերում չկա որևէ տրամաբանություն:

«Իրականում մեկ հոգու կամքն է, և մեր ամբողջ իրավապահ համակարգը՝ անվտանգություն, ոստիկանություն, դատախազություն, դատական համակարգի վերին էշելոններ (լավ կհիշեք, թե Գագիկ Ջհանգիրյանին ինչու և ինչպես բերեցին), մեկ անձի քմահաճույքը, կիսամոլագար փափագներն իրակագործելու համար են»,- հավելեց նա:

Սփյուռքահայ գործիչը նշեց՝ այս իրավիճակից ելքն իշխանությունների հեռացումն է:

«Ցանկալի է, որ այդ հեռացումը տեղի ունենա անարյուն, ժողովրդական ճնշման ալիքի տակ, որովհետև այս իշխանություններն ամեն օր՝ իրենց իշխանության գալուց ի վեր, տեսնում ենք՝ ինչպիսի արհամարհանք ունեն օրենքի և օրինականության նկատմամբ՝ նույնիսկ ՀՀ Սահմանադրության նկատամամբ»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս