«Վարչապետի այն խոսքը, թե սա Սփյուռքի հարցն է եղել, ճիշտ այն է, ինչ թուրքերն ուզում են․ նրանց նպատակն է, որ բաժանեն Հայաստանը Սփյուռքից»

Հայաստանի իշխանությունները չե՞ն խոսում ողջ հայության անունից Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացում, ինչպես օրերս հավաստել է Նիկոլ Փաշինյանը, երաշխիքներ չկան, թե Թուրքիան ապագայում առաջ չի քաշի իր նախապայմանները։

Բայց սա միակ «անկեղծացումը» չէր Փաշինյանի կողմից․ նա նաև հասկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը մանդատ չի ստանձնում հայ-թուրքական հարաբերություններում խոսել նաև հայկական Սփյուռքի անունից։

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանը հրաժարվի Հայ դատից և, ընդհանրապես, սառեցնի համահայկական օրակարգի թեմաները՝ ընդառաջելով թուրքական նախապայմաններին, պատրա՞ստ է արդյոք Հայաստանը ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և Կարսի պայմանագրով հաստատված սահմանները, Նիկոլ Փաշինյանն ասել է․

«Գիտեք՝ հարցեր կան, որոնք իսկապես շատ տարօրինակ են. ինչո՞ւ, որովհետև ՀՀ-ն երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել, երբե՛ք: Ավելին՝ օրինակ, 2005թ․ Ռոբերտ Քոչարյանը հրապարակային հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ և տարածքային հավակնություններ չունի:

Եվ, ըստ էության, այս հայտարարությանը հղում է արել նաև Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ Հայ դատը երբեք ՀՀ քաղաքականություն չի եղել, և ՀՀ-ն երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել: Դուք չեք գտնի ՀՀ ոչ մի ղեկավար կամ կառավարություն, որը կասկածի տակ է դրել Հայաստան-Թուրքիա սահմանը: Եվ մենք էս քաղաքականությունից չենք հրաժարվել:

Երկրորդ խնդիրը Ցեղասպանության ճանաչման խնդիրն է, որի վերաբերյալ մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք Կառավարության ծրագրում: Եվ, իմիջիայլոց, էդ էլ եմ ուզում արձանագրել, որ, այնուամենայնիվ, պիտի արձանագրենք, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը… ի վերջո, պետք ա խոստովանել, որ էդ գործընթացի լոկոմոտիվը, շարժիչ ուժը միշտ էլ եղել է Սփյուռքը և Սփյուռքի կազմակերպությունները»:

Որտե՞ղ են Քոչարյանի ու Սարգսյանի դիրքորոշման մասին Փաշինյանի հավաստիացումների աղբյուրները թե 2005թ․ Ռոբերտ Քոչարյանի ո՞ր հայտարարությանն է հղում տալիս Նիկոլ Փաշինյանը՝ հասկանալի չէ, քանի որ 2005թ․ հանրայնացվել էր ՀՀ երկրորդ Նախագահի նամակը՝ ուղղված Թուրքիայի վարչապետ Էրդողանին, որում նա հստակ նշում է․

«Աշխարհում, մասնավորապես եվրոպական մայրցամաքում կան հարևան երկրներ, որոնք ունեցել են դժվարին անցյալ, ինչի վերաբերյալ տարակարծիք են, սակայն դա նրանց չի խանգարում ունենալ բաց սահմաններ, նորմալ հարաբերություններ, դիվանագիտական կապեր, ներկայացուցիչներ միմյանց մայրաքաղաքներում ու այդ բոլորով հանդերձ՝ զուգահեռաբար քննարկել վիճելի հարցերը: Անցյալին անդրադառնալու Ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե այն չի անդրադառնում ներկային ու ապագային»։

Ինչ վերաբերում է արդեն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից տարածքային պահանջներ չունենալու մասին հայտարարություններին՝ բավական է հիշեցնել 2009-ի հոկտեմբերի 10-ին՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման Սերժ Սարգսյանի արած ուղերձը, որում նա, մասնավորապես, վստահեցնում է․ «Ցանկացած հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը: Այն հայտնի փաստ է և պետք է ճանաչվի ու դատապարտվի ողջ առաջադեմ մարդկության կողմից: Միջկառավարական հանձնաժողովի համապատասխան ենթահանձնաժողովը պատմաբանների հանձնաժողով չէ։ Հայաստանի և Թուրքիայի միջև առկա սահմանների հարցը ենթակա է լուծման միջազգային իրավունքի համաձայն: Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում»:

Գուցե Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր հղում տալ 2001թ․ CNN Turk-ի լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդիին տված Ռոբերտ Քոչարյանի աղմկահարույց հարցազրույցի՞ն․ բայց նման ուղիղ ձևակերպումներ այդտեղ ևս չեք գտնի, և հետո, իշխանություններում կգտնվեն մարդիկ, որոնք կվկայեն՝ այդ հարցազրույցն անցկացվել է թարգմանչական խնդիրներով․ համենայն դեպս, այդ հարցազրույցին ծանոթ մարդիկ այդպես են հիշում։

Այս արձանագրումների ու թեմայի այլ մանրամասների մասին 168.am-ը զրուցել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի և «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հետ։

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը թյուր չհամարեց վարչապետի դիտարկումը Ցեղասպանության հարցում Սփյուռքի լոկոմոտիվ լինելու մասին՝ նկատելով, որ այդ հարցում կա նաև նախորդ բոլոր իշխանությունների մեղքի բաժինը, որոնք ոչ միշտ են այդ հարցում նախաձեռնողականություն ցուցաբերել։ Թուրքագետը, այդուհանդերձ, արձանագրեց՝ Փաշինյանն այս հայտարարություններով այլ խնդիրներ է ուզում լուծել․ «Նախ ցանկանում է Հայաստան-Սփյուռք կապը թուլացնի․ տարանջատում դնել Հայաստանի և Սփյուռքի միջև՝ կարծեք թե Հայաստանն իսկապես որևէ անելիք չունի այստեղ, և այս խնդրով պետք է Սփյուռքը զբաղվի։ Հետո՝ նշելով, որ մինչ օրս մենք հողային պահանջատիրություն չենք ունեցել և այդ քաղաքականությունը շարունակելու ենք՝ նա ցանկանում է ասել, որ Թուրքիայից հողային պահանջատիրություն չենք ունենալու»։

Տիրան Լոքմագյոզյանից հետաքրքրվեցինք, թե ո՞րը պետք է լինի Սփյուռքի անելիքը՝ այս պարագայում, երբ փաստացի հնարավորություն չի ստանում իր կարծիքն արտահայտել, նա նախ, ի պատասխան, արձանագրեց, որ այս իշխանությունների քայլերը միտված են ազգի պառակտմանը։

«Մի կողմից՝ ղարաբաղցի, մի կողմից՝ Սփյուռք, անգամ Հայաստանը բաժանվում է երևանցու և սյունեցու միջև, և այլն․․․ Սա այս իշխանության քաղաքականությունն է, որին շատ անգամներ անդրադարձել ենք։

Իհարկե, Սփյուռքն էլ պետք է այս խնդրի հետ կապված իր խոսքն ունենա, պետք է պատասխանի՝ Ցեղասպանության խնդիրը միայն Սփյուռքի՞ հարցն է արդյոք։ Անգամ եթե այդպես լիներ, այդ ժամանակ նորից պետք է ՀՀ-ն՝ որպես միակ պետություն հայ ազգի, պաշտպաներ իր ազգակիցների շահերը՝ ինչպես Թուրքիան է անում տարիների շարունակ՝ Սիրիայում, Իրաքում կամ այլ տեղերում։

Մյուս կողմից՝ չպետք է մոռանանք, որ այսօրվա Հայաստանի բնակչության մեծ մասը՝ կրկին Ցեղասպանության հետևանքով Արևելահայաստան փախած մարդկանց սերունդներն են։ Փողոց դուրս եկեք և հարցրեք մարդկանց՝ նախնիները կա՛մ վանեցի են, կա՛մ մշեցի են, կա՛մ ղարսեցի են, և այլն․․․»։

Այս հիշեցումով մեր զրույցը սկսեց նաև ամերիկահայ գործիչ, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը։

«Ասում ենք, որ Ցեղասպանությունը Սփյուռքի հետ է առնչվում՝ մոռանալով, որ Հայաստանի ներկայիս ժողովրդի մեկ երրորդը Ցեղասպանությունից մազապուրծ և Հայաստանում ապաստանածների ժառանգներն են։ Այսպիսով, Ցեղասպանությունը միայն Սփյուռքի հարցը չէ։ Այստեղ պետք չէ զանազանել Սփյուռք-Հայաստան․ բոլորս էլ հայ ենք, բոլորս էլ մեկ ժողովուրդ ենք։ Եվ վարչապետի այն խոսքը, թե սա Սփյուռքի հարցն է եղել, ճիշտ այն է, ինչ թուրքերն ուզում են․ նրանց նպատակն է, որ բաժանեն Հայաստանը Սփյուռքից։ Եվ այն, ինչ անում է Փաշինյանը, ճիշտ թուրքերի ուզածն է անում։ Հիշում եք՝ Էրդողանի խորհրդականը՝ Իբրահիմ Քալընը, երբ դեկտեմբերի 27-ին Չիկագոյում էր, ասել է՝ մենք որ հաշտվենք Հայաստանի հետ, Ամերիկայի հայկական լոբբին կործանվելու է»։

