«Հովեր» երգչախումբը համերգով հանդես կգա Գերմանիայում
Հուլիսի 29-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հովեր» պետական կամերային երգչախումբը համերգով հանդես կգա Գերմանիայում՝ Մյունխենում (Allerheiligen Hofkircheum)։
«Առ քո թևերին, տար ինձ ժամանակ» խորագիրը կրող համերգի շրջանակներում նշանավորվելու է Հայաստան-Գերմանիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ինչպես նաեւ «Հովեր» պետական կամերային երգչախմբի հիմնադրման եւ գործունեության 30-ամյակը։
Ծրագիրն ընդգրկում է հայկական և արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ (Կոմիտաս, Ա. Ոսկանյան, Է. Հովհաննիսյան,Դ. Հալաջյան, Վ. Շարաֆյան, Ք. Պենդերեցկի, Վ. Բուխենբերգ, Ա. Պյարտ, Մ. Շաֆեր և այլք)։ Համերգը կղեկավարի Նարինե Ոսկանյանը, դաշնակահար՝ Շահանե Աղաքարյան։
Համերգն իրականացվում է Բավարիա-Հայաստան, Գերմանիա-Հայաստան միջմշակութային կապի ամրապնդման հեռանկարային ծրագրերի զարգացման նպատակով։ «Հովեր» պետական կամերային երգչախումբն իր գործունեության 30 տարիների ընթացքում շուրջ 15 համերգով է հանդես եկել Գերմանիայի դաշնային հանրապետությունում։ Մյունխենում երգչախումբը հանդես է գալիս երկրորդ անգամ։
Համերգը նախաձեռնել եւ իրականացնում է EUROPAMUSICALE մշակութային հիմնադրամը։ Աջակցությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԳԴՀ Բավարիա երկրամասի գիտության և արվեստի նախարարության, Բավարիայում ՀՀ պատվավոր հյուպատոս տիկին Քրիստինե Զասսեի։ Համերգի կայացմանը նպաստել են Գերմանիայի դաշնային հանրապետությունում ՀՀ դեսպանությանը, ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։