Հարութ Սասունյանը զարմանքով է արձանագրում, որ թեև Թուրքիան բացեիբաց ասում է իր նպատակների մասին, սակայն հայաստանյան իշխանությունների կողմից դա անտեսվում է։ Նրա գնահատմամբ՝ «վարչապետը խրամատ է բացում Հայաստանի ժողովրդի ու Սփյուռքի հայության միջև»։

Արձագանքելով մեր դիտարկմանը, թե Փաշինյանն ամեն ինչ հիմնավորում է «նախկինների» դիրքորոշմամբ, այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը 2009թ․ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ խորհրդակցություններ նախաձեռնեց Սփյուռքի գաղթօջախներում, ամերիկահայ գործիչը մի քանի դրվագների անդրադարձավ։

«Նախ ասեմ, որ վարչապետն օգտագործում է «Հայ դատ» բառակապակցությունը կամ  եզրը․ եթե մի անհատ վարչապետին հարցնի՝ ի՞նչ է նշանակում՝ Հայ դատ, վստահ եմ, որ վարչապետը չգիտի՝ ինչի մասին է խոսում։ Այդ Հայ դատի մեջ շատ բաներ կան՝ ո՞ր մեկն ինքը նկատի ունի։ Հայ դատը հայ ժողովրդի շահերը հետապնդելու նպատակն է՝ Ցեղասպանության ճանաչում, հատուցում, հողերի վերադարձ։ Երկրորդ՝ երբ վարչապետն ասում է, որ նախկիններն էլ չեն ունեցել հողային պահանջ, չեն որդեգրել Հայ դատը՝ որպես պետական կեցվածք, դա էլ սխալ է»,- ասաց նա և ներկայացրեց թուրք թղթակցի հետ Երկրորդ նախագահի հայտնի հարցազրույցի մի քանի մանրամասներ, մասնավորապես՝ «նախագահը հայերեն էր խոսել, թարգմանել էին անգլերենի, որպեսզի թուրք լրագրողը հասկանա, և հետո՝ անգլերենից թուրքերենի»։

«Ես այդ ժամանակ կարդացի այդ հարցազրույցը․ այդտեղ իբրև թե Քոչարյանն ասել էր՝ մենք հողային պահանջ չունենք Թուրքիայից։ Երբ ես Քոչարյանից հարցրի՝ նման բան ասե՞լ է, ասաց՝ ո՛չ, չեմ ասել այդպիսի բան․ թուրքերը խեղաթյուրել են։ Եվ այդ ժամանակ այդ մասին անդրադարձա, գրեցի՝ բացահայտելով, թե իրականում ինչ է եղել, որ թուրքերն ինչպես միշտ՝ ամեն ինչ խեղաթյուրում են իրենց թերթերում։

Փաշինյանն ինքը գուցե կարդացել է այդ թուրքական-խեղաթյուրված տարբերակը և դրա համար է ասում՝ չէ՛, նախկիններն էլ էսպես էին»,- պատմեց Հարութ Սասունյանը։

Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած հայտարարությունները, սակայն, ընդհանուր առմամբ, չեն զարմացրել սփյուռքահայ հրապարակախոսին։

«Երեքուկես տարի է՝ վարչապետը ոչ մեկի չի լսում, ոչ մեկի հետ չի խորհրդակցում․ ինչ որ մտքին գալիս է, ասում է՝ առանց խորհրդակցելու, ուսումնասիրելու, առանց հարցնելու։ Ինքը միանձնյա ամեն ինչ որոշում է, և դա է հետևանքը։ Եթե այլ երկրների նախագահները մի հայտարարություն պետք է անեն, նախօրոք խորհրդակցում են իրենց խորհրդականների, օգնականների հետ, նույնիսկ փորձեր են անում, բայց Փաշինյանը որևէ խորհրդական չունի, որ հասկանում է այս հարցերը, և եթե լինի էլ մի մարդ, որ հասկանում է, ինքը չի լսում։ Երբ ասում եք՝ Սփյուռքին չի հարցրել ինքը, մինչդեռ Սերժ Սարգսյանը Սփյուռք էր այցելել, խորհրդակցել, իմ պատասխանն այն է, որ մոռացեք՝ Սփյուռքի հետ Փաշինյանը չի խորհրդակցում, ինքը նույնիսկ չի խորհրդակցում իր կուսակցության ղեկավարների հետ, իր խորհրդականների, նախարարների հետ։ Ինքը դարձել է թե՛ վարչապետ, թե՛ արտգործնախարար, թե՛ ԱԺ նախագահ, թե՛ ՀՀ նախագահ»,- եզրափակեց Հարութ Սասունյանը։

Տեսանյութեր

Լրահոս